...

Կոռումպացված փաստաբանական համակարգը

Կոռումպացված փաստաբանական համակարգը

ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՈՒՄ

ամբողջացնում է ազգաբնակչության անպաշտպանվածության իրողությունը

Անժխտելի փաստ է, որ խորհրդային դատաիրավական համակարգում այդպես էլ չէր կայացել փաստաբանական ինստիտուտը: Փաստաբանները ոչ մի էական դեր չէին խաղում դատական գործընթացներում, և հիմնականում նրանցից լուրջ ակնկալիքներ չեն ունեցել հայցվոր և մեղադրվող կողմերը: 

Փաստաբանական ծառայությունը ստանձնել էր միայն խորհրդատվական գործառույթներ, և դատական գործընթացները գերազանցապես գտնվում էին քննիչների և դատավորների իրավասության տակ: Ավելին, մանավանդ քրեական դատավարություններում, փաստաբանները կատարում էին այն, ինչ որ թելադրվում էր քննիչների և դատավորների կողմից: Սա գերակայող իրողությունն էր` հազվադեպ բացառություններով: Փաստորեն փաստաբանական ծառայությունը ձևական կառույց էր` պարտադրված դատաիրավական համակարգին և կառուցվածքին ներկայացվող պահանջներով: Անկախացումից հետո, կապված աղմկալից մի շարք դատավարությունների հետ, մեր հասարակությունը պատիվ ունեցավ ըմբոշխնելու մի շարք դատապաշտպանների (փաստաբանների) անուններ: Սակայն նրանցից սպասվելիք սենսացիները այդպես էլ չկայացան և խորհրդային «բարի» ժամանակների նման փաստաբանները չեն կարողանում ազդել և վճռական փոփոխություններ մտցնել նախօրոք մշակված դատական սցենարների մեջ: Իրենք` փաստաբաններն էլ վերջին տարիներին բազմիցս նշել են, որ մեր երկրում փաստաբանական ինստիտուտը դեռևս կայացած չէ: Այս հարցը քննարկման նյութ էր դարձել նաև նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի վերջին նիստում: Այս հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Ալումյանի մեկնաբանությամբ` «այս երկրում փաստաբանները շատ դեպքերում կատարում են քննիչների և դատավորների հրահանգները` մոռանալով իրենց առաքելությունը»: Ինքը` Հ. Ալումյանը, փաստաբան է, քաջածանոթ փաստաբանների գործունեության ներքին խոհանոցին: Ըստ նրա, առանձնապես անմխիթար վիճակ է տիրում պետպատվերով անվճար փաստաբանական ծառայությունների մատուցման ոլորտում. «Հայաստանում իրոք պետբյուջեից գումարներ են հատկացվում անվճար իրավաբանական օգնության համար: Բայց դա չի օգնում մեղադրյալներին, այլ ընդհակառակը, շատ գործերով մեղադրյալները շատ ավելի լավ վիճակում կհայտնվեին, եթե այդ անվճար պաշտպանը չլիներ»: Ըստ Հ. Ալումյանի հավաստման, ինքը գիտի դեպքեր, «երբ քրեական գործերով պետբյուջեի հաշվին մասնակցող դատապաշտպանը հավելյալ գումարներ է ստանում քննիչից և դատավորից, որովհետև անում է այն, ինչը ձեռնտու է քննիչին կամ դատավորին»: 

Խորհրդային շրջանում էլ տարածված էր այն մտայնությունը, որ պետության տված աշխատավարձով ընտանիք չես պահի: Ըստ այդմ, տարածված էր «ձախ» եկամուտների համակարգերի ստեղծման ավանդույթը: Իսկ «ձախ» եկամուտները բազում անգամ գերազանցում էին պաշտոնական աշխատավարձերին: Ստացվում է, որ ամբողջատիրական համակարգից ժողովրդավարականի անցման 13-րդ տարում մեր երկրում շարունակում են գործել մարդկանց եկամուտների գոյացման նույն հարաբերությունները: Ռ. Քոչարյանը Հայաստանում հաստատել է նույն կոռումպացված դատաիրավական համակարգը, և մարդիկ իրենց լիովին անպաշտպան են զգում քոչարյանական ոստիկանական ռեժիմի սանձազերծած կամայականությունների ու բռնությունների դեմ: Կոռումպացված փաստաբանական համակարգն էլ ամբողջացնում է անպաշտպանության երևույթը: Այս պայմաններում առավել քան արտառոց են հնչում Հայաստանում փաստաբանական ծառայության կատարելագործմանն ու բարեփոխումներին ուղղված ամեն տեսակի առաջարկություններն ու օրենսդրական նախաձեռնությունները: 

Վաղինակ Տերտերյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 286, Ապրիլի 15, 2003 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ