...

Господин Саргсян, после еды горчицы не надо

Господин Саргсян, после еды горчицы не надо

Երեկվանից շատերն են հարց տալիս, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իշխանությունը տվել էր Կարեն Կարապետյանին:

Ըստ էության, մեսիջի հասցեատերը ոչ թե Հայաստանի քաղաքացին էր, այլ օտարը: Եթե ավելի կոնկրետ՝ Ռուսաստանը: Գաղտնիք չէ, որ 2018 թվականի իրադարձություններից հետո Կրեմլում չեն ցանկանում լսել Սերժ Սարգսյանի անունը, ինչը չես կարող ասել Քոչարյանի մասին:

Հիմա Սերժ Սարգսյանը փորձում է արդարանալ, թե իբր ցանկացել է իշխանությունը փոխանցել Կարեն Կարապետյանին, բայց վերջինս ի վիճակի չեղավ այն պահել:

Միայն այս օրինակով ամբողջովին բացահայտվում է Սերժ Սարգսյանի՝ ստախոսությամբ զբաղվելու սովորությունը: Եթե իսկապես նման ցանկություն կար, ապա չպետք է վիճակը այնքան բարդանար, որ որևէ նշանակություն չունենար, թե ինչ է ցանկանում Սերժ Սարգսյանը:

Նախկին նախագահը վկայակոչում է ապրիլի 24-ը, բայց այն արդեն անցել էր, և ՀՀԿ-ականները կարող էին վարչապետ առաջադրել Կարեն Կարապետյանին: Եթե վախենում էին ժողովրդի ցասումից, կարող էին մայիսի 8-ին վարչապետ չընտրել Նիկոլ Փաշինյանին, և արտահերթ ընտրությունները կկազմակերպեր Կարեն Կարապետյանի կառավարությունը: Հաստատ Հանրապետականի համար պատկերն այդքան ողբալի չէր լինի, ինչպես եղավ 2018 թվականի դեկտեմբերի 8-ին: Անշուշտ, համաժողովրդական շարժումը չէր մարի, կպահեր իր դոմինանտությունը, բայց նաև իշխանությունը ժամանակ կշահեր ու տարբեր միջոցներով անհամեմատ լրիվ ուրիշ խճանկարով խորհրդարան կձավորվեր: Ինչպես Օդեսայում են ասում՝ это две большие разницы: Մի բան է, երբ ժողովուրդը ցանկանում էր Սերժի հեռանալը, լրիվ այլ բան՝ Նիկոլի իշխանություն ստանձնելը:

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտեր, որ իշխանությունը տալով Կարեն Կարապետյանին՝ իրականում այն հանձնում է Ռոբերտ Քոչարյանին, դրա համար էլ նախընտրեց Նիկոլ Փաշինյանի տարբերակը: Կարճ ասած, իր համար ընտրություն արեց վատի ու վատթարագույնի միջև:

Այս ամենը ամենից լավ գիտի Կարեն Կարապետյանը և դրա համար էլ լքեց Հանրապետական կուսակցության շարքերը, որովհետև սեփական կուսակցությունն արեց ամեն ինչ, որպեսզի իշխանությունն անցնի օտարին և ոչ թե յուրայինին:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1164 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ