Այսօր տեղի է ունեցել կառավարության՝ 2021թ․ վերջին նիստը, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե նոյեմբերին աշխատատեղերի առումով պատմական ամենաբարձր ցուցանիշն ենք ունեցել։ Իր հերթին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նոյեմբերին ունեցել ենք 654 հազար աշխատատեղ, բացի այս աննախադեպ աճել է նաև միջին ամսական եկամուտների ցուցանիշը։ «Միջին ամսական եկամուտների մասով մեկ աշխատատեղի գծով 2021 թվականին կազմել է 214 հազար դրամ, 2020 թվականին այդ թիվը 203 հազար դրամ էր, իսկ 2019 թվականին՝ 190 հազար դրամ։ Այսինքն՝ 214 հազար դրամի ավելացում կամ 12,6 տոկոսի ավելացում ունենք»,- հավելել է ՊԵԿ նախագահը։
Պաշտոնական այս հայտարարությունները «կտրենք» վերջին օրերի այլ հայտարարություններով, որոնց հեղինակները Հայաստանի իշխանությունները չեն, պատկերացնո՞ւմ եք՝ ոչ էլ ընդդիմադիրներն են։ Եվրասիական տնտեսական միության կառավարող մարմնի՝ ԵՏՄ հանձնաժողովի օրերս հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել գործազուրկների թվով։ Միության հինգ անդամ երկրներից գործազրկության մակարդակը ամենաբարձրը Հայաստանում է՝ այս տարվա երկրորդ եռամսյակում այն կազմել է 15 տոկոս։ Իր հերթին երեկ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին տարեվերջյան ուղերձում նշել է, թե «․․․ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու Հայաստանում կայուն զարգացմանը նպաստելու համար»: Ըստ նրա՝ Հայաստանում առկա է 27 տոկոս աղքատություն, չափահաս բնակչության 18 տոկոսը գործազուրկ է։ Բայց այս գնահատականները կարևոր չեն, կարևորը Փաշինյանի բնորոշումն է՝ «պատմական ամենաբարձր ցուցանիշ» ձևակերպմամբ։
Գոհար Վեզիրյան