Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն անցնող շաբաթ ելավ ասպարեզ և հայտարարեց, թե. «Ղարաբաղում Թուրքիայի բացահայտ մասնակցությունը Ադրբեջանի կողմից արտաքին գործոնների էապես նոր ազդեցություն է: Լեռնային Ղարաբաղում շփման գծում բախումներ նախկինում ևս եղել են: Իրավիճակի ներկա սրացումը հատուկ անհանգստություն է առաջացնում ոչ միայն իր ծավալով, այլև արտաքին գործոնների հիմնովին նոր ազդեցությամբ: Թուրքիան առաջին անգամ այդքան բացահայտ ու միանշանակ անցավ Ադրբեջանի կողմը»: Եվ որ …«ԱՀԾ տեղեկատվության համաձայն, հակամարտության գոտի ակտիվորեն մեկնում են Մերձավոր Արեւելքում գործող ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ: Նրանք ներկայացնում են «Ջեբհատ ան-Նուսրան», «Ֆիրքատ ալ-Ամզա», «Սուլթան Մուրադ» խմբավորումները: Խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել նոր պատերազմում»:
Նարիշկինը նաև ուղղակիորեն թիրախավորել էր Սիրիայի տարածքում այդ խմբավորումների մարզա-ռազմա-կայանների վերացման անհրաժեշտությունը և նշել, որ ՌԴ տիեզերա-օդային զորքերը արդեն իսկ ունեն դրանց տվյալները և հարվածելու են:
Որևէ երկրի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի որևէ հայտարարությունը, ըստ էության զարմանալի բան չէ: Մանավանդ երբ փոքր և վերահսկելի թվացող ու ձգձգված կոնֆլիկտը վերաճում է համաշխարհային լուրջ պատերազմի դետոնատորի և այդ պատերազմի կանխման բոլոր լուրջ ընդդիմախոսները սկսում են ինչ-որ բան անել, ծամծմել ու լռել:
Բայց որ Արտաքին հետախուզական ծառայության տնօրենը ելներ հրապարակ… այսինքն՝ հրապարակվեր, բացահայտվեր, երևար ու հայտարարություն աներ…
Ես միանգամայն վստահ եմ, որ մենք այս պատերազմում և Արցախի համար այս կռվում հաղթելու ենք: Ես գտնում եմ, որ այս մարդու այսպես գաղտնազերծվելը մի բան նշանակում էր, ինչը ունեցավ որոշակի և հստակ ազդեցություն: Ուստի գտնում եմ, անհրաժեշտ է գոնե սեղմ կերպով հասկանալ ով է նա.
- Սերգեյ Նարիշկինը ծնվել է Լենինգրադում, 1954-ին: 65 տարեկան է, և ի դեպ ոչ մի իդիոտ նրան թոշակի չի ուղարկում, քանի որ առկա է օրենքի պահանջ: Այո, հասկանում եմ, հավանական է` Ռուսաստանում այդպիսի օրենք էլ չկա: Առավել ևս: Չկա, քանի որ գոնե այս հարցում իդիոտ չեն: Սա` ի դեպ:
- Ուսանել է Բալթյան պետական տեխնիկական համալսարանում, այնուհետև ՌԴ անվտանգության ծառայության ակադեմիայում:
- Տնտեսագիտության դոկտոր է, քաղաքական գործիչ, տնտեսագետ և գործարար:
- Համաձայն ոչ պաշտոնական տեղեկությունների, 1978-1982 թթ. պատրաստություն է անցել ՊԱԿ 101-րդ առաջին գլխավոր վարչության դպրոցում (այժմ՝ Ներքին հետախուզության ակադեմիա), որտեղ և ծանոթացել է Վլադիմիր Պուտինի հետ։ 1990-ական թվականների սկզբին տնտեսական զարգացման կոմիտեի, ավելի ուշ` Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի տնտեսական և ֆինանսական կոմիտեի բաժնի պետն էր: 1995 թվականից «Արդյունաբերաշինարարական բանկի» (Սանկտ Պետերբուրգ) արտաքին ներդրումների՝ ԲԲԸ բաժնի ղեկավարն է եղել: 2004-ին դարձել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տնտեսական հարցերով ղեկավարի տեղակալ: 2004թ. մարտին եղել է Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2004-ի սեպտեմբերից ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, ՌԴ նախարար: 2007թ. փետրվարին դարձել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ, այդ թվականի սեպտեմբերից՝ ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավար(12), «Միավորված նավաշինական կորպորացիայի» տնօրենների խորհրդի նախագահ:
- 2008թ. մայիսից 2011-ի դեկտեմբերի 20-ը եղել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար։ Նրա մասին, այս շրջանում «Financial Times» ամսագրի լրագրող Չարլզ Քլովերը գրել է. «ըստ տարածված կարծիքի», նա ստացել էր այս պաշտոնը «Մեդվեդևին հսկելու համար»:
- 2011թ. դեկտեմբերի 4-ին ընտրվել է Պետական դումայի պատգամավոր, դեկտեմբերի 15-ին ստացել է մանդատ և գրանցվել որպես պատգամավոր: Դեկտեմբերի 21-ին ընտրվել է Պետդումայի նախագահ։
- 2016թ. սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի հրամանով Նարիշկինը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության ներքին հետախուզության ծառայության տնօրեն: 47 (!) գիտական աշխատանքի հեղինակ է:
Ըստ իս` առանձնապես լավ չէ, որ կիսագաղտնի այս անձը որոշակի ուղերձով հրապարակ է ելնում: Ուղերձը, այո, մասնագիտական է, ավելին` հակաահաբեկչական: Բայց սա ռուսական ոճ է, ԱՄՆ ոճ է. հավակնոտ մեծերի ոճ է, և իրենց գործն է: Ըստ իս` լավ է, որ ելնում է հրապարակ ուղերձով, որովհետև լուրջ են դառնում մեր փաստարկներն առ այն, որ հաղթականորեն ավարտվում ու վախճանի են գալիս ռուս-թուրքական պարերն ու ռեվերանսները: Գալիս է կամ-կամի ժամանակը, և Նարիշկինի տեքստը հենց այդ մասին է: Եվ այն մասին է, որ Ռուսաստանի կենսական շահերն են վտանգված, և այդ շահերը հասցեական վտանգել են Թուրքիան ու Ադրբեջանը: Եվ հայտարարագրված բարեկամ Թուրքիան ու հին գործընկեր Ադրբեջանը, գոնե ԱՀԾ ղեկավարի մակարդակով սպառնալիք են ՌԴ համար:
Ժամանակը քիչ է. այդ սուղ ժամանակի տիրույթում Ռուսաստանը շատ բան ունի փորձելու և անելու, որպեսզի հեռացնի իրենից ու տարածաշրջանից այս վտանգը: Ոչ պակաս անելիք ունեն Արցախն ու Հայաստանը: Եվ Իրանը: Վտանգավոր և պատվաբեր խաղ… վառոդի հետ:
Հակոբ Գրիգորյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 30, 2020