...

Բա հիմա ի՞նչ է լինելու

Բա հիմա ի՞նչ է լինելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը բավարարել է մասնակի:

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված վճռում նշված է.

«Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը.

«Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը, 2018 թվականի մայիսից սկսած, ինձ իր ծառայություններն է առաջարկել»:

Մեկ այլ որոշմամբ՝ դատարանը մերժել է Թովմասյանի հայցը ներողություն խնդրելու վերաբերյալ:

«ՉԻ». Դե, դատավոր Գայանե Խաչատրյանի մասով ամեն ինչ արդեն պարզ է: Չգիտենք՝ ով է, բայց ոնց ուզում է լինի, կենսագրությունը քրքրելու են, մի ղալաթ հայտնաբերեն, հետո դատավորի գործից հեռացնեն և այլն:

Մնում է հասկանալ, թե Նիկոլ Փաշինյա՛նն ինչ է անելու: Ինչ չի անելու, դա հասկանալի է: Դժվար թե Հայաստանի թիվ մեկ դեմքը կատարի դատարանի վճիռը ու իր ֆեյսբուքյան էջում հերքում տեղադրի: Էն էլ ո՞ւմ պահով. Արմեն Ռուստամյանի լավ ախպոր: 

Բայց ինչպե՞ս այսպես գեղարվեստորեն չկատարել դա: Չորով մի քիչ սիրուն չի ստացվի: Մի տարբերակն այն է, որ ֆեյսբուքի իր էջը փակի: Ասի՝ թուրք-ադրբեջանական հաքերները հարձակվել, էջս փակել են: Իսկ եթե ֆեյսբուքի էջ չկա, ուրեմն՝ հերքում էլ չկա, քանի որ դատարանը պարտավորեցրել է հենց ֆեյսբուքի էջում զետեղել հերքումը:

Իհարկե, դրանից հետո վերաքննիչ դատարանը կարող է Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հերքում տեղադրել ինստագրամի իր էջում, վճռաբեկը՝ թվիթերի, Եվրադատարանն էլ՝ տիկ-տոկի: Մինչև տեսնենք, թե Ուկրաինայում իրավիճակը երբ է խախանդվում: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2583 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ