Արցախում ընթացող պատերազմը արդեն վաղուց դադարել է պարզապես հայ-ադրբեջանական հանդիսանալ: Այն վեր է հանում աշխարհաքաղաքական բազմաթիվ թնջուկներ, պատերազմում արտացոլվում են խոշոր գերտերությունների հակասությունները, նրանց շահերի բախումներն ու համընկնումները:
Անշուշտ, այս պատերազմի դետոնատորը Թուրքիան էր: Էրդողանը Մուսթաֆա Քեմալի ստեղծած և աշխարհիկ պետության դոգմաներով կառուցված պետությանը աստիճանաբար վերադարձրեց Օսմանյան կայսրությանը բնորոշ գաղափարախոսությունները՝ պանիսլամիզմ, պանթուրքիզմ և շովինիզմ:
Նման գաղափարախոսությունը ենթադրում է ազդեցության գոտիների ընդլայնում: Ինչը վերջին տարիներին էլ Թուրքիան անում է: Սիրիայում, Իրաքում, Հյուս. Աֆրիկայում թուրքական գործոնը վերջին տարիներին կտրուկ աճել է: Սա, կարելի է ասել, թուրքական ազդեցության տարածումն է արևելյան ուղղությամբ:
Բայց պանթուրքիզմն անիմաստ է, եթե չկա նրա առաջխաղացումը դեպի արևելք, դեպի այնտեղից, որտեղից ծագել են թուրքական ցեղերը: Դա Ռուսաստանում ժամանակակից Ալթայն է և Չինաստանի հյուսիսը:
Այս ամենի մասին հազար անգամ գրվել է, մանավանդ, որ մեր հայ շատ պատմաբանների հիմնական և սիրելի թեման է, շատ չենք խորանում: Մեզ այս ամենը հետաքրքրում է Արցախյան պատերազմի պրիզմայով:
Եթե մենք հայացք գցենք Ասիա մայրցամաքին, ապա այն կարելի է պայմանականորեն բաժանել երեք աշխարհաքաղաքական շերտի: Առաջին շերտը Ռուսաստանն է, այն ինքնին արդեն աշխարհաքաղաքական մեկ միավոր է: Երկրորդ շերտը ընդգրկում է Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը և Ղըրղզստանը:
Եվ երրորդ շերտը՝ Իրան, Հնդկաստան, Չինաստան:
Եվ Հայաստանը այս երեք շերտերի կիզակետում է: Թուրքիայի ծավալապաշտությունը դեպի արևելք արգելակվում է հայկական գործոնով, քանի որ ցամաքային կապի բացակայությունը արևելյան թուրքալեզու երկրների հետ թույլ չի տալիս ազդեցությունը տարածելու ամբողջ գործիքակազմը կիրառել: Եթե Թուրքիան այդ խնդիրը լուծի, ապա դա պրոբլեմ կդառնա ոչ միայն առաջին շերտի՝ Ռուսաստանի, այլև երրորդ շերտի համար:
Ահա այստեղ է, որ Հայաստանը ճիշտ դիվանագիտական և քաղաքական ակտիվ գործունեության շնորհիվ կարող է դաշնակիցներ ձեռք բերել հանձինս Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի: Թուրքական ազդեցության մեծացումը այս եռյակի համար որոշակի վտանգներ է ներկայացնում: Բացի այն, որ Թուրքիան ինքնին առանձին խաղացող է, կարող է նաև Արևմուտքի մահակը դառնալ ընդդեմ Իրանի և Չինաստանի: Այսօր Թուրքիայի և Չինաստանի միջև լուրջ հակասություններ կան, որոնց հիմքում Չինաստանում բնակվող ույգուր ժողովրդի հարցն է: Թուրքիան բացահայտորեն չինական իշխանություններին մեղադրում է թուրքալեզու այդ ժողովրդին հալածելու մեջ, թուրքական քաղաքական վերնախավի առավել ծայրահեղ հատվածը ույգուրների հարցում պահանջում է ակտիվ միջամտություն ցուցաբերել: Այնպես որ, Հայաստանը կարող է օգտվել այս հակասություններից և նոր մակարդակի հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ:
Հնդկաստանը, կարելի է ասել, լուրջ պատերազմական դրության մեջ է Պակիստանի հետ: Այն երկրի, որն առ այսօր չի ճանաչել Հայաստանի անկախությունը, որը՝ տարբեր տեղեկություններով, արդեն այս պատերազմում ներգրավվել է այստեղ գրոհայիններ ուղարկելով: Սա առանձին ռազմավարական տանդեմ է՝ Թուրքիա-Պակիստան, և այստեղ էլ Հայաստանը կարող է ի դեմս Հնդկաստանի ձեռք բերել ռազմավարական դաշնակցի: Հնդկաստանն այսօր ինքնաբավ գերտերություն է, տիրապետում է գերժամանակակից զինատեսակների, որոնք մանավանդ հիմա անհրաժեշտ են մեզ:
Իրանը շատ լավ հասկանում է, որ հանձինս Թուրքիայի փորձ է արվում իր շուրջն օղակ ստեղծել և աստիճանաբար այն սեղմել: Հյուսիսում թուրքական և ծայրահեղ իսլամիստ-ահաբեկչական խմբավորումների առկայությունը չափազանց անհանգստացնում է Իրանին, իրենք դա չեն էլ թաքցնում և այստեղ Հայաստանը պետք է որոշակի բանաձև առաջարկի՝ ահաբեկչության դեմ պայքարի նշանաբանով:
Այս ամենը, իհարկե, շատ տեսական է, բայց մյուս կողմից, մեզ ոչինչ չի խանգարում այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և նոր դաշնակիցներ ձեռք բերել:
Իսկ Ռուսաստանի դեպքում ասելու շատ բան չկա: Նրա հետ պետք է կոորդինացնել մեր քայլերը՝ Թուրքիային տարածաշրջանից հնարավորինս հեռու պահելու համար:
Կարեն Միքայելյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 31, 2020