...

Քաղցր ու համեղ. Արագ թխվածքաբլիթներ տորչետի

Քաղցր ու համեղ. Արագ թխվածքաբլիթներ տորչետի

Տորչետին ձգված օղաբլիթի տեսքով քաղցր թխվածքաբլիթ է: Հայտնի է, որ այն իտալական Վալլե դ՛Աոստայում թխել են դեռ 18-րդ դարի վերջերին: Հաց թխելիս մի փոքր խմոր են վերցրել, խառնել շաքարավազի, կարագի ու ալյուրի հետ, վերածել օղաբլիթների, թաթախել շաքարի մեջ ու հացի հետ միասին թխել վառարանում: 
Դրանք սովորական քաղցրավենիքներ էին, երեխաների սիրելի թխվածքաբլիթները: Հիմա տորչետի թխվածքաբլիթները դուրս են եկել տնային խոհանոցի սահմաններից, դրանք ամեն քայլափոխի մատուցում են իտալական սրճարաններում:

Այժմ այն Վալլե դ՛Աոստայի բնակիչների ավանդական նախաճաշն է՝ կապուչինոն կամ կաթով սուրճը մի քանի խրթխրթան տորչետիների հետ:

Բաղադրիչները
6-8 բաժնի համար

  • 250 գ ալյուր
  • 100 գ կարագ
  • 100 գ շաքարավազ
  • 1 փաթեթ կամ 10 գ փխրեցուցիչ
  • մի փոքր աղ

Պատրաստման եղանակը

  1. Ալյուրը խառնեք փխրեցուցիչի հետ, բլրի ձև տվեք և մեջտեղում անցք բացեք: Փոսի մեջ լցրեք հալեցրած կարագն ու աղը: Մի քիչ տաք ջուր ավելացրեք և փափուկ, հարթ խմոր հունցեք: 10-15 րոպե սենյակային ջերմաստիճանի պայմաններում թողեք խմորը:
  2. Խմորից 1 սմ լայնությամբ և 10 սմ երկարությամբ ձողիկներ ձևավորեք:
  3. Խմորի ձողիկները թաթախեք շաքարավազի մեջ, ծայրերը միացրեք և օվալաձև օղաբլիթների վերածեք:
  4. Թխվածքաբլիթները շարեք փայլաթիթեղով ծածկված տապակի մեջ և 10-15 րոպե տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը: 
  5. Մատուցելուց առաջ հովացրեք:

Խորհուրդ: Այս թխվածքաբլիթների խմորի մեջ կարող եք ամենատարբեր համեմունքներ ավելացնել՝ վանիլ, մշկընկույզ, մեխակ, անիսոն և այլն: Կարելի է նաև թխվածքաբլիթները թխելուց առաջ դրանց վրա աղացած դարչին ցանել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ