Այս ոչ քաղցր կարկանդակը Զատկի ուտեստների շարքից է, որը տարածված է ողջ իտալական Լիգուրիայում դեռևս 15-րդ դարից: Կարկանդակի միջուկը կարող է փոխվել, սակայն հիմնական բաղադրիչը ռիկոտա պանիրն է:
Այս կարկանդակը նախկինում, ավանդույթի համաձայն, տանը պատրաստված շերտավոր խմորից էին թխում, ընդ որում՝ այնպիսի բարձր որակի խմորից, որ կարելի էր 33 շերտ հաշվել (Քրիստոսի տարիքը): Թեպետ հիմա լիգուրիացիները հաճախ պատրաստի շերտավոր խմոր են օգտագործում, միևնույն է, կարկանդակը հրաշալի է ստացվում:
Բաղադրիչները
6-8 բաժնի համար
- 500 գ առանց խմորիչի շերտավոր խմոր
- 600 գ սոխ
- 200 գ ռիկոտա պանիր
- 4 ձու
- 6 ճ. գ. պարմեզան պանիր
- 2 ճյուղ խնկածաղիկ (майоран)
- 6 ճ. գ. ձիթապտղի ձեթ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սոխը բարակ օղակների ձևով կտրատեք: Խնկածաղիկը մանրացրեք: Թավայի մեջ տաքացրեք ձիթապտղի ձեթը և միջին ուժգնության կրակի վրա մոտ 10 րոպե տապակեք սոխը:
- Խմորը բարակ բացեք և այն տեղադրեք ջուր ցողած տապակի մեջ: Պատառաքաղով ծակծկեք խմորը: Խմորից պոկված մասերը պահեք:
- Թասի մեջ փայտե գդալով լավ խառնեք ռիկոտան: Ավելացրեք հարած ձվերը, տապակած սոխը, խնկածաղիկն ու պարմեզան պանիրը, աղ ու պղպեղ արեք: Միջուկը խառնեք և հավասարաչափ լցրեք խմորի վրա:
- Խմորի պոկված մասերից շերտեր պատրաստեք: Շերտերը ցանցաձև տեղադրեք միջուկի վրա: Տապակը 40 րոպեով տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ:
- Կարկանդակը մատուցեք տաք կամ գոլ վիճակում:
Խորհուրդ: Կարկանդակը պատրաստելու մի ձև էլ կա. սոխի փոխարեն 300 գ պատրաստի սպանախ օգտագործեք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2021