Լոմբարդիայի բարբառից թարգմանած «պանուն» նշանակում է «մեծ հաց»: Այս կարկանդակը մի անվանում էլ ունի՝ «պանետոնե»:
Պատմում են, որ Միլանում Լյուդովիկո Մորո հերցոգի արքունիքում ճրագալույցին մեծ ճաշկերույթ է եղել: Այդ առթիվ խոհարարը տոնական կարկանդակ է պատրաստել, սակայն այն վառվել է: Խոհարարները խուճապի են մատնվել: Բայց խոհարարի օգնականներից մեկը՝ ոմն Տոնի, առաջարկել է մատուցել կարկանդակը, որը ինքը իր ընտանիքի համար պատրաստել է տարբեր մնացորդներից: Գլխավոր խոհարարը որոշել է ռիսկի դիմել ու հենց դա էլ մատուցել:
Փքուն քաղցր հացը բոլոր հյուրերը ոգևորությամբ են ընդունել: Իսկ հերցոգը, իմանալով, որ կարկանդակը Տոնին է թխել, հարցրել է նրան, թե ինչպես է այն կոչվում: Իմանալով, որ այն դեռ անուն չունի, հերցոգն այն «պանե դի Տոնի»՝ Տոնիի հաց է անվանել: Այս անվանումն էլ արագ վերափոխվել է «պանետոնեի»: Հիմա այն սուրբծննդյան գլխավոր կարկանդակներից է:
Կարկանդակն սկսեք պատրաստել մատուցելուց 4-5 ժամ առաջ:
Բաղադրիչները
4-6 բաժնի համար
- 300 գ ալյուր
- 20 գ թարմ փխրեցուցիչ
- 2/3 բաժակ շաքարավազ
- 150 գ կարագ
- 4 ձվի դեղնուց
- 100 գ չամիչ
- 30 գ ցուկատ նարնջի կեղևից
- 20 գ ցուկատ կիտրոնի կեղևից
- 2 կիտրոնի կեղև
- աղ
Պատրաստման եղանակը
- Կարագը փափկացրեք: Փխրեցուցիչը բացեք 1/2 բաժակ տաք ջրի մեջ: Ավելացրեք 2-3 ճ.գ. ալյուր ու թթխմոր հունցեք: Ծածկեք այն կերակրի թաղանթով և 30 րոպե թողեք տաք տեղում:
- Չամիչը 15 րոպե թրջեք տաք ջրի մեջ, ապա լցրեք ցանցի մեջ, չորացրեք: Մանր խորանարդների ձևով կտրատեք ցուկատները: Կիտրոնի կեղևը մանրացրեք:
- Թթխմորի մեջ ավելացրեք մնացած ալյուրը, շաքարավազը, դեղնուցները, մի փոքր աղ, մանրացրած կեղևն ու փափկացրած կարագը: Փափուկ ու հարթ խմոր հունցեք՝ անհրաժեշտության դեպքում տաք ջուր ավելացնելով: Խմորի հետ խառնեք չամիչն ու ցուկատները:
- Կլոր ու խորը տապակը պատեք կարագով, վրան ալյուր ցանեք: Տապակի կիսով չափ լցրեք խմորը: Տապակը կրկին թողեք տաք վայրում, մոտ 1,5 ժամ, այն պետք է կրկնակի փքվի:
- Խմորի մակերեսին խաչաձև կտրվածք արեք և այն 40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Պատրաստի կարկանդակը հանեք ջեռոցից, թողեք տապակի մեջ մի փոքր հովանա, ապա հանեք ու տեղադրեք ցանցի վրա, ևս 1-2 ժամ հովացրեք: Մատուցեք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021