...

Չվախենալ տիեզերական աղմուկից

Չվախենալ տիեզերական աղմուկից

Երեկվանից իրարանցում է սոցիալական ցանցերում և մեդիաներում: Քաղաքական պայքարին չի կարելի ներքաշել դերակատարների ընտանիքի անդամներին: Խոսքը Հրայր Թովմասյանի հորը և դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելու մասին է:

Սա ակնհայտ մանիպուլյացիա է՝ համեմված ազգային մենթալիտետի նրբերանգներով: Հայկական իրականության մեջ ընտանիքը սրբություն է, և այն չի կարելի ներքաշել քաղաքական պայքարի նեղ դաշտ: Մինչդեռ իրականությունն այլ է, և նախկին ռեժիմը, իր սովորույթի համաձայն, փորձում է լուից ուղտ ստանալ: Հրայր Թովմասյանի հայտարարագրում կան ակնհայտ անհամապատասխանություններ: Հիմա ինչ անի ԱԱԾ-ն: Ասի՝ քանի որ մենք օրենքի երկիր չենք, այլ ավանդույթի ու սովորույթի, ապա Թովմասյանի հարազատները չպետք է կանչվեն հարցաքննության: Չպետք է պարզվի այդ չափահաս մարդիկ բարեխիղճ գնորդ են, ինչ միջոցներով են այն գնել, կա արդյոք Հրայր Թովմասյանի ներդրումը քաղաքի կենտրոնում մի քանի տասնյակ անշարժ գույք ձեռք բերելու մեջ, թե՝ ոչ: Ի վերջո, միայն քննությունը կարող է տալ այդ հարցերի պատասխանները: Ամենևին պետք չէ բացառել, որ Թովմասյանի հարազատները տաղանդավոր անշարժ գույքի գործակալներ են, իսկ ինքը չունի ոչ մի ավանդ այդ գույքերի ձեռքբերման մեջ: Միգուցե, նրան միշտ էլ խորթ են եղել նյութական արժեքները, և նրա միակ սերը եղել և մնում է սահմանադրություն գրելը:

ՍԴ-ն չուզեցավ գնալ ավելի քաղաքակիրթ ճանապարհով և քննության առարկա դարձնել Թովմասյանի պաշտոնական գործունեությունը և անգործությունը: Վարույթ չընդունելով՝ ՍԴ-ն անարգեց ոչ միայն ԱԺ-ին, այլ նաև նրան ձայն տված հարյուր հազարավոր քաղաքացիներին: Եվ հիմա իշխանությունը սկսեց մի գործընթաց, որի արդյունքում Թովմասյանը կզրկվի ոչ միայն պաշտոնից, այլ նաև, ամենայն հավանականությամբ, ազատությունից:

Լինելու է շատ մեծ աղմուկ՝ իրավական գնահատականներից մինչև ազգագրական՝ վերևում նշվածի համատեքստում: Բայց իշխանությունը այս անգամ չպետք է հետ քայլ անի, քննությունը անցկացնի միայն «գալոչկայի» համար: Թե քննություն էիք ուզում, կանենք: Ճիշտ այնպես, ինչպես ԱԺ-ն գործընթաց սկսեց Թովմասյանի դեմ՝ վերջնարդյունքը թողնելով ՍԴ-ին: Այս իշխանությունն արդեն բազմիցս է ապացուցել, որ տեղի է տալիս նախկինների բարձրացրած հիստերիային: Չպետք է ուշադրություն դարձնել արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանի, որը նաև համատեղությամբ Երևանի կենտրոնը ավիրած Նարեկ Սարգսյանի քրոջ որդին է՝ բարձրացրած աղմուկին: Չպետք է ուշադրություն դարձնել Վազգեն Մանուկյանի աներձագների բարձրացրած տիեզերական աղմուկին: Այդ մարդիկ չեն պաշտպանում իրավունքը կամ գոնե Թովմասյանին: Նրանք պաշտպանում են իրենց հարազատներին, քանի որ արդարադատությունը հաջորդը իրենց դուռն է ծեծելու:

Թովմասյանը իսկապես վերջին բաստիոնն է. այն պետք է վերցվի: Նրա և ՍԴ-ի մյուս անդամների համար բացվել էր հումանիտար միջանցք, բայց նրանք չօգտվեցին ընձեռված հնարավորությունից: 

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6273 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ