...

Հենց իշխանություններն արձակուրդից վերադառնան՝ տղամարդու խոսքը կասեն

Հենց իշխանություններն արձակուրդից վերադառնան՝ տղամարդու խոսքը կասեն

Ինչպես երեկ վստահություն էինք հայտնել, որ Սահմանադրական դատարանը կբավարարի Ռ. Քոչարյանի դիմումը, այդպես էլ եղավ: Այդպես էլ պետք է լիներ: 

2018թ. հեղափոխությունը տեղի ունեցավ գործադիր և օրենսդիր մարմիններում, բայց դատական իշխանությունը՝ Սահմանադրական դատարանով հանդերձ, մնացել է նախկին իշխանությունների ձեռքում: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը այս պահին նրանց ձեռքում է: Ուզում է` 70 տոկոս ձայն հավաքես, քրեական գործեր հարուցես, լավագույն քննիչներին գործի լծես, այդ ամենը զրո արդյունք կտա, եթե պետական կառավարման կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ դատականը, շարունակում է սպասարկել նեղ խմբակային շահեր:

Գիտեի՞ն այդ մասին իշխանությունները՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի: Իհարկե գիտեին: Հեղափոխությունից անմիջապես հետո բազմիցս է բարձրաձայնվել դատաիրավական ոլորտում շատ արագ բարեփոխումներ իրականացնելու հարցը: Զգուշացվել է, որ այստեղ դանդաղելը հղի է տխուր հետևանքներով: Որ դա վաղ թե ուշ հարվածելու է հենց իշխող կուսակցությանը, նրանց դնելու փակուղային իրավիճակում:

Ու ընդամենը մի տարի հետո, երբ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի միջոցով մարտի 1-ի գործը խցկեցին ՍԴ, Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ ինքը այնքան էլ ամենազոր չէ, որ չի տիրապետում իրավիճակին անհրաժեշտ չափով:

Խոսվեց դատական իշխանության վեթինգի, զտումների ու էլի ինչ-որ լավ բաների մասին, բայց ի՞նչ ենք տեսնում. Ազգային Ժողովը գնում է արձակուրդ: Չկա, գոյություն չունի օրենսդիր մարմինը, որը շատ արագ պետք է օրենսդրական փոփոխությունների ճանապարհով լուծեր Սահմանադրական դատարանի զավթման հարցը: Այո, զավթման. Վահե Գրիգորյանն այդ մասին ծավալուն հոդվածով անդրադարձել էր, մեկիկ-մեկիկ վերհանել էր այն մանիպուլյացիները, որոնց միջոցով Հրայր Թովմասյանին գործուղել էին ՍԴ: Ամեն ինչ ծամեց, տվեց, հուշեց նաև այդ ամենը լուծելու իրավական ուղին, և՞: Աջակցություն չստացավ: Մարդիկ արձակուրդ են գնում: 

Մենք նույնիսկ չենք քննարկելու ՍԴ-ի որոշման իրավական ասպեկտները: Բոլորս էլ հասկանում ենք, որ այն իրավական առումով ծիծաղելի է, գիտենք, որ նախկին իշխանություններից միայն նման որոշում էր սպասվում, գիտեինք, որ Հրայր Թովմասյանը ժամերով օտարերկրյա դեսպանների մոտ էր վազում, նրանցից խորհուրդ հարցնելու: 

Ի՞նչ պետք է այժմ անեն իշխանությունները: Առաջինը՝ սթափվեն: Վերջապես դուրս գան հեղափոխական թմբիրից: Ի վերջո հասկանան, որ հասարակությունը նրանց վստահել է իր քվեն նաև նրա համար, որպեսզի դեպի ավազակապետական համակարգ վերադարձի բոլոր հնարավոր ճանապարհները փակեն: Դա փողոցի ճանապարհ փակելով չի, այլ՝ ամենօրյա աշխատանք, համոզմունք, թիմային լուրջ գործ: Հակառակ դեպքում, մի օր էլ Հրայր Թովմասյանը կարող է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հակասահմանադրական ճանաչել: 

Հ.Գ. Փաշինյանի իշխանությունը այսօր հիշեցնում է Կռիլովի հայտնի առակի հերոսներին, որոնցից յուրաքանչյուրը սայլը դեպի իրեն է քաշում, արդյունքում ՝ սայլը ճռռում է: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ