Սերժ Սարգսյանը պարծենալու մասնակի առիթ ունի: Ի վերջո, երկար ջանքերի ու անմոռաց գործունեության շնորհիվ գոնե մեկ առանձին վերցված ոլորտում նա հասել է հաջողության: Խոսքը դատական համակարգը կրկեսի վերածելու մասին է: Եվ նա դա արել է՝ վերջին երկու տարվա ընթացքում պաշտոն չունենալով:
Առաջ չկար դատական իշխանություն, այն գործադիր իշխանության ստորաբաժանում էր, որ դակում էր իշխանության ցանկացած քմահաճույք: Հիմա կա դատական իշխանություն, որը, սակայն, ավելի շատ հիշեցնում է Սարգսյանի նախընտրած կրկեսը:
Այսպիսի կրկես ոչ մի տեղ և ոչ մի պատմական ժամանակաշրջանում չի եղել: Հեղափոխական դատարանների, տրիբունալների ու էշաֆոտների մասին գիտեինք, բայց որ հեղափոխության արդյունքում դատարաններում կրկեսային ներկայացումներ բեմադրեն, չէինք տեսել ու լսել:
Նախկինում, Հայաստանի ժողովրդի և քաղաքական ընդդիմության միակ հույսը Եվրոպական դատարանն էր: Կարելի է ասել, որ այս առումով բան չի փոխվել: Հիմա էլ ժողովրդի միակ հույսը ՄԻԵԴ-ն է, միակ փոքրիկ տարբերությունն այն է, որ նախկին ընդդիմությունը հիմա իրեն կոչում է իշխանություն, բայց նախկինի պես միակ հույսը կարող է կապել ՄԻԵԴ-ի հետ:
Եթե հեղափոխության սկզբում դեռ կարելի էր որոշ հույսեր կապել Հայաստանի դատարանների հետ, ապա վերջին մի քանի ամիսների ընթացքում նրանք բացարձակ դուրս են եկել օրենքի և իրավունքի դաշտից և վերածվել են Քոչարյանի ու Սարգսյանի փաստաբանական գրասենյակների:
Ամենազավեշտալին այն է, որ այդ «փաստաբանական գրասենյակներին» արդեն բացահայտ սկսել է հովանավորել նաև ԲԴԽ-ն՝ վերածվելով նրանց փաստաբանական պալատի: Զավեշտն այն է, որ այդ մարմինը անցյալ տարի վերակազմավորվեց և իբր ազատվեց նախկինների կամակատարներից: Բայց չգիտես ում մտքով անցավ, որ կարելի է ԲԴԽ նախագահ կարգել Ռուբեն Վարդազարյանին, որը մինչև հեղափոխությունը զբաղեցնում էր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը և որտեղ դակում էին գործադիր իշխանության քաղաքական դատավճիռների առյուծի բաժինները: Թերևս գործ ունենք ևս մեկ հերթական շանսի հետ, թե իբր հեղափոխությունից հետո Վարդազարյանը պետք է հասկանար իրեն տրված հնարավորության արժեքը, ուղղվեր և դառնար օրենքի և իրավունքի մեծ նվիրյալ:
Ամենևին անակնկալ չի լինի, որ երկար մաքառումներից, տանջանքներից ու փորձություններից հետո, նոր ՍԴ-ն սկսի ղեկավարել Ռուբեն Վարդազարյանի նման մեկը: Եվ կրկին հայտնվենք կոտրած տաշտակի առջև:
Դատարաններում այս կրկեսի հաղթարշավի շարունակության դեպքում, հնարավոր է՝ հասարակությանը վերջնականապես անհետաքրքիր լինի, թե ինչ է կատարվում կառավարությունում և խորհրդարանում:
Արիս Վաղարշակյան