Երևանի ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու, ՔՊ-ական Տիգրան Ավինյանը ընտրվեց Երևանի քաղաքապետ: Քվեարկությանը մասնակցել է ավագանու 65 անդամներից 37-ը, անվավեր քվեաթերթիկ չի եղել: Տիգրան Ավինյանին կողմ է քվեարկել 32, դեմ՝ ավագանու 5 անդամ:
Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» և Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի և լինեն նոր ընտրություններ: Իսկ ահա Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» մասնակցեց նիստին, որի արդյունքում քվորում ապահովվեց, և նիստը կայացավ:
«ՉԻ». Դե, ինչպես և կանխատեսել էինք, արտառոց ոչինչ չպատահեց: Այսպիսի ընդդիմությունով Ավինյանը 2 տոկոս էլ ստանար, էլի քաղաքապետ կդառնար:
Մենակ մեզ մոտ է հնարավոր, որ իշխանական ուժերը, ընտրություններում ավելի քիչ ձայն ստանալով, կարողանան հաղթող ճանաչվել: Ու այդպես ստացվի, քանի որ ընդդիմությունն ի վիճակի չի եղել իրար հետ պայմանավորվել: Նաղդ կրած են եղել:
Բալամ, քաղաքականությունը թողեք, գնացեք, հայրենիքի փրկությամբ զբաղվեք: Դա ձեզ մոտ ավելի գեղեցիկ է ստացվում: