Այսօր արդարադատության նախարար Ռ. Բադասյանի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել:
Որոշման կայացման առիթ է հանդիսացել դատավորի կողմից իր հարցազրույցում ռուս գրող Մ. Բուլգակովի ստեղծագործություններից մեջբերում անելը՝ «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»:
«ՉԻ». Ուրախացնող փաստ է, որ դատաիրավական համակարգում բուլգակովյան օրեր են սկսվել: Գրական, ստեղծագործական ջիղը պետք է թևածի այստեղ: Դատավորները պարտավոր են գրողների, բանաստեղծների ստեղծագործությունները կարդալ և մեջբերումներ անել, իսկ արդարադատության նախարարությունը գնահատել այդ մեջբերումների էսթետիկական և գեղարվեստական արժեքները:
Ոնց որ գեղասահքում է. այնտեղ պարողներին երկու գնահատական են տալիս՝ տեխնիկայի և արտիստիզմի:
Որքան հասկանում ենք, Ալեքսանդր Ազարյանը տեխնիկապես գերազանց է կատարել բուլգակովյան մեջբերումը: Բայց ահա արտիստիզմը կաղացել է, ինչը կարգապահական վարույթ հարուցելու լուրջ հիմք է: Պետք է կրքոտությամբ, զգացմունքայնությամբ մեջբերումներ անել: Վաղուց էր պետք Ալեքսանդր Ազարյանին պատժել: Դրա համար ենք արդեն 2 տարի ասում, որ դատաիրավական համակարգում պետք է բարեփոխումներ իրականացնել, մաքրել դատարաններն այն դատավորներից, որոնք գրականության դասերը լավ չեն յուրացնում: