...

Հանկարծ չփորձեն տարանջատվել

Հանկարծ չփորձեն տարանջատվել

Այն, ինչ ներկայումս կատարվում է Արցախում, խիստ դժվար է այլ անվանում տալը, քան հեղափոխության արդյունքների զրոյացում: Եվ ամենևին կապ չունի, որ դա կատարվում է Արցախում և ոչ թե բուն Հայաստանում:

Երկու տարի առաջ կարելի էր պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը և հայտնի կլանը իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար պատրաստ կլինեին վտանգել ժողովրդի անվտանգությունն ու առողջությունը: Երկու տարի առաջ նորմալ էր, որ իշխանությունը ականջալուր չէր հասարակության պահանջներին և անում էր այն, ինչ ուզում էր:

Հեղափոխությունից հետո Հայաստանն ապրում էր մի փոքր այլ մթնոլորտում: Եթե անգամ իշխանությունը մի բան սխալ է անում, ապա այնուհետև, տեսնելով հասարակության քննադատությունը՝ կամ փոխում է որոշումը, կամ գոնե մեղմում ու հետաձգում է այն: Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված Արցախի ընտրությունների չհետաձգումն առաջին նախանշանն է, որ իշխանությունն անհաղորդ է դժգոհություններին ու քննադատությանը: Իսկ քննադատությունը շատ մեծ է և հիմնավորված: Մինչ ամբողջ աշխարհը հետաձգում է մասսայական միջոցառումները, չեղարկվել են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը և Տոկիոյի օլիմպիադան, Արցախում որոշել են ամեն գնով անցկացնել ընտրություններ՝ վտանգելով բանակը և առաջնագիծը:

Եթե Հայաստանի իշխանությունը չի կարողացել Արցախի իշխանությանը հանրամատչելի բացատրել վտանգները, ապա պարտավոր էր գոնե կիսապաշտոնական խողովակներով հայտնել հասարակությանը իր մոտեցումները: Դրա փոխարեն ԱԺ-ում «Իմ Քայլը» խմբակցության 23 պատգամավոր չեն կարողանում հստակ պատասխանել լրատվամիջոցի հարցին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ ընտրությունների անցկացմանը:

«Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը պետք է լինի սեղանի գիրք, որ Հայաստանում բազմաթիվ պոտենցիալ վարակակիրների փոխարեն թեստ հանձնեն Արցախ մեկնող լրագրողները և դիտորդները:

Ամեն դեպքում Հայաստանի իշխանությունը ճիշտ կանի որևէ դեպքում չփորձի տարանջատվել Արցախում կորոնավիրուսի վարակի բռնկման դեպքում հնարավոր քննադատությունից և պատասխանատվության ստանձնումից: Դա բացի կարեկցանքից որևէ այլ զգացում չի առաջացնի: Դրանով միայն կխոստովանի գործող իշխանության թուլությունը և կամքի դրսևորման իրողության բացակայությունը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1085 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ