Սերժ Սարգսյանի հարցազրույցի առաջին մասը, անշուշտ, հետաքրքիր էր: ՀՀ երրորդ նախագահի պատասխանները, սակայն, ինքնարդարացման միտում ունեին: Նշենք, որ մեր ներկա և նախկին իշխանությունները պատերազմից հետո զբաղված են պարտության բեռը մեկը մյուսի վրա գցելով: Չնայած ՀՀ երրորդ նախագահը վարպետորեն խուսանավեց որոշ հարցերից, առանձնացնենք մի քանի պնդումներ, որոնց ճշմարտացիությունը և տրամաբանականությունը, մեղմ ասած, կասկածելի են:
1. Ս. Սարգյանը հայտարարում է, որ 2018-ի հեղափոխությունն ուղղված էր Ղարաբաղի, ղարաբաղցիների դեմ: Սա վտանգավոր հայտարարություն է, որից քաղաքական փորձված գործիչը պարտավոր էր զերծ մնալ: Սա մեղադրանք է ՀՀ բազում քաղաքացիների դեմ, որոնք, այո՛, ողողել էին երկրի փողոցներն ու հրապարակները՝ պահանջելով հենց իր հեռացումը: Սա մեղադրանք է, որ ՀՀ բազում քաղաքացիների դեմ կարող են օգտագործել երկրի բոլոր թշնամիներն ու հակառակորդները: Սա վտանգավոր է հենց Արցախի և արցախցիների համար, որոնք առանց այդ էլ ծայրահեղորեն նեղ վիճակում են և հիմա հանկարծ լսում են, որ Հայաստանի քաղաքացիները բողոքի ձայն են բարձրացրել իրենց դեմ:
2. Ս. Սարգսյանն ասում է. «Ես երբեք ոչմիթիզական չեմ եղել», հետո ավելացնում է, որ ինքը միշտ ասել է, թե առավելապաշտությունը լավ արդյունք չի ունենա: Պրն Սարգսյանը գուցե մոռացել է, որ 1998 թ.-ին հայտնի ուժերի կազմում էր: Այդ ուժերի քարոզչական հիմնական թեզը հենց ոչմիթիզականությունն էր: Թեպետ...Թեպետ հենց այս հայտարարությունն է ապացուցում, որ 98-ի հեղաշրջման հիմքում ոչ թե արցախյան հարցն էր, ոչ թե հող չտալու սին խոստումը, այլ սեփական անվերահսկելի իշխանությունը հաստատելու նպատակը: Իսկ թե ինչի վերածվեց այդ իշխանությունը, բոլորս գիտենք:
3. Ս. Սարգսյանը պնդում է, որ 2018-ին իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին, որ Նիկոլ Փաշինյանն իր պրոյեկտը չէ: Նա նաև պնդում է, որ խուսափել է արյունահեղությունից՝ հերթական անգամ սահմանազատվելով 2008 թ. մարտի մեկի ոճրագործությունից: Բայց սա ուրիշ խոսակցություն է: Հիմա անդրադառնանք Ս. Սարգսյան- Ն. Փաշինյան կապին՝ առանց բամբասանքներ մեջբերելու:
ՀՀ երրորդ նախագահը փորձում է հասարակությանը համոզել, որ իշխանությունից չէր հեռանում արցախյան խնդրի պատճառով: Այսինքն՝ նա փոխեց Սահմանադրությունը, որովհետև կարծում էր՝ «եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար»: Թույլ փաստարկ է, որովհետև նման գործընթացում ոչ թե բանակցողի անձն է կարևոր, այլ պետական մշակված քաղաքականությունը: Ի վերջո, Ս, Սարգսյանը կարող էր վստահել իր շրջապատից որևէ մեկին, ինչպես ժամանակին դա արեց Ռ. Քոչարյանը: Սակայն նա ընտրեց Հայաստանի համար ոչ շահեկան տարբերակը: Հիշեցնենք, որ ժամանակին հենց ինքն էր խոստովանել, թե դեմ է խորհրդարանական կառավարման ձևին, բայց...
2015 թ. դեկտեմբերին հասարակության ընդդիմադիր հատվածը, կարելի է ասել ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դեմ էր սահմանադրական փոփոխություններին, բայց իշխանությունը կեղծիքներով խփեց իր ուզած թիվը: Իսկ ո՞վ աջակցեց Ս. Սարգսյանին: Չե՞ք հիշում: Հիշեցնենք: Նիկոլ Փաշինյանը, «անուղղակիորեն» սատարելով իշխանությանը, այն ժամանակ հայտարարեց, որ Սահմանադրության խնդիրը կեղծ օրակարգ է: 2017-ի ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն իր արբանյակներով թիվ մեկ հակառակորդ հայտարարեց ոչմիթիզականությանն ընդդիմացող և խաղաղություն քարոզող միակ ուժին՝ ՀԱԿ֊ՀԺԿ դաշինքին։ Խաղաղության ծրագիրն այն ժամանակ ոչ մեկի պետք չէր: Նշենք, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը բողոքարկեց 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքը, իսկ Ն. Փաշինյանի «Ելք» դաշինքը բարեհաճորեն ընդունեց պատգամավորական մանդատները: Ի՞նչ վատ պրոյեկտ էր: Ինչպես ասում են ռուսները, долг платежом красен: Ս. Սարգսյանը նաև խոստովանում է, թե «որևէ նախադրյալ չկար, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ստանալ, այդպիսի ուժգնություն ստանալ»։ Ի՞նչ գիտեր...
4. Ոչմիթիզականությունից սահմանազատվելով՝ երրորդ նախագահը փորձում է դարձյալ շահարկել արցախյան խնդրի լուծման փուլային-փաթեթային հակադրությունը: Սակայն իր իսկ խոսքից շատ լավ հասկացվում է, որ համաձայնել էր ստորագրել փուլային տարբերակը, չնայած դրա համար նոր անվանում է հորինել՝ կիսալուծում...
Գրիգոր Խաչիկյան
(շարունակելի)