Ահավոր շտապում է, որովհետև ավագանու նիստից ուշանում է։ Բայց վարորդը մեղավոր չէ, ի՛նքն է կարգադրել, որ նա անպայման ուրարտական զինվորի հանդերձանքով լինի, բայց քանի որ նիզակը շատ երկար է ու մեքենայի մեջ չի տեղավորվել՝ վարորդը պատուհանից հանել է, ու ընթացքում նիզակն անընդհատ խազում է չինական ավտոբուսները․․․ «Լավ, մի քիչ հանդարտ քշի, Սարդո՛ւրի, այ էն սակուրաների մոտից քյասարով մտի՝ արագ կհասնենք», կարգադրում է ինքը․․․
Վերջապես հասնում է քաղաքապետարան, աստիճաններով վերև վազում ու մտնում կաբինետ։ Աշխատասեղանի ետևի պատին մեծ գունավոր լուսանկար է՝ Նիկոլը, Արագածի գագաթին կանգնած, ուսումնասիրում է Հայաստանի կադաստրի վկայականը, իսկ նկարի տակ, պատվանդանին դրված է ուրարտական սեպագիր արձանագրություն՝ «սաղ նախկինիունի մեղաուրի» (գտել են Աջափնյակի մետրոյի շինարարության ժամանակ)։ Ինքը երեք անգամ խոնարհվում է Նիկոլի լուսանկարի առաջ (մարդ ես, գուցե գաղտնի տեսախցիկ կա, մի օր Կարգին Հայկոն ընդամենը երկու անգամ էր խոնարհվել՝ գործից հանեցին), ապա կանչում քարտուղարուհուն․ «մի հատ էն կոռուպցապատման վարչության պետին կանչի՛։ Է, ասում եմ կոռուպցապատման․․․ կառուցապատմա՛ն»։ Քիչ անց հևալով կաբինետ է մտնում ինչ-որ մեկն ու սեղանին դնում ճամպրուկը։ Ինքը արագ բացում է, զայրացած նայում 50 հազար դրամանոցների կապոցներին ու գոռում․ «էս ի՞նչ ա, արա՛, չեմ ասե՞լ ոչ մի դրամ, մինչև կանաչապատում չլինի՝ ոչ մի շինթույլտվություն»։ «Դե շեֆ, ես մտածեցի՝ օրվա կուրսով․․․ ոչինչ, հիմա կուղարկեմ չեյնջ», կմկմում է պաշտոնյան ու ճամպրուկն առած՝ դուրս վազում․․․
Ինքը շտապում է նիստերի դահլիճ, իսկ այնտեղ «Մայր Հայաստանի» ու «Հանրապետության» ավագանիներն արդեն իրար մազեր են փիտում, Դոգի կուսակցության անդամներն էլ հորդորում են հանկարծ հայհոյանքներ չօգտագործել։ Ինքը, շառից-փորձանքից հեռու, մտնում է սեղանի տակ ու այնտեղից անմիջապես զանգում Արամ Զավենիչին․ «ալո՛, բարև ձեզ, պարոն Սարգսյան»։ «Եղբայրս կասեր՝ բարև ձեզ», հնչում է պատասխանը։ «Արա՛մ Զավենիչ, ձերոնք ու ռոբականներն իրար մազ են փիտում․․․»։ «Եղբայրս կասեր՝ Մայր Հայաստանի գլխից ոչ մի մազ չպիտի պակասի, պարոն Ավինյան, պետք ա՞ սկանդինավցի խաղաղապահներ հրավիրեմ», պատասխանում է Արամ Սարգսյանը։ Այդ պահին ինքը նկատում է, որ հեռախոսին երկրորդ զանգն է գալիս։
Էն էլ՝ Նիկոլ Փաշինյանից․․․ «Լավ, Արամ Զավենիչ, հետո կզանգեմ», ասում է ինքը, ու «եղբայրս կասեր՝ կապի մեջ» պատասխանը չլսած՝ անջատում ու միացնում երկրորդ գիծը։ «Արա Տիկո՞, լսվում է Փաշինյանի բարկացած ձայնը, էդ չհասկացա, Երևանը հանձնում ե՞ս»։ «Ե՞ս», միանգամից սփրթնում է ինքը։
«Բա չէ՛, ե՛ս։ Ես հրամայում եմ, որ խաղաղության խաչմերուկի շրջանակներում Ուրարտուն համարվի ադրբեջանական, դու ուրարտացի զինվորներ ես բերում քաղաքապետարան, չստացվե՞ց, որ հանձնում ես։ Լավ, էդ սաղ հեչ, կանաչապատման վարչության ամենշաբաթյա զեկույցները ե՞րբ ես փոխանցում»․․․
Արթնանում է ծանր կանխազգացումով։