Զայչիկ-պոնչիկ-մակառոնչիկ, զայչիկ-պոնչիկ-մակառոնչիկ… Դիցուք` սրմաքեշ-չեմբարջի-մայրապետյան, կամ` ռոբ-արմենչիկ-սիսեռյան, կամ…կամ այլ համադրություն-հակադրություն-տարադրություն… Կա՞ տարբերություն: ՈՉ:
Եվ, արդ, ինչու է սիսեռյանը սույն թաքցնում անունը ներդրողի: Գուցե կարծում է` կվազենք դուռը ներդրողի և կսկենք մատաղի փող խնդրել, կամ սրբապատկեր վաճառել նրան: Իսկ գուցե չգիտե սիսեռյանը սույն, որ Հայաստանին իր գումար-գույք-կայքով ինքնազոհաբերվողների անունը թաքցնելը ոչ միայն պարկեշտ չէ` բա չիմանա՞նք մի բուռ ազգիս հերթական հպարտ բարերարի անունը, այլև օրենքով է արգելված` կոչվում է տեղեկություն չտրամադրել, և այն, ինչ ինքն է անում է` ենթակա է պատժի: Գիտե, գիտե սիսեռյանը: Տեսե՞ք` ասում է` կասեմ: Չի ասում` չեմ ասի:
Զայչիկ-պոնչիկ-մակառոնչիկ, զայչիկ-պոնչիկ-մակառոնչիկ` Երևանում այս խաղը հորով-մորով չարած, սիսեռյանի շեֆ, Նիկոլի փոխվարչապետ ավինյանն արդեն Գյումրին է գրոհում քաղաքաշինիչ ներդրումների անբեկանելի փաթեթով ու հիմա էլ այնտեղ վրդովվում, թե ինչու են իր փաթեթի օրենսդրական-ճարտարապետական-քաղաքաշինական ամենաանկյունաքարային բաղադրիչները սարսափելի վատ ընդունում գյումրեցիք:
Եղել է այնպես, որ նախքան Գյումրի գնալը, ավինյանն արդեն հարված է ստացել Ֆիրդուսի թաղամասում` Երևան: Գյումրիում դա գիտեն: Ավինյանը, մի շարք պատճառներով, նաև` որ պիտի Գյումրի գնար` «պուպուշացավ» և Ֆիրդուսի թաղամասի պաշտպաններին ասաց. հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի հետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:
Հրաշք է, չէ՞: Մեզ էլ ինչ է հարկավոր: Բայց ախր ինչից է, որ ես հանկարծ սիսեռյանին ու իրեն` ավինյանին ու մեշչյանին ու քաղաքապետ հայկին եմ հիշում… ու ցատկում է հիշողությունս դեպի սերժ ու ռոբ ու Հյուսիսային պողոտա և քաղաքացու թափված արյուն: Ի՞նչ կապ կա:
Ահա կապը. Ֆիրդուսի թաղամասում ընթացող ԲՈԼՈՐ աշխատանքներն ապօրինի են. վարչական դատարանում գործի քննությունը շարունակվում է, նախագիծ չկա, ՇՄԱԳ չկա, փաստաթղթերը հրապարակված չեն և հավանաբար թերի են։ Այսինքն` հետհեղափոխական Հայաստանում հեղափոխական կառավարության և իմ` քաղաքացուս անունից ներկայացող բարձր պաշտոնյաները ԱՊՕՐԻՆԱԲԱՐ առաջ են տանում մի նախագիծ, որի միայն էսքիզի տեղադրումը սոցցանցում բավարար էր օդում հրավառության պես տարածված ի-գ-դ-ի-ր ու ա-շ-ո-ծ-յ-ա-ն բացականչությունների արձագանք ապահովելու համար: Ի դեպ, այդ էսքիզում, որ Հյուսիսային պողոտա բետոնե այլանդակության այլակերպ ածանցյալն է ընդամենը, ոչ մի միլիմետր ու թիզ չկա հուշարձան-ֆասադ-հետնամասի ֆասադ «պուպուշ» մտքերից:
…Նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ - սա դարձյալ ավինյանն է ասել, ու դարձյալ էն էսքիզին նայում ես ու չես հասկանում` ՈՉ ՄԻ ԿԱՊ: Ինչպե՞ս: Մինչդեռ` ահա պատասխանը. Հյուսիսային արյունահոս պողոտայով անցած, այն կառուցած ու իրացրած մարդիկ են այս նախագծի «նայողները» ու նախագծողները։ Եվ այդ նախագծում ՉԿԱ ոչ մի շտրիխ և ուրվագիծ անգամ էն «պուպուշ» բաներից, որ ավինյանը հանկարծ հրապարակեց:
Զայչիկ-պոնչիկ-մակառոնչիկ - խաղ է - և ընտրությունը մեկն է` «բլդուղ»:
Եվ ինչպես ավինյանի կիրառած հետնամասի ֆասադ եզրն է քաղաքացուս անհետնամաս ու անֆասադ թվում, այնպես էլ ես չեմ վստահում նրա որևէ մանիպուլյացիային և չեմ վստահում օրենքը շրջանցելով գործելու նրա համառությանը: Եվ շատ ափսոսում եմ երիտասարդ այս հեղափոխականի այսպես փութկոտ փչանալու համար: Չնայած` իր գործն է: Բայց, քավ լիցի, թող իմ անունից ու ձեր անունից չփչանա: Ի՞նչ կասես, Նիկոլ:
Հակոբ Գրիգորյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2020