Այսօր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից, ֆեյսբուքյան արժանապատիվ, թասիբով հանրությունից սպասում ենք գերարագ դատապարտել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հանդեպ այս և այլ անբարո հարձակումը, ատելության խոսքը, ինչպես որ դա արվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի անթույլատրելի գրառման դեպքում։ Ի տարբերություն Հարթենյանի, ով բարեբախտաբար ոչինչ չէր գրել Հրայր Թովմասյանի դստեր մասին, այստեղ շատ կոնկրետ ՀՀ քաղաքացիներ «ինքնադրսևորվել են», կոնկրետ լրատվամիջոցներ տարածել են ատելության խոսքը»:
Հայաստանում այսօր իսկապես անհավատալի երևույթների ականատեսն ենք: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամն իսկապես անթույլատրելի արարք է թույլ տվել: Կապ չունի՝ ինչ է գրել կամ տարածել Հրայր Թովմասյանի դստեր մասին: Որքան էլ չսիրենք Հրայր Թովմասյանին, նրա գործունեությունը քննադատենք, մեկ է՝ պետք է հանգիստ թողնել նրա ընտանիքին:
Բայց... երբ տեսնում ես, թե ինչպես են ընկել Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետևից, ովքեր են ընկել, ինչեր են գրում, դա իսկականից բարոյականության ցանկացած սահման է անցնում: Արդեն քանի օր է, գրում են Նիկոլ Փաշինյանի աղջկա՝ Մարիամի կամ Շուշանիկի մասին: Օրինակ, որ նրանք ամեն օր կիլոներով սև խավիար է առնում, ուտում: Ամեն օր այդ աղջկա հասցեին վիրավորական, հայհոյանքներով համեմված գրառումներ են անում: Գիտե՞ք՝ ով է Մարիամի մասին նման լուրերի հիմնական գրողն ու տարածողը. Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի նախկին գործընկերը, որ տարիներ շարունակ միասին են աշխատել, դիմակայել նախկին իշխանությունների հարվածներին, միասին ծնունդ, քեֆ, Նոր Տարի են անցկացրել, ընտանիքներով բարեկամություն են արել: Ոչ ոք Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին այդպես չի հարվածում, այդպիսի քստմնելի բամբասանքներ չի տարածում, ինչպես այդ նախկին գործընկերը: Ու այս նույն բամբասանքները, ֆեյք լուրերը տարածողների մի մասը նույնպես նախկինում ընդդիմություն է եղել, Փաշինյանի հետ միասին հազար ու մի ցույց, երթ ու ակցիա է կազմակերպել: Մի հատ Ստյոպա Սաֆարյանի հրապարակած «սքրինները» նայեք, թե ովքեր են Փաշինյանի ընտանիքի մասին խոսում, ու ովքեր են տարածում:
Եվ ինչն է սպանիչ. այդ նախկին գործընկերը երկու ստատուս է գրել. մեկում գրել է մոտավորապես հետևյալը. «Արդեն ընկել են Հրայր Թովմասյանի ընտանիքի ետևից, 37 թիվն է, սա անբարոյականության հերթական դրսևորումն է, այսպիսի բան երբեք չի եղել, սրանք մարդ չեն և այլն»:
Հաջորդ ստատուսում գրում է. «Նիկոլի աղջիկը՝ Մարիամը, ամեն օր իկրայով է զխկտվում, մարդիկ հացի փող չունեն, էս աղջիկը գնում, կիլոներով իկրա է առնում: Զզզվանք է ուղղակի, սրանց ընտանիքում մեկը մյուսից բեթար են»:
Այսինքն, եթե Հրայր Թովմասյանի դստեր մասին է գրվում, դա 37 թիվ է, բայց եթե Նիկոլ Փաշինյանի դստեր, ընտանիքի մասին է. դա՝ մամուլի ազատություն է, խոսքի իրավունք է, լավ ենք անում, գրում ենք, բա ինֆո ունենք, չտարածե՞նք: Չեն խնայում նույնիսկ փոքրիկ Շուշանիկին: Նույնիսկ Շուշանիկի վրա են «կայֆեր» բռնում:
Մենք ասում ենք, չենք թաքցնում. Հրայր Թովմասյանի դստեր, ընտանիքի դեմ ցանկացած վիրավորանք, ծաղր, ստատուս անթույլատրելի ենք համարում ու դատապարտում: Բայց մենք նաև ասում ենք. մենք դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի ընտանիքի, դստրերի դեմ տարվող քարոզչությունը, բամբասանքները, վիրավորանքները:
Համարեք, որ սա հայտարարություն է: Դե հիմա տեսնենք, թե քոչարյանական ու փեսայական վարձկան լրատվամիջոցներից քանի՞սը կմիանան այս հայտարարությանը, կամ նմանատիպ մի հայտարարություն էլ իրենք կանե՞ն, հետաքրքիր է, էլի, մեջները մարդ կգտնվի՞, թե՞ սաղին փողը տարել է:
Մենք այստեղ Փաշինյանին կամ Հրայր Թովմասյանին պաշտպանելու խնդիր չենք դրել, գրիչ-մրիչ, դա մի կողմ ենք թողնում, մենք ընդամենը ցույց ենք տալիս, թե ինչպես են բարոյականության և անբարոյականության սահմանները լղոզվել: