«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. «Երևի հիշում եք հուլիսին հրապարակված (ձայնագրություններով) հետաքննությունը` ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Այդ հետաքննության մասով ՔՊ-ն դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»` պահանջելով հերքում ու մեկ միլիոն դրամի բարոյական վնասի հատուցում։
Դա նորմալ է, ՀՀԿ-ն էլ էր մեզ դատի տվել, սովոր ենք։ Բայց ՔՊ-ն ՀՀԿ-ին անցավ, քանի որ դատարանից խնդրեց որպես հայցի ապահովման միջոց մեկ միլիոն դրամ սառեցնել մեր հաշվեհամարներին` դրանով իսկ մանր վատություն անելով մեզ»:
«ՉԻ». Բա որովհետև «պրյամոյ» գրել էիք, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս է չարաշահում: Հիմա էս ո՞ր դարն է, որ այդպես եք գրում: Ձևեր կան, բան կա:
Ձայնագրությունները որ հրապարակում էիք, որտեղ սևով սպիտակի վրա իշխող կուսակցությանը մեղադրում էիք չարաշահումների մեջ, դրա փոխարեն վերջում պետք է նշեիք, որ խմբագրությունը համաձայն չէ ձայնագրություններում առկա խոսակցությունների հետ:
Կամ վերցրել, հրապարակել էին այն ֆեյք էջերի ցանկը, որոնք ստեղծվել էին հատուկ Հայկ Մարությանին քննադատելու համար: Այդ էջերից մեկը հայտնի դարձավ նրանից հետո, երբ այնտեղ հրապարակված տեսանյութը ԱԺ քպ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դրեց իր էջում: Հետո պարզվել էր, որ տեսանյութն այնպես են մոնտաժել, որ Հայկ Մարությանը չերևա:
Պետք էր գրել միայն, որ Վահագն Ալեքսանյանն ընդամենը մի քանի օրվա պատմություն ունեցող ֆեյսբուքյան էջը շատ պատահաբար, մենք նույնիսկ կասեինք՝ խիստ պատահաբար, հայտնաբերել է, անկապ, չի էլ իմացել, թե դա ինչ էջ է, տեսել է, որ լավ-լավ բաներ են գրել Ավինյանի մասին, շեյրել է:
Դե, հիմա, իշխող ուժի ներկայացուցիչներն ի՞նչ մեղավոր են, որ իրենց ֆանատները հազարավոր դոլարներ են ծախսում, ՔՊ-ի ֆան էջեր են սարքում: Հենա, «Մանչեսթեր Յունայթեդը» գիտե՞ք՝ ինչքան ֆան էջեր ունի:
Հ.Գ. Մեզ միայն մի հարց է հետաքրքրում. բա ՀՀԿ-ն ինչի՞ ժամանակին ԻՔՄ-ի բանկային հաշիվների վրա կալանք չի դրել: Միամիտ, շշմած ժողովուրդ են եղել: