...

Արցախի ընտրությունների իրական արդյունքները. տեղեկանք անցյալից

Արցախի ընտրությունների իրական արդյունքները. տեղեկանք անցյալից

Արցախի ԿԸՀ-ն ներկայացրել է նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որի՝ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հավաքել է 19 360 ձայն կամ 26,4 տոկոս, Արայիկ Հարությունյանը՝ 36 076 ձայն կամ 49,26 տոկոս:

Այս պահին ընտրությունների արդյունքների հետ կապված հեռուն գնացող եզրակացություններ անելը դեռ վաղ է: Մեծ հաշվով, ընտրություններում էական դեր է խաղացել ընտրակաշառքի մեխանիզմը, բայց որքանով՝ դժվար է ասել: 

Բայց մենք ունենք մեր մոտեցումը, թե Արցախի նախագահական ընտրությունների իրական պատկերն ինչպիսին է եղել: Այսինքն, եթե չլինեին ընտրակաշառքները, վարչական լծակները և այլն, ապա որ թեկնածուն որքան ձայն կհավաքեր:

Իրական պատկերը արտացոլված է Երևանի ընտրատեղամասում: Երևանում էլ է եղել ընտրատեղամաս, որտեղ Արցախի քաղաքացիները քվեարկել են: Բնականաբար, այստեղ ընտրակաշառքի մասին խոսք լինել չէր կարող, վարչական լծակներ օգտագործել հնարավոր չէր, այդ իսկ պատճառով, մեր կարծիքով, այս ընտրատեղամասի արդյունքներն առավել օբյեկտիվ բնույթ են կրում:

Եվ այսպես՝ Երևանում քվեարկությանը մասնակցել է 784 մարդ: Քվեարկության արդյունքներով Արայիկ Հարությունյանը ստացել է 191 ձայն կամ 24,3%-ը: Ահա սա է իրական արդյունքը:

Այս առումով տեղին է հիշեցնել 2003թ. նախագահական ընտրությունների ամենավառ էջերից մեկը: Պարզ էր, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ նույնիսկ 10% վարկանիշ էլ չուներ, և Ստեփան Դեմիրճյանը հենց առաջին փուլով էլ հաղթելու էր: Պետական ամբողջ մեքենան գործի դրվեց՝ ընտրակեղծիքներն իրականացնելու, մարդկանց ծեծելու, խոշտանգելու, քվեարկության արդյունքները կեղծելու, կաշառելու համար: Հնարավոր բոլոր կեղծիքներն արվել են, ու թեպետ սկզբից նկարել էին 50 տոկոսից ավել, բայց երբ զանգվածային ցույցերը գնացին, Քոչարյանը ստիպված 2-րդ փուլի գնաց: 

Բայց կար մի ընտրատեղամաս, որտեղ Քոչարյանի ռեժիմը կեղծիքներ կատարելու ոչ մի լծակ, ոչ մի հնարավորություն չուներ: Խոսքը Լոս-Անջելեսում ՀՀ քաղաքացիների համար բացված ընտրատեղամասի մասին է: Հիմա կոնկրետ թվերը չենք հիշում, ցավոք, ԿԸՀ-ի արխիվներում չգտանք, բայց Ստեփան Դեմիրճյանն այնտեղ ստացել էր ձայների առնվազն 80%-ը: Քոչարյանն այնտեղ ընդամենը մի քանի ձայն էր ստացել: Այսինքն, 2003 թվականի նախագահական ընտրությունների իրական արդյունքը արտացոլված էր Լոս-Անջելեսի ընտրատեղամասում: Քոչարյանականները խայտառակ եղան, և ինչն էր հետաքրքիր՝ երկրորդ փուլում Ստեփան Դեմիրճյանը Լոսում ավելի շատ ձայն հավաքեց, բայց Քոչարյանը բռնությունների ու կեղծիքների գնով պահպանեց իշխանությունը: 

Ի դեպ, Արցախի նախագահական ընտրությունների արդյունքները ապշեցուցիչ նմանություն ունեն 2003թ. նախագահական ընտրությունների արդյունքների հետ:

Տեսեք՝ 2003-ին Ռոբերտ Քոչարյանը «հավաքել» է 49,8 տոկոս, 2020-ին Արայիկ Հարությունյանը՝ 49,26 տոկոս: 2003-ին ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանը ստացել է 28,3 տոկոս, 2020-ին Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոս: 2003թ. իշխանությունների ական Արտաշես Գեղամյանը ստացել է 17,4 տոկոս, 2020-ին Վիտալի Բալասանյանը՝ 14,7 տոկոս: Մեր կարծիքով, նման զուգահեռներն ու վիճակագրությունը բնավ չեն խոսում Արցախի նախագահական ընտրությունների լեգիտիմության օգտին: Նույնիսկ դերերն են բաժանված նույն կերպ. իշխանության թեկնածու, ընդդիմության թեկնածու, ական: 

Հ.Գ. Առանձին թեմա է Շիրակի մարզի Ձորակապ գյուղը, որտեղ 2003թ. նախագահական ընտրություններում Ռ. Քոչարյան ստացել էր... 0 ձայն: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ