...

Աղանդավորությունը չգիտենք, բայց բանականության հետ խնդիրներ կան

Աղանդավորությունը չգիտենք, բայց բանականության հետ խնդիրներ կան

Արդարադատության նախարարը մի տերմին է հորինել, որը կարծես իրեն հանճարեղ է թվացել և առիթ-անառիթ այն օգտագործում է: Խոսքը «իրավական աղանդավորության» մասին է: Այս բառերի միջոցով նա փորձում է պիտակավորել բոլոր նրանց, որոնք հիշեցնում են կառավարության և մասնավորապես Փաշինյանի խոստման մասին, որ դատավորների վեթինգ պետք է տեղի ունենա:

Գաղտնիք չէ, որ հենց Բադասյանի նշանակումից հետո վեթինգի շուրջ աշխատանքները կասեցվեցին, իսկ իշխանությունները նախընտրեցին իրենց հռետորաբանությունից հեռացնել այդ օտարածին տերմինը: Իրենք ամենաազգային կառավարությունն են և չեն կարող օգտագործել աղանդավորական գործիքակազմ:

Ամռանը հրաշալի առիթ էր առաջացել առանց աղմուկի և ավելորդ քաշքշուկի ազատվել գոնե այն դատավորներից, որոնք ակնհայտ ապօրինի դատավճիռներ էին կայացրել Մարտի 1-ի գործերով դատապարտված քաղբանտարկյալների նկատմամբ: Պետք էր միայն կամք դրսևորել, հավաքել ԱԺ-ն և անցկացնել օրենք, որով պաշտոնանկ կարվեին Մարտի 1-ի վերաբերյալ դատավճիռ կայացրած բոլոր դատավորները:

Չկար Սահմանադրական դատարան և ըստ էության մինչև հիմա էլ չկա, և ռևանշիստները չէին կարող օգտվել այդ օպցիայից՝ բողոքարկելու իրենց համար այդ տհաճ օրենքը: Դա կլիներ իսկապես կարևոր գործ, և արդարադատությունը կազատվեր ամենախայտառակ գործերում ներգրավված դատավորներից: Դա կլիներ իսկապես պայքար դատական աղանդի դեմ, համակարգից կհեռացվեին մարդիկ, որոնք հանուն Քոչարյանի պատրաստ են ցանկացած ապօրինության: Քանի որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները չեն կարողանում բացահայտել, թե ինչ ուրիշ շարժառիթներ կան դիցուք Ալեքսանդր Ազարյանի ներկայումս կայացրած դատավճիռների հիմքում, մնում է միայն նրա՝ Քոչարյանի աղանդում ներգրավված լինելու վարկածը:

Ինչու հիշեցինք հենց Ազարյանին: Այսօր հայտնի շրջանակները փորձում են նրանից կերտել գրեթե արդարադատության մարտիկի, որը տեղի չի տալիս իշխանական ճնշումներին և կայացնում է արդար դատավճիռներ: Ազարյանը Մարտի 1-ի գործով նախագահել է չորս դատավարություններում և կայացրել 4 մեղադրական դատավճիռ:

Ներկայացնենք, թե ինչ է պատմում քաղբանտարկյալ Ֆելիքս Գևորգյանի հայրը՝ Պետրոս ԳևորգյանըForrights.am կայքին:

«Ֆելիքսին թույլ չէին տալիս փաստաբան ունենալ: Նաև ստիպում էին, որ նա համաձայնի արագացված դատերի: Երբ որ իրեն բերեցին դատարան, դատավոր Ազարյանը անձամբ մտավ նրա պահման վայր և սկսեց ահաբեկել տղայիս, ասելով՝ եթե հրաժարվես արագացված դատից, տես, թե քո գլխին ինչ կսարքեմ: Իսկ իմ նկատմամբ սանկցիա կիրառեց ու մինչև դատավարության ավարտը թույլ չտվեց մասնակցել դատերին: Ես դա երբեք չեմ մոռանա»:

Ալեքսանդր Ազարյանը վճռով Ֆելիքս Գևորգյանին մեղավոր ճանաչեցին 4 հոդվածներով: Խոշտանգումների հետևանքով մինչ օրս առողջական խնդիրներ ունի:

Այնպես որ՝ աղանդավորությունը չգիտենք, բայց հաստատ բանականության հետ խնդիրներ ունենալու դեպքում է հնարավոր կարծել, թե Ազարյանի աշխատավարձը բարձրացնելով կլուծենք խնդիրը:

Արիս Վաղարշակյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ