Օրերս քաղաքացիական ակտիվիստ Իզաբելա Սարգսյանը ՀՀ կառավարության աշխատակազմին և Երևանի քաղաքապետարանին դիմում էր ներկայացրել՝ պահանջելով Ֆիրդուսու թաղամասում շինարարության վերաբերյալ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, այն է. կառուցապատման նախագծերը, շինարարական գործընթացի, թույլատվության վերաբերյալ փաստաթղթերը, ներդրումային ծրագրերը և դադարեցնել շինարարությունը, եթե չկան համապատասխան նորմատիվային ակտեր ու թույլատվություններ:
Եվ ահա Կառավարության աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնից պատասխանել են դիմումին: Պահանջվող փաստաթղթերի, թույլատվությունների, ծրագրերի մանրամասների վերաբերյալ ոչ մի խոսք այդ գրության մեջ չկա: Չնայած հիմնական պահանջը դա է եղել: Ընդամենը հայտնել են, թե՝ գիտե՞ք ինչ, այդ թիթիզ պահանջները մի կողմ դրեք, ավելի լավ է, եկեք ձեզ տրամադրենք Ֆիրդուսու շինարարությունն իրականացնող «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի նամակը: Այսինքն, Երևանի նախկին ոչ բարով-խերով ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գրասենյակի պատասխանը:
Իսկ Նարեկ Սարգսյանը ի՞նչ պետք է գրեր Ֆիրդուսու թաղամասի վերաբերյալ: Բնականաբար, սեփական գովքն է արել, մուննաթ է եկել, որ հայ ազգը չի գնահատում իր ճարտարապետական տաղանդը, լոլոներ է կարդացել, իրեն գցել հայտնի բաղերը, մի խոսքով, ամեն ինչ՝ բացի Ֆիրդուսու թաղամասի շինարարության օրինականության, դրա հիմքերի մասին:
Օրինակ, Նարեկ Սարգսյանին (նամակին պատասխանել է ՀՈԱԿ-ի տնօրեն ոմն Երանյան, բայց դե, մենք լուսնից չենք, որ չհասկանանք, որ գրության իրական հեղինակը Նարեկ Սարգսյանն է) զայրացրել է, որ իր հեղինակած Հյուսիսային պողոտան գեղցիության խորհրդանիշ է համարվում: Փոխանակ բացատրի, թե ինչ հիմքով է քանդում Ֆիրդուսու թաղամասի ճարտարապետա-մշակութային արժեք ներկայացնող շենքերը, ինչ-որ բիբլիական Արարատի մասին է գրել, Ալ. Թամանյանի կյանքն է պատմել: Հարցնում են, որ մի հատ ցույց տուր նախագծերը, ոնց է կազմվել, երբ, ում կողմից, ով է տվել թույլատվությունը, գրել է, որ էս սաղ Թամանյանի երազանքն է, մի 100 տարի առաջ արդեն ուզում էր Ֆիրդուսու թաղամասում բարձրահարկ շենքեր սարքել:
Ասում են՝ դու այն մարդն ես, որ կոպեկներով Երևանի կենտրոնից հազարավոր մարդկանց ես վտարել, պատասխանել է, չէ՝ լավ էլ փող ենք տվել, այն դեպքում, երբ ՄԻԵԴ-ը մինչև հիմա այդ գործերով վճիռներ է կայացնում և պետությանը ստիպում մարդկանց վճարել իրենց տների իրական արժեքը:
Մի խոսքով, ոնց Երևանի կենտրոնը Քոչարյանի օրոք սկսել են ախոռի վերածել, նույնն էլ հիմա են շարունակում: Նույն մարդիկ, նույն ոճով, նույն՝ քամահրանքով: Ոնց որ Հյուսիսային պողոտան դարձրեցին կոռուպցիայի և փողերի լվացման իդեալական մեխանիզմ, որի արդյունքը այդ քարե գերեզմանոցն է, նույնն էլ Ֆիրդուսում են անում: Ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ծափ է տալիս այս խայտառակությանը, քաղաքապետ Հայկ Մարությանը ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել:
Զգում ե՞ք, որ այս հեղափոխությունը արդեն ահագին ժամանակ հակահեղափոխության է վերածվել: