...

Պետական այր, թե՞ քոմենթչի

Պետական այր, թե՞ քոմենթչի

Երեկ ՍԴ-ն հրապարակեց Քոչարյանի փաստաբանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշումը: Ավելի կոնկրետ՝ հրապարակեց այդ որոշման եզրափակիչ հատվածը: Դեռ հայտնի չէ, թե ինչ են գրել սկզբում և ինչ անակնկալներ են մատուցելու հասարակությանը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նույնպես խոստովանեց, որ ծանոթ չէ որոշման ամբողջական տեքստին: Բայց շտապեց «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոնի» տաղավար և հարկ համարեց հայտարարել հետևյալի մասին. «ՍԴ-ի որոշումները պարտադիր են կատարման»: Անշուշտ իրավագիտակից քաղաքացու դիրքորոշում: Սակայն չպետք է մոռանալ, որ նա նաև նախարար է և ունի ղեկավար՝ ի դեմս վարչապետի: Իսկ վարչապետը մի ամիս առաջ հյուրընկալել էր «Ազատություն ռադիոկայանի» ղեկավար Հրայր Թամրազյանին և ասել հետևյալը. «Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է ՍԴ-ն, ինչպես կսեփականաշնորհեին կոշիկի բուդկան»:                   

Այսօր լրատվությունը շատ է, իսկ նախարարը՝ բազմազբաղ: Բայց վարչապետի և նախարարի օգնականները պարտավոր են նախարարին տեղեկացնել վարչապետի կարևոր մոտեցումների և գնահատականների մասին: Եթե կոշիկի բուդկա է, ինչու պետք է նրա որոշումները լինեն պարտադիր: Ապօրինի կառույց է և նրանով պետք է զբաղվի Երևանի քաղաքապետարանը և ԴԱՀԿ-ը՝ ազատելով շենքը այն ապօրինի կերպով զբաղեցրածներից:     

Իսկ եթե վարչապետը նորից տրվել է սիլլոգիզմին, ապա նախարարը պարտավոր է զգուշացնել նրան, որ այն, ինչ կարելի է անել Վիգեն Սարգսյանի նկատմամբ, չի կարելի անել պետական ամենակարևոր ինստիտուտներից մեկի հանդեպ: 

Սա հասարակ քաղաքականություն չէ, որ ըստ պատեհության արձագանքես և փորձես գործընթացները ծառայեցնես սեփական շահերին: Պետական ամենաբարձր ատյանների հանդեպ այսպիսի երկակի վերաբերմունքը վտանգավոր է: Կամ այն լեգետիմ չէ և օր առաջ պետք է լուծարվի, կամ էլ անթույլատրելի է խաղալ նրա հեղինակության հետ: 
Պետության ղեկավարը պետք է տարբերվի ֆեյսբուքում քոմենթ անողից: Այն, ինչ հաճախ կարելի է ակտիվիստին և անգամ ընդդիմադիր գործչին, հակացուցված է պետական այրին: Անթույլատրելի է մի կառույց հռչակել բուդկա, իսկ այնուհետև կատարել նրա որոշումները:

Հասարակությունը իշխանություններից առաջնահերթ սպասում էր դատաիրավական բարեփոխումներ, դատարանների անկախության ամրագրում և հեղինակության բարձրացում: Դրա փոխարեն ունենք դատաիրավական ոլորտի վերաբերյալ ընդունված զրո օրենք, ամենաբարձր դատարանի քաղաքական կողմնակալություն, որն իր հերթին հղի է քաղաքական և իրավական կոլապսների վտանգներով:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   8402 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ