«Մեր երազանքների Ալավերդի համայնքը քայլ առ քայլ կերտելու ենք», համայնքապետի պաշտոնը զավթելու օպերացիայից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Այս գրառման մեջ առաջին հերթին աչք է ծակում այն, որ ՔՊ-ական պատգամավորը «քերթելու ենք» բառակապակցության մեջ միանգամից երկու ուղղագրական սխալ է թույլ տվել, բայց խնդիրը միայն դա չէ։ Բանն այն է, որ այդ գրառումից առաջ նա Ալավերդու օրինականորեն ընտրված համայնքապետին տեսախցիկների առջև անվանել է «համբալ»։ Ու եթե համարենք, որ դա նրա սկզբունքային դիրքորոշումն է, նշանակում է՝ ըստ նրա, ընտրություններով իշխանության հասած յուրաքանչյուր պաշտոնյա «համբալ» է։ Իսկ 2021 թ․ ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը․․․ մեղա-մեղա․․․
Չէ, լավ օրինակ չբերեցինք, ավելի լավ է ՏԻՄ ընտրություններից օրինակ բերենք։ Ասենք՝ Երևանի ավագանու ընտրություններում Տիգրան Ավինյանն ամենաշատ ձայները ստացավ, իսկ դա, Արեն Մկրտչյանի տրամաբանությամբ, ինքնաբերաբար նշանակում է, որ նա «համբալ» է․․․ Չէ, էլի սիրուն բան չստացվեց։
Լավ, եկեք պայմանավորվենք, որ իր այդ սկզբունքային գնահատականը հնչեցնելու պահին պրն Մկրտչյանի աչքը պատահաբար ընկել է հայելուն, ու դրանով էլ միջադեպը համարենք սպառված։ Բա հո թույլ չե՞նք տալու, որ հարազատ կուսակցության առաջնորդներն այդ խեղճ տղային «սամասուդ անեն»։