«Ինչպե՞ս պատահեց, որ Ղարաբաղյան պատերազմում փայլուն հաղթանակ տարած, պատերազմական իրավիճակում պետականության հիմքերը դրած, էներգետիկ ճգնաժամը հաղթահարած իշխանությունները ժողովրդի կողմից ընկալվեցին որպես դավաճաններ ու թալանչիներ»: Այս հարցին պատասխանում է «Չորրորդ իշխանություն» թերթի հոդվածագիրը դեռևս 20 տարի առաջ։ Անկասկած նույն հարցը հետպատերազմյան այս օրերին նույնպես արդիական է։
ՌԵՏՐՈ
Առ այսօր առողջ տրամաբանություն ունեցող շատերի համար անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս պատահեց, որ Ղարաբաղյան պատերազմում փայլուն հաղթանակ տարած, պատերազմական իրավիճակում պետականության հիմքերը դրած, էներգետիկ ճգնաժամը հաղթահարած իշխանությունները ժողովրդի կողմից ընկալվեցին որպես դավաճաններ ու թալանչիներ:
Այս ամենը միայն բնակչության սոցիալական վիճակի վատթարացմամբ բացատրելը միամտություն է: Ի վերջո, ԱՊՀ առանց բացառության բոլոր երկրներում էլ անկախացումից հետո կենսամակարդակը կտրուկ անկում է ապրել, մինչդեռ այդ երկրներից ոչ մեկում իշխանությունների նկատմամբ նման ատելություն չկար:
Բացատրությունը միայն մեկն է՝ իշխանությունների կողմից քարոզչության բացակայությունն ու ընդդիմության ակտիվ քարոզչությունը:
Ըստ էության, նախկին իշխանությունները դեռևս իրենց իշխանության տարիներին արդեն ընդդիմություն էին: Եթե հիշում եք, լրատվամիջոցների 80 տոկոսը զբաղված էր բացառապես իշխանություններին հայհոյելով: «Հալածված» ընդդիմությունն արտասահմանից այնքան գումարներ էր ստանում, որ կարող էր շուկան հեղեղել ինքնարժեքից երկու անգամ էժան «Երկիր»-ով ու «Ազատամարտ»-ով, իսկ իշխանությունները, որոնք իբր թալանում էին երկիրը, այդքան միջոցներ չունեին, որ պետական լրատվամիջոցներին նորմալ ֆինանսավորեին: Այն ժամանակ ընդդիմադիր, դաշնակցական լրագրող Տիգրան Նաղդալյանը, որն իր աշխատավարձը ստանում էր արտասահմանից (և չէր թաքցնում դա), կարող էր իր գրասենյակի հետ նույն հարկում գտնվող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի՝ իրենից 30-40 անգամ քիչ ստացող լրագրողներին ցինիկորեն անվանել «ծախված», քանի որ հասարակական կարծիքը հենց ինքն էր ձևավորում՝ արտասահմանից ստացվող հսկայական գումարներով: Հիմա նրա անձնական ավտոմեքենան արժե ճիշտ այնքան, որքան այն ժամանակ ողջ պետական հեռուստատեսության տարեկան բյուջեն էր: Իսկ «նախկին» կոչվող իշխանություններն այն ժամանակ չէին կարող մեծացնել պետական հեռուստատեսության բյուջեն: Հիմիկվա իշխանությունը կարող է: Այն ժամանակ չէին կարող, որովհետև հրետանային մեկ արկը արժեր 600 դոլար, և դրա պատասխանատուն իշխանություններն էին, և ոչ թե ընդդիմությունը: Ընդդիմությունը թքած ուներ պետության վրա էլ, պետական շահերի վրա էլ... իր գործը քարոզչությունն էր, իսկ միջոցներ կային՝ Արևմուտքը թույլ չէր տա, որ Հայաստանը ընթանա զարգացման ճանապարհով, և դրա համար միջոցներ չէր խնայում:
Ինչ է, այն ժամանակ իշխանությունները չէի՞ն կարող «թալանված փողերով» իշխանամետ թերթերի տպաքանակը բարձրացնել և վաճառքի գինը դարձնել 10 դրամ, կամ գնել ընդդիմադիր թերթերը: Չէի՞ն կարող մի 100-200 հոգու հազարական դրամ տալ, որ ընդդիմության հանրահավաքների ժամանակ բարձրաձայն հայհոյեին ելույթ ունեցողներին (ինչպես ներկա իշխանություններն են անում): Երևի չէին կարող, որովհետև 1000 դրամով 3-4 փամփուշտ կարելի էր գնել, իսկ ռազմաճակատի պատասխանատուն դարձյալ իրենք էին, և ոչ թե Արևմուտքի փողերով «մուտիլովկաներ» անող կիսատեռորիստ-կիսահայրենասեր սփյուռքահայերը կամ «աբիժնիկ» ազգային-ժողովրդավարական վրիպակները:
Ու մինչ իշխանությունները փորձում էին ռազմաճակատ պահել, երկրի օրվա հացն ապահովել, հոսանքի ու հազար ու մի ուրիշ հարց լուծել, ծախվածների այս բանակը թիկունքում քարոզչությամբ էր զբաղված. թույլ տեղը գտել էր: Եվ ի վերջո հաղթեց: Ուժերն անհավասար էին, ու հարվածն էլ թիկունքից էր:
Եվ այնուամենայնիվ, ներկա իշխանությունների կողմից նախկիններին հայհոյելը տակտիկական սխալ է: Բազմաթիվ հարցեր են առաջանում: Օրինակ՝ նախորդ իշխանությունների ժամանակ պատերազմի, ցրտի ու մթի պատճառով երկրից 6-700 հազար մարդ հեռացավ, և դա բնութագրվեց որպես սպիտակ եղեռն: Այս իշխանությունների ժամանակ խաղաղության և լույսի պայմաններում հեռացավ 1-1,2 մլն մարդ: Սա ի՞նչ գույնի եղեռն է: Վանոն ջիպ էր քշում, և բնութագրվեց թալանչի: Հիմա այդ նույն ջիպից քշում են ներկա իշխանությունների անձնական վարսավիրները: Ուրեմն որքա՞ն ավելի թալանչի են ներկաները: Նախկին պաշտոնյաներն առանձնատներ էին կառուցում և բնութագրվում որպես կաշառակերներ: Այդ առանձնատները հեշտությամբ կտեղավորվեն ներկաների կառուցած առանձնատների խոհանոցներում: Ուրեմն որքա՞ն ավելի կաշառակեր են ներկաները:
Այնուհանդերձ, նախկին իշխանություններին կարելի է (և պետք է) պատասխանատվության ենթարկել: Եթե չեմ սխալվում, Քրեական օրենսգրքում կա այդպիսի հոդված՝ «հանցավոր անփութություն՝ առավել ծանր հետևանքներով»: Ընդ որում, առավել ծանր հետևանքների առկայությունն ապացուցելու անհրաժեշտություն չկա, և հենց այդքանով էլ անփութությունը հանցավոր է: Բայց սա հետագայի խնդիր է: Առայժմ անհրաժեշտ է հետևանքները վերացնել:
Կարեն Միքայելյան
«Չորրորդ իշխանություն», No 137, 23 հունվարի, 2001թ.