...

Ոչ մի Միշիկ և Էդմոն չեն կարող անել այն, ինչ հաջողությամբ անում է իշխանությունը

Ոչ մի Միշիկ և Էդմոն չեն կարող անել այն, ինչ հաջողությամբ անում է իշխանությունը

2019 թվականի մայիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության իր աշխատասենյակից լայվ մտավ և ավետեց՝ վերջ, մեր համբերության բաժակը լցված է, շատ կարճ ժամանակահատվածում անցկացնելու ենք դատական   համակարգի խորը և տոտալ վեթինգ: Հասկանալի էր նաև Փաշինյանի նյարդանալու և կտրուկ լուծումների գնալու դրդապատճառը: Մեկ օր առաջ դատարանը կալանքից ազատել էր Ռոբերտ Քոչարյանին: Մինչև վեթինգ սկսելը Փաշինյանը նաև կոչ արեց շրջափակել դատարանները, որը հաջորդ օրն իրականացավ:

2020 թվականի մայիսի 11-ին Փաշինյանը կրկին լայվ ունեցավ նույն աշխատասենյակից: Այս անգամ նա միայնակ չէր, նրա հետ էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ինչ ասացին նրանք խոստացված վեթինգից մեկ տարի անց: Եթե մի փոքր այլաբանորեն ձևակերպենք, կստացվի մոտավորապես այսպես. եկել ենք ասենք, որ մեզ վրա հույս չդնեք: Անելու ենք վեթինգ, բայց ոչ հիմա, ոչ ամբողջովին և ընդհանրապես այնպես կանենք, որ դատավորները ոչ մի ցավ չեն զգա: Պարզվեց՝ մեկ տարի առաջ խոստացված վեթինգի համար սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ, և անգամ դրա պարագայում խորը վեթինգը վնասակար է ու կարող է պարալիզացնել դատական համակարգը: Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ նույն Բադասյանը այդ մասին մեկ տարի առաջ տեղյակ չի պահել Փաշինյանին: Ինչո՞ւ նույն Փաշինյանը քաղաքական լրջագույն խոստում տալուց առաջ չի խորհրդակցել իրավաբանների հետ: Եվ ընդհանրապես, ինչի՞ն էր պետք երեկվա լայվը: Հանրամատչելի ցույց տալու, որ երկրի վարչապետը մեկ տարի առաջ կարող է խոստանալ մի բան, որի իրագործելը սխալ է և անհնա՞ր:

Ոչ մի Միքայել Մինասյան, ոչ մի Էդմոն Մարուքյան կամ Արթուր Վանեցյան ի վիճակի չեն հասարակության մեջ հիասթափություններ գեներացնելու: Դասականի ասած, այս հասարակությունը տեսել է ավելի մասշտաբային և   տոտալ քարոզչություն և հակաքարոզչություն ու չի գայթակղվել: Այս հասարակությունը մերժել է խորհրդային պրոպագանդան, մերժեց Քոչարյանի և Սարգսյանի 20 տարվա ուղեղների լվացումը, և ոչ մի ծաղրածու չի կարող   Կիսաբաց լուսամուտներ հիշեցնող լայվերի միջոցով ապակողմնորոշել նրան:

Հասարակությունը հիասթափվում է Փաշինյանի և Բադասյանի երեկվա լայվերի արդյունքում: Հասարակությունը հիասթափվում է, երբ նրան մեկ օր առաջ ասում են, որ միշիկածին տարրերի հիստերիան կապված է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի ուժի մեջ մտնելու հետ, իսկ հաջորդ օրը նույն լայվի ժամանակ ասում, որ լավագույն դեպքում առաջին գործերի ականատեսը կդառնաք 2021 թվականից ոչ շուտ: Այսինքն՝ մի 7 ամիս էլ սպասեք: Երկու տարի, որ սպասել եք, քիչ է՝ էլի տեղ կա սպասելու:  

Հասարակության մեջ հիասթափության աճի միակ մեղավորը իշխանությունն է՝ իր անհետևողականությամբ, դանդաղկոտությամբ, տրված խոստումների նկատմամբ քամահրական վերաբերմունքով: Ոչ մի Միշիկ, ոչ մի Սերժիկ չեն կարող անել այն, ինչ անում է իշխանությունը՝ քաղաքական կամքի բացակայության պատճառով:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3305 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ