...

Չմոռանաք՝ մայիսյան ներխուժումներին հաջորդեցին հունիսյան ժողովրդավարական ընտրությունները

Չմոռանաք՝ մայիսյան ներխուժումներին հաջորդեցին հունիսյան ժողովրդավարական ընտրությունները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարել է, թե երեկվա փոխհրաձգության արդյունքում ստացել են ահազանգեր Նորաբակ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Կութ գյուղերի հետ կապված։ «Կապի մեջ ենք եղել բոլորի հետ։ Կութ գյուղում, որտեղ ավելի քիչ են եղել, միևնույն է լսելի են եղել հրետանու ձայները։ Այստեղ պետք է նկատի ունենանք հետևյալը, որ ադրբեջանական զինված ծառայողները հարձակումները գլխավորապես տարել են այն տարածքներից, որոնք վերաբերում են մայիսյան ներխուժումներին»,- նշել է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ պատերազմի օրերին Սյունիքում ունեցել ենք նաև երրորդ ներխուժումը։ 

Այո, կարևոր բան է մատնանշել օմբուդսմենը։ Այսօրվա իրադարձությունների արմատը պետք է փնտրել հենց մայիսյան ներխուժումների փաթեթում։ Բայց տրամագծորեն հակառակը տեղի ունեցավ։ Մայիսյան ներխուժումներին հաջորդեցին հունիսյան ընտրությունները։ Հայ հասարակության զգալի մեծամասնությունը, նաև վերոնշյալ համայնքներից, նախընտրեց իր ձայնը նորից տալ Նիկոլ Փաշինյանին։ Նախընտրեց ապրել հակառակորդի, կուզեք ասել՝ թշնամու հրաձգության տակ, բայց հանկարծ չտեսնել «անցյալի վերադարձը»։ Այսօր էլ շատերը չեն գիտակցում, որ սողացող այս պատերազմը նույնքան ծանր է, որքան 44-օրյան, ապրիլյանն ու առաջին արցախյան պատերազմը։ Չեն գիտակցում, մինչև մահը չի թակում իրենց դուռը. այսօր՝ Գյումրի, Ալավերդի, Վանաձոր (զոհված զինծառայողները հենց այդ մարզից էին)։ Մայիսին, հետո նաև հունիսին, գումարվեց նոյեմբերը։

Վարչապետի իր աթոռին ամրացած Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։ Անգամ գնահատական տվեց, թե «Միջազգային մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է՝ Ադրբեջանն ու նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը»: Հետո էլ հավելեց, թե «մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք, ու պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է», և ուրեմն՝ «մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով»։ Իսկ ադրբեջանցիները ոչ միայն չվախեցան ու չլռեցին, այլև ամբարտավանության չափաբաժինը ավելացրին։ Դեկտեմբերի 10-ին սահմանային լարումների հետևանքով զոհվեց Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Վահե Վաղարշակի Մանասերյանը, ևս ութ զինծառայողներ վիրավորվեցին։ Միջադեպը տեղի էր ունեցել Հայաստանի՝ «օկուպացված հատվածներից մեկում»: Այսպիսին էր ՀՀ ԱԳՆ-ի ձևակերպումը։ Տեքստում հիշատակվում էր նաև Ադրբեջանի՝ «Զանգեզուրի միջանցքի» անհեթեթ հռետորաբանության» մասին։ Ձևակերպումը դարձյալ ԱԳՆ-ինն է։ Ահա այս դեպքերից ու հայտարարությունից մեկ ամիս է անցել, և իրավիճակն, ըստ էության, ավելի է վատացել։

Բայց Նիկոլ Փաշինյանը «ՀԱՊԿ է աշխատեցնում», նա զբաղված է Ղազախստանը փրկելով։ Իսկ հայ ժողովուրդը կզոհաբերի ամեն բան, միայն թե Փաշինյանը հաջողի։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2820 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ