...

Շուշան Պետրոսյանի երազը

Շուշան Պետրոսյանի երազը

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Ինքը մասնակցում է «Got Talent Armenia-2020» հեռուստանախագծին: «Ի՞նչ տաղանդ ունես, աղջիկ ջան»,- հարցնում է ժյուրիի նախագահ Հրայր Թովմասյանը: «Հիմա»,- պատասխանում է ինքն ու ցուցադրում իր շնորհքը. 2 րոպեում 14 հատ թփով, 11 հատ կաղամբով և երկու հատ պասուց տոլմա է փաթաթում:

«Բրավո»,- հերթով բացականչում են ժյուրիի անդամները, և միայն հեռվում նստած՝ ժյուրիի դատավոր Վահե Գրիգորյանն է, որ ձեն չի հանում: «Անցար հաջորդ փուլ»,- ասում է Հրայր Թովմասյանը:

Հաջորդը Նունե Եսայանն է. վերջինս 3 րոպե երգելու համար ավելի շատ հոնորար է ստանում, քան Գորան Բրեգովիչն ու Սերժ Թանկյանը: «Բացառիկ տաղանդ է»,- գոռում է ժյուրիի անդամ Ալվինա Գյուլումյանը,- «քեզ պետք է տանել Եվրոդատար.... էէէ, Եվրոտեսիլ»: 

Ներս է մտնում Սիրուշոն: «Իսկ ես ձեզ ֆոկուս ցույց կտամ: Ահա, տեսեք, ես սկուտեղի վրա եմ դնում մեր ընտանիքին պատկանող 13 առանձնատան, 18 էլիտար բնակարանի, 39 հողամասի, 3 գործարանի, 8 ֆիրմայի և 1,42 մլրդ դոլարի բանկային հաշվի փաստաթղթերը»: Հետո Սիրուշոն փաստաթղթերը շորով ծածկում է, երեք անգամ ասում՝ ֆշշ, ֆշշ, ֆշշ, շորը հանում է և, ո՜վ հրաշք, սկուտեղը դատարկ է, միայն ԺԵԿ-ի մի հատ տեղեկանք է, որ իրենց ընտանիքը վերջին 10 տարին Հայաստանում մշտապես վարձով է ապրել:

«Անզուգական է»,- տեղից ասում է Հրայրը: «Բայց ինձ կասես, էլի, էդ ֆոկուսիդ գաղտնիքը, ինձ պետք կգա, ես էլ Ռոբերտին բաց կթողնեմ»: 

Հերթականը Արթուր Վանեցյանն է: Կանգնում է ժյուրիի առաջ, բայց բան չի անում: Մի հինգ րոպե լուռ մնալուց հետո թողնում, հեռանում է: «Չէ, բալամ, սրանից տաղանդ դուրս չի դա»,- հոգոց է հանում ժյուրիի անդամ Արևիկ Պետրոսյանը:

Այդ պահին դահլիճ է մտնում Նիկոլ Փաշինյանը: Ինքը գույնը գցած, վազելով գնում է, կանգնում վարչապետի առջև ու ձեռքերը պարզած, ամբողջ մարմնով դեմը փակում է, որ Նիկոլը ցույց չտա իր տաղանդը ու սկսում է երգել. «Երազ իմ, երկիր, վայրենի»...

Արթնանում է ՀՀԿ-ի գրասենյակում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ