«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ կատարած հրապարակումներին, որտեղ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր գրիչի լուսանկար՝ ասելով, որ այն իրեն է նվիրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, և այն որակել որպես ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն, Tert.am-ի հետ զրույցում ասել է.
«Գրիչի թեման պոկում ենք այն գաղափարից, որը վարչապետը ներկայացրել է։ Ոչ թե գրիչն է կարևոր, այլ տեքստը, որ Հրայր Թովմասյանը օգտագործել է բոլոր հնարավորությունները, որպեսզի նախկին իշխանություններին հարիր հարաբերություններ ունենա ներկայիս իշխանության հետ։ Գրիչը պարզապես փաստացի ապացույց է»:
«ՉԻ». Սա խորհրդային հայտնի անեկդոտ հիշեցրեց. մեկը արտասահմանում գտնվող իր բարեկամներին նամակ է գրում: Նամակը ԿԳԲ-ում բացում են, տեսնում են, մեջ բան չկա գրած: Մաքուր թուղթ է: Այդ մարդուն կանչում են ԿԳԲ, հարցնում, թե ինչո՞ւ է թուղթը դատարկ, ինչո՞ւ բան չի գրել: «Իսկ ի՞նչ գրեմ, առանց այդ էլ ամեն ինչ պարզ է»,- պատասխանում է քաղաքացին:
Մեր մեջ ասած, այս դեպքում էլ ոչ գրիչի թեման է կարևոր, ոչ՝ տեքստը: Այս թեմայի վերաբերյալ ինչ հնարավոր էր ասել, արդեն ասվել է, Հրայր Թովմասյանի և նրա կողմից ՍԴ նախագահի աթոռը զավթելու պատմությունը՝ իր բոլոր նրբություններով, խարդախություններով վաղուց ասվել է, բոլորը ամեն ինչ գիտեն, հասկանում են, և եթե Նիկոլ Փաշինյանը գրիչի պատմությունը մեյդան չգցեր, դրանից Հրայր Թովմասյանի բարոյական, քաղաքական նկարագիրը չէր փոխվելու:
Ամենահետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում նորից խոսում է Հրայր Թովմասյանի կողմից ՍԴ-ն գրավելու մասին, ու էլի մեջբերումներ է անում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանից: Վահե Գրիգորյանի բազմաթիվ մերկացնող հոդվածներից հետո ձեզ մնում է միայն շատ արագ լուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և լուծել այն իրավական ուղիով, որն առաջարկել էր Վահե Գրիգորյանը: