...

Քաղցր ու համեղ. Ռիկոտայով թխվածքաբլիթներ կանոլի

Քաղցր ու համեղ. Ռիկոտայով թխվածքաբլիթներ կանոլի

Սիցիլիայում արաբ զավթիչների կառավարման շրջանում՝ 9-11-րդ դարերում, կղզու կենտրոնում գտնվող Կալտանիսետա քաղաքը արաբներն անվանում էին «կանանց քաղաք», քանի որ հենց այդտեղ էին գտնվում հարեմներով դղյակները: Դղյակներում իրենց տիրակալների գալստյանը սպասող ձանձրացող կանայք տարբեր նրբահամ խորտիկներ էին պատրաստում: Համարվում է, որ այս աղանդերն էլ հարեմի կանանց ձեռքի գործն է: Կղզում իշխանությունը քրիստոնյաներին անցնելուց հետո հարեմները կործանվեցին, իսկ ահա բաղադրատոմսերը մնացին:

Բաղադրիչները
6-8 բաժնի համար

  • 300 գ ալյուր
  • 2 ճ.գ. կարագ
  • 2 ճ.գ. շաքարավազ
  • 1 ձու
  • սպիտակ չոր գինի
  • 1 լ ձիթապտղի ձեթ՝ տապակելու համար

Միջուկի համար

  • 400 գ ռիկոտա պանիր
  • 100 գ մուգ շոկոլադ (70 տոկոս կակաո)
  • 200 գ շաքարի փոշի
  • մի փոքր շաքարավազ
  • 1 փաթեթ կամ 10 գ վանիլային շաքարավազ
  • 30 գ ընկուզեղենի խառնուրդ՝ ընկույզ, պնդուկ, պիստակ
  • աղ՝ ըստ անհրաժեշտության

Պատրաստման եղանակը

  1. Ալյուրը խառնեք շաքարավազի և հալեցրած կարագի հետ: Վրան լցրեք գինին, այնքան, որ պինդ խմոր ստացվի, լավ հունցեք: Խմորը կերակրի թաղանթի մեջ փաթաթեք ու 1 ժամ թողեք:
  2. Միջուկի համար ռիկոտա պանիրն անցկացրեք ցանցի միջով, սովորական ու վանիլային շաքարավազի հետ հարեք մինչև փքուն կրեմ ստանալը: Շոկոլադը մանրացրեք, ավելացրեք կրեմի մեջ: Միջուկը տեղադրեք սառնարանում:
  3. Եթե ռիկոտան կովի կաթից է պատրաստված, կրեմի մեջ մի պտղունց աղ ավելացրեք:
  4. Խմորը բարակ բացեք, նրա վրա 10 սմ կողմերով քառակուսիներ առանձնացրեք: Խմորի այդ քառակուսիները փաթաթեք 6-7 սմ երկարությամբ և 3-3,5 սմ տրամագծով մետաղական ձողիկների կամ կանոլի թխվածքաբլիթների համար նախատեսված գլանների վրա: Ամուր սեղմեք խմորի միացման տեղերը:
  5. Միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք ձիթապտղի ձեթը: Խողովակները 2-3 րոպե տապակեք մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի թխվածքաբլիթի խողովակները գլանակներից հանելուց առաջ դրանք տեղադրեք անձեռոցիկների վրա և հովացրեք:
  6. Խողովակները լցոնեք կրեմով, ծայրերին կրեմը հարթեք: Խողովակների ծայրերին՝ կրեմի վրա լցրեք կտրտած ընկուզեղենը: 

Շաքարի փոշի ցանեք ու մատուցեք:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ