Ինքը կախարդական գրիչ է, որը կարող է ցանկացած ներքաղաքական հարց ու ճգնաժամ լուծել, բարիշացնել ու թշնամացնել, նայած, թե ով է իրեն բռնողը:
Եվ ահա Սահմանադրական դատարանի գլխավոր սահմանապահ Հրայր Թովմասյանը որոշում է իրեն նվիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Որպես հավատարմության նշան, «նամյոկ», որ քո հետ եմ հուր-հավիտյան:
Բայց ամեն ինչ թարս է գնում, քանի որ վարչապետին գրիչը փոխանցելու համար Հրայր Թովմասյանը այն տալիս է Արթուր Վանեցյանին, որը մի ժամանակ գեներալ-մայոր էր ու Նիկոլի հետ քիփ էր: Բայց Վանեցյանն էլ փոխանակ գրիչը միանգամից հանձներ վարչապետին, Հյուսիսային պողոտայում մի տեղ պատահաբար տեսնում է Ալեն Սիմոնյանին, հետևից մոտենում է, աչքերը փակում ու հարցնում, թե՝ ո՞վ է: Ալեն Սիմոնյանը զգում է, որ ինչ-որ տեղ լսել է այդ ձայնը, ինչ-որ սկանդալային ձայնագրությունում, բայց տեղը չի բերում, հանձնվում է, ու Վանեցյանն էլ գրիչը տալիս է նրան, ասում է, որ կրվել ես, ուրեմն, դու էլ էս գրիչը պետք է փոխանցես վարչապետին:
Բայց Ալեն Սիմոնյանին նման կարևոր ու հույժ պետական նշանակության առաջադրանք տալը վերածվում է «по секрету, всему свету» իրավիճակի: Մինչև վարչապետի մոտ գնալը Ալենը տուն է մտնում՝ մի կտոր հաց ուտելու: Տնեցիք գրիչը տեսնում են, հարցնում են՝ էս ի՞նչ ա: Սա էլ նստում, միամիտ-միամիտ սաղ պատմում է: Ու այդպես երեկոյան գրիչի մասին ռեպորտաժը հայտնվում է 5-րդ ալիքի եթերում, հետո այն հրապարակվում է մի քանի հրապարակային թերթերում:
Վերջապես ինքը հայտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում: Ասում է՝ տեր իմ, դե, երեք ցանկությունդ ասա: Վարչապետը մտածում է ու ասում. «Ուզում եմ, որ էն մալյան-ադեկվատ խմբակին տանեն ոստիկանություն»: «Ցանկությունդ կատարված է, օ՜, իմ տիրակալ»,- ասում է ինքը,- «երկրորդ ցանկությունդ»: Փաշինյանը գցում-բռնում է ու բացականչում. «Թող Հրայր Թովմասյանը չլինի ՍԴ նախագահ լինի»: «Տե՛ր իմ, դա բարդ է, ինձ քեզ Հրայր Թովմասյանն է նվիրել, դա կարող է շահերի բախում առաջացնել, ավելի լավ է՝ երրորդ ցանկությունդ ասես»: «Ուզում եմ, որ մեր խորհրդարանում լուրջ, հասուն ու գործից հասկացող պատգամավորներ լինեն»,- բռունցքը սեղանին է խփում: Ինքը մի քիչ քննարկում, վերլուծում է այդ ցանկությունը ու հոգոց հանելով պատասխանում. «Առաջնորդ իմ, արի ես ավելի լավ է, Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հանեմ»:
Այդ պահին վարչապետին զանգում են, ինչ-որ բան զեկուցում, ու նա զայրացած բղավում է. «Էդ Մալյան-մուլյանին բաց են թողել, բա ես քեզ ի՞նչ էի ասել»: «Դու չասի՞ր, թող իրենց տանեն ոստիկանություն: Է՛, տարել են, սրանից ավել բան ե՞ս ուզել»,- պատասխանում է ինքը:
Արթնանում է ֆուտլյարում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020