Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը զբոսնում էին: Քայլ առ քայլ քայլում էին այն վայրերով, որտեղ Արթուր Վանեցյանը հեծանիվ է քշել: Հեծանիվ քշելիս մտածել է այն հայրենիքի համար, որը հետո կուսակցություն պիտի դառնար: Այն կուսակցությունը, որի անդամ պիտի դառնար Արսեն Բաբայանը: Որը «Վերվարածները» սերիալից ավելի երկար սերիալ է սկսել Ստյոպա Սաֆարյանի հետ՝ ՍԴ-ում Սեդա Սաֆարյանի գործունեության շուրջ: Սերիալ, որի շրջանակներում հայտնվեց Մարտի 1-ի գործով Հակոբ Բաբայանը՝ Արսեն Բաբայանի հայրը: Այն մարտի 1-ը, որի 15-ամյակն է երկու օրից: Բայց մինչև այդ մարտի 1-ի սպանդի հիմնական կազմակերպիչներն այսօր վախուվիշ են անում սումգայիթյան ջարդերի առթիվ: Այն ջարդերի, որոնք ղարաբաղյան շարժման նոր կատալիզատոր դարձան: Այն շարժման, որի շնորհիվ կարիերա արածները հետո ուրացան այդ նույն շարժումը: Ուրացան, որ հետո Երևանի կենտրոնը գրավեն ու հիմնահատակ ավերեն «Կուկուռուզի» շենքը՝ տեղը դատարկ թողնելով: Այն կուկուռուզի, որը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ֆոտոսեսիայի շրջանակներում ուտում էին: Այն ֆոտոսեսիայի, որն արվել է, երբ նրանք զբոսնում էին... քայլ առ քայլ:
Հենց այսպես էլ ապրում ենք. վազող... չէ, քայլող տողով, կախարդական շրջանի մեջ: