...

Պարգևատրված հակահեղափոխականը

Պարգևատրված հակահեղափոխականը

Մեծ հաշվով, մինչ այս պահը իշխանությունները կատարել են մեկ ռազմավարական բնույթի սխալ: Դա դատական իշխանությունը բարձիթողի վիճակում, իսկ ավելի ճիշտ՝ նախկինների ազդեցության տակ թողնելու սխալն է:

Իհարկե, դատական իշխանությունը կարգի բերելը միանգամից չէր բերելու մարդկանց կյանքի շեշտակի բարելավմանը, չէր լուծելու Արցախի հարցը, Ամուլսարի թնջուկը, չէր պաշտպանելու կորոնավիրուսից, սակայն շատ կարևոր խնդիր էր լուծելու: Այն է՝ անհնար էր դարձնելու ռևանշի վտանգը, թալանի վերադարձը չէր դարձնելու անհնարին և արդյունքում բյուջե կհոսեին հարյուրավոր միլիոն դոլարներ: Իսկ հիմա այդ պրոցեսը գրեթե կանգնեցված է, 2019 թվականին վերադարձը կազմել է աննշան գումար:

Երեկ հայտնի դարձավ, որ ռազմավարական սխալն ունի կոնկրետ պատասխանատու, նրա անունն է Ռուստամ Բադասյան: Երեկ՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, Բադասյանը խոստովանեց, որ ինքն է առաջարկել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնին և ավելին՝ անգամ հիմա պնդեց, որ նրան մերժելու որևէ հիմք չկար:

Նման խոստովանությունից հետո արդեն չպետք է կասկածել, թե ով է վարչապետին համոզել, որ վեթինգ պետք չէ: Երևի այլևս պետք չէ նաև կասկածել, թե ով է Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուծալուծման մեկ ու կես տարի տևած ու դեռ չավարտված էպոպեայի ճանապարհային քարտեզի հեղինակը:

Եթե մարդը չի տեսել և շարունակում է չտեսնել, թե ինչու Վահրամ Ավետիսյանը չի կարող հեղափոխական իշխանության թեկնածուն լինել, նա նաև չի տեսնի, թե ինչու դատավորներ Ազարյանը, Ռշտունին և ևս մի քանի տասնյակ դատավորներ պետք է ենթարկվեն խստագույն վեթինգի:

Ամենայն հավանականությամբ նա է վարչապետին համոզել, որ Վենետիկի հանձնաժողովը շատ ավելի կարևոր է, քան հեղափոխության օրակարգը: Նա է համոզել, որ տոտալ վեթինգ պետք չէ, յուրաքանչյուր դատավորի հետ առանձին լեզու կգտնենք:

Արդարադատության նախարարը պետք է լիներ հեղափոխության գաղափարներին նվիրված անձ: Նա է վարչապետի թիվ մեկ իրավախորհրդատուն, նրա իրավական անվտանգության երաշխավորը:

Իրականությունը լրիվ այլ է և ամենևին պատահական չէ, որ արդարադատությունից ամենից շատ անհանգստացած ռևանշիստները վաղուց չեն թիրախավորում Բադասյանին: Մարդը ամեն ինչ անում է, որ հատուցման պահը ուշանա, չկայանա և այն դեպքերում, որ հնարավոր չէ ոչինչ չանել, նա անում է այնքան կիսատ, որ ավելին անգամ Արփինե Հովհաննիսյանը չէր անի, եթե լիներ Փաշինյանի արդարադատության նախարարը:

Երեկվա խոստովանությունից հետո Փաշինյանին այլ ելք չի մնում, քան Բադասյանին հեռացնել նախարարի պաշտոնից: Իհարկե, Փաշինյանի համար նորություն չէր, որ Բադասյանն է առաջարկել Ավետիսյանի թեկնածությունը, սակայն ստեղծված վիճակում նրան պաշտոնին թողնելը նշանակում է, որ ոչ թե թյուրիմացության մեջ է եղել, այլ ամբողջովին կիսում է Բադասյանի հակահեղափոխական գործունեության պատասխանատվությունը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2092 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ