Քաղաքաշինություն և հանքարդյունաբերություն: Այլ կերպ` քաղաքային միջավայրի գլոբալ բռնաբարությունը հաղթական ավարտին հասցնելը և հանքերով, հետո դարձյալ հանքերով երկրիս ընդերքի հարստահանումը վերջնականացնելը` այս ու հետ, և այս ու հետ` սերնդե-սերունդ, ամեն:
Սերժա-Ռոբա-եղծ (ստեղծ-եղծ) տնտեսական մոդելը` տնտեսության ծաղրը, ազգային ողբերգությունը` կապիտալ ներդրումներ` քաղաքաշինություն և կապիտալ ներդրումներ` հանքարդյունաբերություն:
Քաղաքաշինության դեպքում իշխանությունը` նույն ինքը մաֆիան, լափում էր արդեն ներդրումից սկսած, լափելն ավարտում պատրաստի գույքի վաճառքի ժամանակ, հանքարդյունաբերության դեպքում` ներդրումից էդքան չէին լափում, բայց հանքանյութը երկրից արտահոսում էր, հանքանյութի վաճառքի փողը երկիր չէր գալիս. ողորմելի երկրին ու նրա ողորմելի ժողովրդին բավական են բյուջե մտնող իբր հարկերը հանքարդյունահանման իբր իրական իբր ծավալներից: Ահա ձեզ անարյուն ու չկրակող Սերժ` երկրի արյունն ու ավյունը երկրից պոմպահանող Սերժ ու իր գլխին փլված, ավերակ երկիր: Արդյունքը` հեղափոխություն:
Դիցուք, հանուն կապիտալի փրկության և հարատևման` մաֆիան ու սերժը, նույն իրենք` կապիտալ «շինարարներն» ու «հանքագործները», այն ժամանակավորապես, այսպես ասած, երկրի հետ միասին ի պահ են հանձնել իրենց հեղաշրջած հեղափոխականներին` Նիկոլին: Այսինքն՝ երկիրն ի պահ են հանձնել` այդպես են կարծում, այդպես հույս ունեն իրենք, իսկ մնացածը` կապիտալը պահել են իրենց: Եվ, դիցուք, այդ կապիտալին պահակ են կարգել Ավինյան Տիկոյին և Մարության Հայկոյին: Մաֆիան շատ լավ է գիտակցել, որ երկու տարում հեղափոխական կառավարությունը էապես լուրջ արդյունքների չի հանգի ԻՐԵՆՑ ավերած տնտեսությունը ոտքի հանելու գործում, ուստի Նիկոլի հույսը այդ նույն երկու ոլորտն են մնալու: Իրենցից ավելի էլ ով կարող էր երկրի տնտեսապես ու ֆինանսապես ոչնչացվածության չափն ու թշվառությունը պատկերացնել: Իսկ հետո մաֆիան ոգևորվել է Նիկոլի` անցած երկու տարում տնտեսական ու քաղաքական որոշակի ձախողումներից, տնտեսա-ֆինանսական բլոկի Նիկոլի կադրերի փայլատակումներից, ապա և գոտեպնդվել է կորոնավիրուսով, կատաղել` ապօրինի գույքի բռնագրավման մասին օրենքը ընդունելու հանգամանքից և արդեն բացահայտ հակագրոհի անցել` խփելու պահն է:
Իհարկե Տիկոյով ու Հայկով չի սկսվում ու ավարտվում մաֆիա-պետություն բուֆերային համակարգը, բայց նրանք երևելիներն են ու, այսպես ասած, նյութական պատասխանատվություն են կրում: Կան էլի մի քանի տասնյակ, գուցե և մի քանի հարյուր, կամ հազար մարդիկ: Իզուր չէ, վերջապես, որ Մեսչյան Արթուրը նախօրեին «տղերքին» վրա քշելիս, աղաղակեց` տասը հազար շինարար:
Սերժին ու ՀՀԿ-ին` մաֆիային 2018-ին, երբ իշխանության լուծ-լծակից զարմանալիորեն անարյուն կերպով ճամփու դրեցինք, այնպես, որ ինքներս էլ չհավատացինք` ինչպես, ժողովրդական իմաստնությունը, գուցե միշիկ-մեդիայի հուշմամբ` շրջանառեց չկրակող-չսպանող Սերժի թեզիսը: Դա առավել արդիական էր հատկապես Նիկոլի հետ հանդիպման ժամանակ Սերժի հնչեցրած սպառնալիքից ու դրան հաջորդած Նիկոլի և հեղափոխության մի քանի առաջնորդների ոստիկանական անհետացումից հետո: Այդ ամենին սակայն հաջորդեց Սերժի հրաժարականն ու անհետացածների վերադարձը: Ուստի և ժողովրդական իմաստնությունն ու միշիկ-մեդիան եզրահանգեցին:
Հեղափոխությունը հաղթեց: Անշուշտ (կասեր Սերժ Ազատիչը) անտեսվել էին աշխարհաքաղաքական, ներհայաստանյան լրջագույն և սպառնալի չափերի հասած մի շարք գործոններ, որոնք էլ հենց հանգեցրին Հայաստանում կառավարման անտանելի ճգնաժամին և դրա այդպիսի հանգուցալուծմանը: Բայց դե` փաստ էր. արյուն գրեթե չէր թափվել, մարդ հաստատ չէր սպանվել և որոշ կարծիքներով` ՀՀ նորագույն ժամանակներիս մեծագույն հաջողակ խառնակիչը` ազատիչը, հեռացել էր:
Հիմա, երբ Հայաստանս, մասնավորապես` մայրաքաղաքս, բարոյա-ֆինանսական տգեղ բախումների մեջ և շուրջ է հայտնվել դարիս ամենասպիտակ ու ամենաբացակա քաղաքապետի և նրա հետ զուգերգող, ՀՀ կրթության ու հատկապես մշակույթի գործիչների միահամուռ ջանքով արդեն սրբադասված նախարարի ֆոնին` ժամանակն է հասկանալ, որ չկրակելու և հերթական Ռուբիկոնը չհատելու մաֆիայի համար մեկ պատճառը մոտ ապագայում բացարձակապես ու ամբողջովին չէքսպրոպրիացվելն է եղել` ունեցվածքից լրիվ չզրկվելը: Գիտեին` գնալու են, ասված էր` պիտի գնային, բայց պետք էր ունեցվածքը չկորցնելու փորձ անել:
Ինչ էլ ասեք` աղբի հետ պայքարում հաղթելուց հետո չէ, որ Հայկոն վաստակած հանգստի գնաց` շունչ առնելու և չի երևում: Ոչ էլ սպիտակ փոշու մեջ թաթախումից է խոնջանում պարբերաբար` ինչպես միշիկ մեդիան ու նրա ցանցային մարկետինգը որպես վերահսկիչ լծակ` տարածում են: Ուղղակի, կարծում եմ, Հայկոյին այդ դերն է վերապահված` ոչինչ չանելը, չերևալը, տապալելը: Եվ բացառապես քաղաքաշինության ոլորտում մեկը մեկից անհեթեթ ու փուչ, մեկը մյուսից ամպագորգոռ ու գեշ, հանրայնորեն ԻԲՐ քննարկվող գաղափարներ` կանցնեն` կանցնեն, կտապալվեն` արդար է: Իսկ տակից` անցյալի պոչերը, անցյալի մեքենայությունները շարունակվում են` Ֆիրդուսու թաղամաս, Հին Երևան առևտրի կենտրոն, շենքեր` այստեղ, շենքեր` այնտեղ: Իսկ տակից` տպարանի շենք ու մնջախաղի թատրոն: Իսկ տակից` բացարձակապես կաթվածահար վարչարարություն, արագ-արագ ինչ-որ շինթույլտվություններ, մութ պատմություններ փողերի ու վերցնելու մասին` ՎԱՐ-ԿԱ-ԲԵ-ԿՈՒՄ:
Իսկ… նկատել ե՞ք, որ զում-խոհանոցում նստած Միշիկը ամեն ինչից բամբասում է, բացի քաղաքաշինությունից ու հանքարդյունաբերությունից:
Հիմա էլի՞ բացատրեմ, թե մեր սպիտակ Հայկոն ինչու էլ լռում. իր դերն է այդպիսին: ԲԱՅՑ պետք եղավ` իրեն էլ փուռը կտան` ըստ դերի: Իսկ առայժմ ազգի սիրեցյալը և ճարտարահան-երգապետ, չէ, կներեք, երգաճարտ-հանապետ Мещaн-ը, նյարդայնանում ու վրա է քշում ինչ-որ «տղերքի», նրանց մեղադրում սաբոտաժի մեջ և հանուն միշիկի-սերժիկի-ռոբիկի` անկեղծանում` քաղաքաշինությունը քաղաքը շինելն է, շինել` թողնելը` քաղաքաշինությունը` բիզնես է: Мещaн-ին դա Բոսթոն-Մասաչուսեթս-Գլենդեյլ Հիլլզ-Քյալըֆորնիա-ԱՄՆ գծի վրա են սովորեցրել ու ճամփու դրել: Նա եռակի հայրենիք հայրենադարձված տղա է և օր ծերության պարզ ու հանճարեղ բան է հասկացել` ճարտարապետը մարկետոլոգ է:
Ու ես հասկանում եմ Միշիկի ու Հայկոյի ցինիզմը իրենք իրենց, միմյանց, Նիկոլի, հեղափոխության, ժողովրդի ու հայրենիքի հանդեպ` փողից երես առնելը ուրիիիշ մի կայֆ է: Բայց պետք է իդիոտ լինել` չհասկանալու համար, որ ՓիԱր նկատառումներով ԱՄՆ-ից բերած ժողովրդի մի մասի սիրեցյալին այսպես լկտիաբար վարկաբեկելը աններելի է: Նա, ասենք, դմբո է, պրիմիտիվ է, պոռթկուն է, գործից բան չի հասկանում: Բայց դուք նրան առաջին պլան եք նետում, ինքներդ նենգաբար ստվեր քաշվո՞ւմ, արա: Բա ձեր լոշտերն իր հետևում ու նարեկի լոշտերը, ու սերժի լոշտերը ձեր հետևում ու ռոբի լոշտերը… Շուտ վառվեցիք: Գիտե՞ք խի: Ցինիկ էիք: Լպիրշ: Ու ոչ պակաս պրիմիտիվ:
Ու էն որ ձեր կամ ձերպես ու ձեր « հին» թիմից մեկի քաղաքաշինական այլանդակ արգասիքը` գլենդԷլ հիլզ է կոչվել ու դրա դրածո տերը հետո Ֆիրդուսու թաղամասն է առել տասնյակ դրածո, բայց տարոնական ու արևմտահայկական` պահանջատեր ֆիրմաների անուններով, դարձյալ ոչ այլինչ է` քան լպիրշություն ու ցինիզմ: Սնանկ, մոգոնված ինտերֆեյս-անվանում` գլենդԷլ հիլզ, և մայրաքաղաքը շինող տասնյակ հայրենաբաղձ անվանումներ` մեկ սեփականատերով, որի իրական անունը թաքուն է, ու ոչ ոք ոչ մեկի չի ասում… Անարտաբերելի անուն… Հերի Փոթըրին հիշեցի, «տղերք», անկեղծ եղեք` հո Վոլդեմորթ չի՞ անունը, հը՞: Մորթ, մորթ, մորթի, մորթել, հաաա, ռոբիկն է՞, թե՞ սերժիկը: Ասեք, մի՛ վախեք: Ասեք` տեսնենք` «տղերք» եք, տղա եք:
Ցավոք, դարձյալ ցավոք, ահա մի հսկայական ոլորտ, մի շերտ, ուր Նիկոլը պիտի ձերբազատվի մաֆիայի ունեցվածքին ընդամենը պահակ նստած ու իրեն խայտառակ անող քաղաքապետից և նրա գործադիր պարապների թիմից: Նիկոլը տակավին ունի հսկա վարկանիշ հանուն անարյուն հեղափոխության իր ունեցած որևէ պայմանավորվածության` մաֆիայի հետ որևէ, այսպես ասած, գործարքի մասին վարկաբեկիչ նյութերի հրապարակումը բացճակատ տապալելու համար: Եթե դա արվել է` արվել է հանուն հայ ժողովրդի և Հայաստանի, հանուն անարյուն հեղափոխության է արվել:
Քաղաքաշինության, ի մասնավորի` մայրաքաղաքում քաղաքաշինության ճիշտ և ճշգրիտ կառավարումը շատ ավելի ծավալուն ու մեծ ներդրումներ կհրապուրի դեպի Հայաստան, իսկ գրագետ քաղաքապետի և քաղաքի գրագետ ղեկավարության ընտրությունը լավագույն արդյունքը կլինի Երևանի կառավարման ոլորտում առայսօր պարբերաբար տեղի ունեցող տապալումներից հետո:
Բայց, շարունակելու եմ պնդել, նախ և առաջ ու ամենից առաջ` ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ:
Հակոբ Գրիգորյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2020