Թատերաշրջանն ավարտվեց
Ավարտվեց շաբաթը, և դրա հետ միասին ավարտվեցին ներքաղաքական սրացումները: Եթե, իհարկե, դրանք սրացում կարելի է համարել:
Նախ, Երևանի քաղաքապետ դարձավ Տիգրան Ավինյանը, քանի որ ընդդիմությունը, ավելի շատ ձայն հավաքելով, այդպես էլ չհասկացավ, որ Երևանի ընտրությունները քաղաքական գործընթաց են, ոչ թե դաշտը սևերի ու սպիտակների բաժանելու, պուպուշ երևալու թատերաբեմ: Մենք նույնիսկ վստահ ենք, որ այդ երեք ընդդիմադիր ուժերը ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո լայաղ չեն արել գոնե մի անգամ հանդիպել, քննարկել համատեղ գործելու որևէ ռազմավարություն: Ամեն մեկն իր էշն է քշել, արդյունքում քաղաքապետի պաշտոնը սկուտեղի վրա նվիրեցին Ավինյանին:
Եթե Ավինյանը հանդես էր գալիս «Ասեք, կանենք» կարգախոսով, ապա ընդդիմության կարգախոսն էր. «Չասենք, չանենք»:
Մնացեք տանը
Արցախը Ադրբեջանին սկուտեղի վրա նվիրելուց հետո էլ ծանրքաշային ընդդիմություն էր ոտքի կանգնել: Ծանրքաշայինը համեմատության մեջ ենք ասում, հազիվ կիսաթեթև քաշային կարգ ունեն: Դաշնակները, Վազգեն Մանուկյանը, Չալաբյան-մալաբյան Փրկության հերթական կոմիտեն ստեղծեցին, Հանրապետության հրապարակը գրավեցին, եկան, մի քանի օր մուննաթ եկան իշխանությունների վրա ու... պրծ, ցրվան տներով: Անձրև էլ չի, էլի, որ ասես, եղանակն էր խանգարում:
Պարզվեց, որ հիմնական պատճառը Փրկության կոմիտեի ներսում առկա տարաձայնություններն են: Իրար հետ կռվել են, գժտվել, հրապարակավ մի երկու թթու խոսք էլ ասացին միմյանց հասցեին: Նիկոլը մի անկյունում կանգնած ծիծաղում է:
Բայց ընդդիմությանը խորհուրդ կտանք շատ հեռու չգնալ, ոտքները կախ գցել, մարդ ես, մեկ էլ տեսար, իշխանությունները մի նոր օյինբազություն արեցին, կամ հարևան Ադրբեջանը մի նոր ագրեսիա ձեռնարկեց, նոր պատերազմ, նոր կորուստներ, այդ ամենը հրաշալի ելույթների և լալահառաչ կոչերի լայն դաշտ է բացելու: Հա, ու հիշեք. առաջնորդը միայն Վազգեն Մանուկյանը պետք է լինի, Ղարաբաղյան շարժման ղեկավարը, «Ղարաբաղ» կոմիտեի նախագահը, Հայաստանի հիմնադիրը, մեր փրկության միակ փարոսը:
Մանավանդ, որ Politico թերթն էլ գրել է, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Կարող է տեղեկատվական սլիվ է, կարող է ճիշտ է, բայց ամեն ինչ կարող է պատահել: Սև օրերը Հայաստանի համար դեռ չեն ավարտվել:
Դեռ չի կողմնորոշվել
Ինչպես որ պատահեց այն, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ այս շաբաթ բավական մեղմացրեց իր հռետորաբանությունը Ռուսաստանի հասցեին: Անցած շաբաթ հայ-հայ «հայկական ջիհադ» էր հայտարարում Ռուսաստանին, ինքնիշխանության ինչ-որ նշաձողեր էր տնկել, Եվրոպա-բան էր խաղացնում, իսկ հիմա Պուտինի ծնունդն է շնորհավորում, Ռուսաստանից բենզին է խնդրում, մի քիչ Ռուսաստանին կառուցողական ֆոնի ներքո է ներկայացնում:
Հիասթափվել է Արևմուտքից, ինչ է արել, թե որոշել է, որ այս տարածաշրջանում բոլոր պրոբլեմների, հակամարտությունների կարգավորման թելերն ավելի շատ Ռուսաստանի մոտ են գտնվում, քան Արևմուտքի: Դա մյուս շաբաթ կերևա, առայժմ երկու լարի վրա է խաղում, Հռոմի ստատուտն էլ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը «պեչատեց», դրա հետևանքները պետք է տեսնել:
Կորել է էթիկան
Եվ վերջում՝ մի բան էլ. ՀՅԴ անդամ, պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ինչպես գիտեք, ընդդիմության հանրահավաքներից մեկի ժամանակ ընդհարվել էր ոստիկանների հետ, ծեծի ենթարկվել, տեղափոխվել էր հիվանդանոց: Կադրերից երևում էր, որ լավ էին ծեծել, քիթը ջարդված, աչքերը կապտած, դեմքը ուռած: Ապաքինվելուց հետո երկու օր առաջ առաջին անգամ հրապարակավ խոսել է:
Թե ինչ է խոսել, ոչ մեկին հետաքրքիր չէր, բոլորը խոսում էին նրա քթից, որ այն ոնց որ թե փոքրացել է: Գուցե պլաստիկ վիրահատության է ենթարկվել: Չգիտենք, բայց դա առիթ է, որ նրան ծաղրե՞ն: Իշխանամետ մի զանգված, տարածելով նրա լուսանկարները, հի-հի, հա-հա է անում:
Հանրային խորհրդի նախկին նախագահը, անունով էլ քաղաքագետ, դրել, «կայֆավատ» է լինում Գեղամ Մանուկյանի վրա: Հո դուք... չգիտենք էլ, ինչ անուն տանք: Տարրական էթիկա, զսպվածություն գոյություն չունի, ղժժալուց հաշվի առեք, որ այդ մարդու գեներալ եղբայրը հիմա Բաքվում բանտարկված է, մի քիչ մտեք Գեղամ Մանուկյանի դրության մեջ: Մի քիչ, շատ չեք կարող: