...

Առաջիկա օրերին նոր թիրախ կհայտնվի

Առաջիկա օրերին նոր թիրախ կհայտնվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարող է հանգիստ լինել. ևս մի երկու օր և դարի «կոռուպցիոն բացահայտումի» մասին աղաղակողները կմոռանան նրա մասին: Այս շաբաթ նախկին ռեժիմը և նրա սատելիտ հանդիսացող խորհրդարանական ընդդիմությունը կստանա «թոփ-թազա» թիրախ: Արդարադատության երիտասարդ նախարար Ռուստամ Բադասյանը կհայտնվի նրանց նշանակետում: Խորհրդարանը այս շաբաթ քննարկելու է «ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի գնալու սոցիալական երաշխիքների մասին օրինագիծը»:

Խոսքն այն մասին է, որ ՍԴ այն անդամները, որոնք կհամաձայնվեն վաղաժամ դադարեցնել իրենց լիազորությունները, մինչև այն ժամկետը, որ կարող էին պաշտոնավարել, կստանան աշխատավարձը թոշակի տեսքով: Հարցի արժեքը կազմում է 900 միլիոն դրամ, այսինքն մոտ երկու միլիոն դոլար:

Միայն կարելի է պատկերացնել, թե առաջիկա օրերին պոպուլիզմի, մանիպուլյացիայի և դեմագոգիայի ինչ չափաբաժին է հրամցվելու հասարակությանը: Մատնանշվելու են հազար ու մի խնդիրներ, որ ավելի առաջնահերթ են, բերվելու են տասնյակ օրինակներ, թե որտեղ կարելի էր այդ գումարը ծախսել: Նախկին ռեժիմի մեդիան, առանց ամաչելու, տիրաժավորելու է տարիներ շարունակ բազում չլուծված սոցիալական խնդիրներ՝ առանց նշելու, որ դրանք առաջացել են և լուծում չեն տրվել իրենց ֆինանսավորողների իշխանության տարիներին: Հատուկ հոգեբանական գրոհ է լինելու ՍԴ անդամների վրա՝ մի կողմից՝ զգուշացնելով, որ հաջորդ իշխանությունը չեղարկելու է արտոնությունը, մյուս կողմից՝ ահաբեկելով, որ հետագայում խնդիրներ են ունենալու:

Այս պայմաններում իշխանությունը հստակ քարոզչական աշխատանք պետք է իրականացնի: Հանրությունը պետք է հստակ հասկանա օրենքի կիրառման քաղաքական անհրաժեշտությունը: ՍԴ այս կազմի պահպանման դեպքում, չպետք է հույս ունենալ որևէ խորքային բարեփոխման: Բոլոր այն օրենքները, որոնք միտված կլինեն նախկին ռեժիմի դիրքերի խարխլմանը, տորպեդահարվելու են, եթե ՍԴ ներկայիս ստատուս-քվոն պահպանվի: Եթե ոչ անմիջական պաշտոնատար անձանց միջոցով, ապա այլ եղանակներով պետք է հասարակությանը բացատրվի, որ ՍԴ այս կազմը վիժեցնելու է Մարտի 1-ի մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հասարակական կոնսենսուսը: Պետք է հնարավորինս շատ իրազեկվի հասարակությունը, որ նախատեսված գումարը միանվագ չի տրվելու: Այն ծախսվելու է տարիների ընթացքում և լուրջ բեռ չի դառնալու բյուջեի համար:
Առանց սեթևեթանքների պետք է խոսել հասարակության հետ և բացատրել ստեղծված իրավիճակի բարդությունը: ՍԴ բաստիոնի պահպանումը նախկին ռեժիմի կողմից շատ հավանական է դարձնում ռևանշի հնարավորությունները: Սա մի գին է, որ պետք վճարել՝ նախկինի վերադարձը կասեցնելու համար:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3773 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ