Ռոբերտ շինարարից Նիկոլ շինարար
2020թ. հունիսի 10-ին՝ ուշ երեկոյան, Երևանի Ֆիրդուսի թաղամասում անհայտ անձինք սկսել են քանդել 19-րդ դարի եզակի կառույցներից մեկը, որը պատմամշակութային արժեք է ներկայացնում: Քանդողները սկզբից ներկայացել են որպես հարևաններ, որոնք ընդամենը տարածքը մաքրում են աղբից, հետո խոստովանել են, որ իրենց ուղարկել են շենքը քանդելու, հետո ասել են, որ այդ վանդալիզմը համաձայնեցված է քաղաքապետարանի և մշակույթի նախարարության հետ, հետո Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարել է, որ այդ հատվածում քաղաքապետարանը որևէ շինթույլտվություն չի տվել, հետո շենքը շարունակել են քանդել:
Մենք հատուկ ենք տարեթիվը նշել, որ շփոթմունք չլինի, մարդիկ չմտածեն, թե 2004 կամ 2007 թվականի նյութ ենք հրապարակում Երևանի կենտրոնում հին շենքերը թաքուն քանդելու, մարդկանց տներից վտարելու մասին: Ոչ, դա հիմա է տեղի ունենում, նույն գործելաոճով, նույն բարբարոսությամբ: Նույն ձևով, թաքուն, գողեգող գալիս, շենքը քանդում են, հետո իրենց ավանակի տեղ դնում, թե մենք կապ չունենք: Ասում ես, շինթույլտվություն, չունեն, դիմում ես կառավարությանը, պատասխանում են՝ քաղաքապետարանին դիմեք, այնտեղ էլ ասում են՝ դիմեք կառավարությանը: Ամեն մեկը պատասխանատվությունը գցում է իր վրայից:
Ոչ ոք ոչ մի թույլտվություն չի տվել, ոչ ոք ոչնչից տեղյակ չէ, իսկ շենքը քանդում են: Թաքուն, բայց քանդում են: Այս ո՞ւմ եք ձեռ առնում: Տիգրան Ավինյան, առաջինը քեզ ենք հարցնում: Քո ստորագրությամբ փաստաթուղթ կա, որ այդտեղ պետք է շինարարություն լինի: Նիկոլ Փաշինյան, սրան-նրան ասֆալտին փռելու փոխարեն մտածի, որ քո քթի տակ պատմամշակութային արժեք են ասֆալտին փռում:
Որ ծանոթանում ես այս պատմության մանրամասներին, ոնց որ ոչ հեղափոխություն եղած չլինի. ոչ նոր մարդիկ են եկել, ոչ իրավիճակ է փոխվել: Նույնիսկ հիմնական դերակատարներն են նույնը: Նարեկ Սարգսյանը, այն Նարեկ Սարգսյանը, որը Երևանի կենտրոնում էլիտար անասնագոմեր սարքեց ու ամբողջ կենտրոնը այլասերեց, որի խղճին հարյուրավոր վտարված ընտանիքներ կան, որի գեղցիության պատճառով Երևանը զրկվեց իրեն բնորոշ ճարտարապետությունից, հիմա էլ պետք է Կառավարության շենքի հետևում իր սիրելի գոմերից կառուցի: Ո՞նց է այս մարդը հաջողացրել լեզու գտնել Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Ավինյանի հետ: Կախարդական փայտիկ ունի՞, թե՞ ուրիշ ավելի շահավետ բան:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը արդեն քանի օր է, որ լռում է, իսկ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մասին ընդհանրապես չենք խոսում: Ինքը քաղաքապետարանում արդեն երկու տարի ոչ թե ճարտարապետ է աշխատում, այլ Արթուր Մեսչյան: Մի հատ եկեք հիշենք, թե ինչ է արել Մեսչյանն այս երկու տարում.
1. Չի պահել իր խոստումը, որ այլևս շենքեր չեն քանդվի:
2. Ասպարեզ է տալիս Նարեկ Սարգսյան անունով ճարտարապետին, որի տեղը Սովետաշենի համապատասխան վայրերն են՝ Հյուսիսային պողոտայի խայտառակ ծրագրի նախաձեռնման ու իրականացման համար:
3. Երկու տարվա ընթացքում որևէ ակնառու բան չի արել որպես մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ՝ աշխարհում արդիական պահանջներին համահունչ ճարտարապետական ծրագրեր ունենալու գործում:
4. Պատմական նշանակության շենքերի ճակատագիրը թողնված է հների կայացրած որոշումների հույսին:
5. Խայտառակ հնաոճ նախագծեր են սղացվում և ուղարկվում իրականացման, և ամենակարևորը՝ առանց մրցույթների:
6. Արհամարհված է տեղական ճարտարապետական երիտասարդական և ավանգարդիստական լայն համայնքը, ներգրավված չէ քաղաքի համար կարևոր հարցերի ու նախագծերի քննարկման և որոշումների կայացման գործընթացներում:
Փոխարենը Մեսչյանը մետրոյի շինարարությունից է խոսում, ճոպանուղիներից: Դուք իսկի 19-րդ դարի մի հատ շենք չեք կարողանում պահել, ձեզ ինչպե՞ս կարելի է քաղաք վստահել:
Արդեն բոլորս էլ հասկացանք, որ Արթուր Մեսչյանն ընդամենը գեղեցիկ փաթեթավորված չինովնիկ է: Բա Հայկ Մարությանը դա չի՞ հասկանում:
Իսկ իշխանությունները թող ականջներին օղ անեն. ձեր այս մանր շուստրիությամբ, գավառական խորամանկություններով շատ հեռու չեք գնա:
Թեմային առնչվող հղումներ
Երեկ ամբողջ օրը, այն պահից, ինչ Ֆիրդուսում կանգնած էինք Tigran Amiryan-ի, Tatevik Lazaryan-ի ու Էդիկ Բաղդասրայնի հետ ու ...
Posted by Isabella Sargsyan on 2020 թ. հունիսի 11, հինգշաբթի