...

Դատական համակարգից հետո կանցնեն իրավապահ համակարգին

Դատական համակարգից հետո կանցնեն իրավապահ համակարգին

Հայաստանի հանրության մի ստվար հատված իր քաղաքական նախապատվություններն ընտրելիս առաջնորդվում է ոչ թե համաշխարհային հայտնի չափորոշիչներով (աջ, ձախ, կենտրոնամետ), այլ ընտրում է այն ուժին կամ անհատին, որն ուժեղ է:

Հեղափոխությունը հաղթեց նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը չընկրկեց Մարիոթ հյուրանոցում, չփորձեց լեզու գտնել Սերժ Սարգսյանի հետ, չվախեցավ հետևանքներից, և հանրության վերը նշված հատվածը նույնպես միացավ հեղափոխությանը: Միաժամանակ, նույն այդ հատվածը, որ տարիներ շարունակ ասում էր՝ «լավ կառավարիչ է Սարգսյանը, թե ոչ՝ էական չէ, կարևորը ուժեղ տղա է», տեսավ խեղճացած Սերժի և դադարեց նրա հետ հույսեր կապել:

Քաղաքական այն շրջափուլում, որում այսօր գտնվում է Հայաստանը, պարզապես կործանարար է իշխանության թուլությունը և առաջին դեմքի անվճռականությունը:

Դատական համակարգը ինքնավարություն է հռչակել և բացարձակ սաբոտաժի է ենթարկում իրավապահ համակարգի աշխատանքը: Ում են պետք քննիչների և օպերատիվ ծառայությունների բացահայտումները, եթե դատարանները դրանք բացարձակ հաշվի չեն առնում և մեկ որոշումով առ ոչինչ են դարձնում նրանց աշխատանքը:

Ռևանշի ուժերը դատական համակարգը գրավելուց հետո անցնելու են իրավապահ համակարգին և մի օր պարզվելու է, որ ոստիկանությունը, քննչական կոմիտեն ու դատախազությունը հեղափոխության հանդեպ նույնպես հայտնվել են բարիկադի հակառակ կողմում: Հրաման չկատարողների քանակն այնքան է շատանալու, որ դառնալու է օրինաչափություն: Եթե այսօր խնդիր է նախկին մեկին կալանավորելը, վաղը խնդիր է դառնալու ձերբակալությունը:

Դատարանների գործերին չխառնվելը, իսկ այնուհետև վեթինգ իրականացնելու կամքի բացակայությունը բերել է այնպիսի վիճակի, որ հանգիստ կարելի է ասել՝ Հայաստանում չկա դատական համակարգ, դրա փոխարեն ունենք նախկին ռեժիմի փաստաբաններ, որոնք դատավորի պատմուճան են կրում:

Մեկ ամսից Հայաստանում վիճակը էականորեն փոխվելու է: Կամ իշխանությունը կգիտակցի իրավիճակի բարդությունը, արագ հետևություններ կանի, որոնք թույլ կտան դատական համակարգը հանել ռևանշիստների ազդեցության ոլորտից, կամ ռևանշիստները իրենց տիրապետության տակ կվերցնեն իշխանության նորանոր ճյուղեր և ոլորտներ:

Հանրության մի ստվար հատված, ելնելով մենթալիտետից, չի կարող երկար հանդուժել թույլ և անվճռական իշխանություն: Հնարավոր է՝ հանրության մի այլ հատվածի բավարարի իշխանության բացատրությունները, թե իրենք չեն խառնվում դատական իշխանության գործերին, փորձելու են բարեփոխել համակարգը, բարձրացնելու են դատավորների աշխատավարձերը, որպեսզի նրանք հեռու մնան կոռուպցիայից և կողմնակի ազդեցություններից, բայց նրանց քանակն անհամեմատ քիչ է լինելու և գնալով նվազելու է: Իքս պահի տրամադրությունների այդ պատկերը կործանարար կդառնա հեղափոխության համար:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1229 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ