...

Էկոնոմիկայի նախարարն այդքան «դուխ» կունենա՞, որ վերագործարկի «Նաիրիտը»

Էկոնոմիկայի նախարարն այդքան «դուխ» կունենա՞, որ վերագործարկի «Նաիրիտը»

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ եթե Հայաստանում ունենք գործարան, որը չի աշխատում, ապա իր նպատակն է, որ այն աշխատի։

Եթե նախարարն իսկապես ուզում է չաշխատող գործարան աշխատեցնել, թող շատ հեռվում չփնտրի, պարզապես պիտի տնտեսության համար կարևոր ու հեռանկարային քիմիական արդյունաբերությունը ոտքի կանգնեցնի իր հսկա «Նաիրիտով» և «Վանաձորի Քիմպրոմով»։ Քիմիական արդյունաբերությունը վերականգնելով՝ տնտեսության ողնաշարը կուղղեն և հազարավոր աշխատատեղեր կստեղծեն։ Արդեն սովորություն է դարձել, որ ով իշխանության է գալիս, ասում է՝ գործարան է աշխատեցնելու, բայց այդպես էլ մնում է խոստումի մակարդակում։

Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, սեպտեմբերի 16-ին Վանաձորում ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև «Նաիրիտ» գործարանի խնդրին և ասել․ «Ես կառավարության ներկայացուցիչներին հանձնարարել եմ, որպեսզի շփվեն գործարանի համակարգող խմբի անդամների հետ, և երբ խնդիրը կլրջանա ու կապացուցի առաջարկների լրջությունը, այդ ժամանակ ես ինքս պատրաստ եմ միանալու այդ քննարկումներին։ Մինչև օրս նման ազդակ մենք չունենք»։ «Նաիրիտի» համակարգող խումբն էլ Փաշինյանի այս հայտարարությունը լուրջ էր ընդունել և մի քանի անգամ հանդիպում էր խնդրել կառավարության տնտեսական բլոկի ղեկավար Ավինյանից, իսկ Ավինյանը ժամանակ չի ունեցել գործարանի համակարգող խմբին ընդունելու։ Կարելի է մտածել, որ Ավինյանը տնտեսությունը զարգացնելու շատ ավելի կարևոր գործ էր անում, ժամանակ չուներ «Նաիրիտի» վերագործարկումով զբաղվելու և հանձնարարել էր իր գրասենյակի հիմա արդեն նախկին ղեկավար Սիսեռյանին (էն խեղճը որտեղի՞ց պիտի հասկանար, թե ինչ բան է քլորոպրենային կաուչուկը): Համակարգող խումբը մի քանի անգամ անպտուղ հանդիպումներ է ունեցել Սիսեռյանի հետ, և այդքանով է սահմանափակվել Փաշինյանի՝ «Նաիրիտով» զբաղվելը։

Նիկոլ Փաշինյանը «Նաիրիտի» հարցում իրականացնում է ճիշտ և ճիշտ մերժվածների քաղաքականությունը, ովքեր «Նաիրիտը» հասցրել են սնանկացման, այսինքն՝ նրանք սնանկ էին ճանաչել, որ հետագայում հողին հավասարեցնեին, ինչը դանդաղ բայց հաստատուն քայլերով իրականացնում է Փաշինյանը։

Մենք բազմիցս անդրադարձել ենք տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող «Նաիրիտի» խնդրին։ «Նաիրիտի» չաշխատելու հիմնական պատճառը կուտակած պարտքերն են: Թե ինչպես են կուտակվել պարտքերը, այդ մասին իշխանությունները կարող են իմանալ 2013թ. Hetq.am-ի էջերից։ Իսկ գործարանը պետական սեփականություն է, պետությունը պիտի տեր կանգնի իր սեփականությանը։ Աշխարհում չկա մի երկիր, որն իր սեփականությունն անտեր թողնի։ Սեփականություն, որի արտադրանքը պահանջարկ ունի համաշխարհային շուկայում։ Աշխարհի հինգ երկրներում են ստանում քլորոպրենային կաուչուկ, իսկ մենք քլորոպրենային կաուչուկ ստանում ենք երկու եղանակով։ Առաջին՝ մոնովինիլացետիլենի հիդրոքլորացման ճանապարհով, երկրորդ՝ բութադիենի քլորացման (բութադիենի քլորացման ճանապարով կաուչուկ ստանում են չորս երկրներում, որն ավելի անվտանգ է և պայթյունավտանգ չէ)։ Իսկ «Նաիրիտի» բութադիենից քլորոպրենի ստացման արտադրամասը և պոլիմերիզացիայի արտադրամասերն ու օժանդակ կառույցներն իրենց թանկարժեք սարքավորումներով առայժմ իրենց տեղերում են։ Զարգացած երկրներ կան, որ նոր են ուզում նախագծել բութադիենային եղանակով կաուչուկի ստացման տեխնոլոգիան, իսկ մենք մեր ունեցածը ուզում ենք մետաղի ջարդոնի տեսքով վաճառել։

Սրա անուն ի՞նչ է. սա դիլետանտություն էլ չէ, սա պարզապես սեփական տնտեսությունը սեփական ձեռքերով քարուքանդ անել է։ Ո՞նց կարող է տնտեսություն զարգանալ, երբ քիմիական արդյունաբերությունը զրոյացրել են, որը բյուջեի մուտքային մասը հիմնական ապահովողներից էր։ Տնտեսությունը գահավիժում է, իսկ արտաքին պարտքը հասնում է 9 միլիարդի։ Չնայած Էկոնոմիկայի նախարարը նախկինում եղել է հաջողակ բիզնեսմեն, բայց դժվար է ասել, թե այդքան «դուխ» կունենա, որ կարողանա «Նաիրիտը» վերագործարկել։ Ժամանակը ցույց կտա։

Ջավահիր Այվազյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ