...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Հեղափոխության վերջին կանգառը

Այս շաբաթ տեղ հասանք: Հասանք վերջնակետին, և պարզվեց, որ հեղափոխությունն ընդամենը իմիտացիա էր:
Ընդհանրապես, ի՞նչ է հեղափոխությունը: Այն ոչ միայն նախկին կարգերի մերժումն է, այն նաև խաղի նոր կանոնների հաստատումն է, կանոններ, որոնք կբացառեն նախկին կարգերի վերադարձը:

Այդ առումով Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը քայլ էր դեպի նախկին կարգերի վերադարձ: Ամբողջովին հին խաղի կանոններով տեղի ունեցավ: Իրենք որոշեցին թեկնածուներին, իրենք ընտրեցին՝ բացարձակապես թքած ունենալով հասարակական կարծիքի վրա: Ընտրությունը տեղի է ունեցել նույն ոճով, ինչ հանրապետականների օրոք էր: Որևէ քննարկում, լուրջ հարցադրումներ՝ ՍԴ դատավորի թեկնածուների հետ խորհրդարանական հարց ու պատասխանի ընթացքում, չեն հնչել: Եղել են հերթապահ հարցեր, հերթապահ պատասխաններ, որի գագաթնակետը կոճակսեղմոցին էր: Քվեարկությունն էլ էր հանրապետական ոճով: Այս գործընթացի վերաբերյալ վերապահումներ ունեցող գոնե մի հոգի չեղավ: Ոչ մեկի մտքով չանցավ հարց տալ, թե ինչպես կարելի է ընտրել մի մարդու, որը նախկին ռեժիմի հլու-հնազանդ կամակատարն է եղել, որի ապօրինի վճիռները ՄԻԵԴ-ը բեկանել է և Հայաստանի Հանրապետությանը մի քանի հարյուր հազար եվրո տուգանել: 

Այս ընտրությամբ վերացավ նախկինների և ներկաների միջև գլխավոր ջրբաժանը: Եվ ներկաների ու քաղաքացիական հասարակության միջև նոր ջրբաժան առաջացավ:

Վերջին փաստարկը

ՍԴ դատավորների ընտրության գործընթացի ընթացքում մեկ այլ բան էլ տեղի ունեցավ. փոխվեց իշխանությունների հռետորաբանությունը: Եթե նախկինում իրենց որոշ, չենք ասում՝ բոլոր, քայլերի, վարած քաղաքականության վերաբերյալ պարզաբանումներ էին տալիս, փորձում հիմնավորել, բանավեճի մեջ էին մտնում, հիմա այդ ամենը վերացավ: Այս դատավորներին ընտրելուց հետո իշխանությունների գլխին քննադատության հեղեղ թափվեց, իսկ իշխանավորների հիմնական պատասխանը հետևյալն էր. դուք որտե՞ղ էիք, որ մենք հեղափոխություն արեցինք: Կամ՝ իսկ ովքե՞ր են քննադատողները, դուք ո՞վ եք, որ մեզ ու մեր վարչապետին քննադատեք: 

Այսինքն, իշխանությունները նաև քննադատությանը ռացիոնալ, տրամաբանական պատասխանելու աշխատելաոճից հրաժարվեցին: Սրանից հետո խելքներին փչածը կարող են անել և այդ ամենը հիմնավորել նրանով, որ իրենք հեղափոխություն են արել: Այսինքն, իրենք արդեն իրենց համարում են քաղաքականության մագիստրոսներ, գուրուներ, որոնք՝ ի տարբերություն մեզ, ամեն ինչ գիտեն, ու կողքից կարծիք լսելու կարիքն այլևս չեն զգում: Երբ ասում ենք՝ ջրբաժան իշխանության և հանրության միջև, ահավասիկ, նկատի ունենք նաև սա: 
Մինչդեռ նման ոճի պատասխանը միայն մի բանի մասին է վկայում. որ նորմալ, առողջ քննադատություններին հակադարձելու փաստարկ չունեն: Իսկ եթե չունեն, պիտի անցնեն ոչ ռացիոնալ դաշտ, մեր աչքը կոխեն իրենց հեղափոխությունը ու անընդհատ բարբաջեն, թե քննադատողներն այդքան չկան, որ իրենք բանի տեղ դնեն:

Նախկին իշխանություններն էլ էին այդպես գործում: 20 տարի, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, ինչպես էլ քննադատեիր, պատասխան չունենալու դեպքում մի բան էին ասում. բա դուք ո՞վ եք, դուք լուսանցքային եք, ում կովը բառաչի, բա լա՞վ էր, որ ձեր վախտ.... 

Պատերա՞զմ, թե՞ խայտառակություն. անլրջանալու պահը

Այս ամենի պատասխանատուն և ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է: Ինքն էլ չթաքցրեց դա: Մարդը խորհրդարանում պարզորոշ հայտարարեց. «Ազգային ժողովում շատ կարևոր բան է տեղի ունեցել՝ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը վերջացել է»: Պարզվում է, ՍԴ-ի ճգնաժամ է եղել, և այն լուծելու համար Պողոսի փոխարեն Պողոսին են նշանակել դատավոր: Անունը դրեցին ճգնաժամի լուծում: Սա մեզ հիշեցրեց 1938թ. Մյունխենյան պակտը, երբ Չեմբեռլենը Հիտլերի հետ գործարքի մեջ մտավ, Չեխոսլովակիան հանձնեց, վերադարձավ Մեծ Բրիտանիա ու հայտարարեց, թե եվրոպական ճգնաժամը լուծվեց, ժողովուրդ ջան, ձեզ խաղաղություն եմ բերել: Չերչիլն էլ պատասխանեց, որ եթե խայտառակության և պատերազմի միջև ընտրություն կատարելիս կանգ եք առնում խայտառակության վրա, ապա ստանալու եք և՛ պատերազմ, և՛ խայտառակություն: Մի տարի հետո սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Մեր դեպքում այսպես կասենք. խայտառակության և հեղափոխության միջև ընտրություն կատարելիս կանգ առնելով խայտառակության վրա, ստանալու եք և՛ հեղաշրջում, և՛ խայտառակություն:

2,5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը մսխեց հանրային աջակցության այն ահռելի ռեսուրսը, որն ուներ, այն բավարար էր երկրում իրապես հեղափոխություն անելու, կյանքը արմատապես փոխելու համար: Բայց, փաստորեն, 2018 թվականին ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ իշխանափոխություն: Հակառակ դեպքում, մենք պետք է հիմա արդեն տեսնեինք այդ հեղափոխության արդյունքները, հասարակությունը պետք է քաղեր դրա պտուղները:
Իսկ ի՞նչ ենք տեսնում. «Մարտի 1»-ի գործը ջրեցին, նախկիններից ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ մնացին չբացահայտված, ոչ մի ոլորտում, բացառությամբ՝ ասֆալտաշինության, փոփոխություններ չեղան: Ավելին, այսօր արդեն այնպիսի իրավիճակ է, որ նախկիններն են օրակարգ թելադրում, այնինչ պետք է մկան ծակերից դուրս չգային:  

Շաբաթվա այս իրադարձությունները լուրջ վերլուծության կարիք ունեն: Իշխանությունների գործողությունները հախուռն բնույթ չունեին, նրանք գիտակցված էին անում այս ամենը: Քաղաքական նոր ուժերի անհրաժեշտություն է առաջացել, որոնք չեն հանդուրժի այս լճացման պրոցեսը: Պետք է ի մի բերել կարող ուժերին, նստել, քննարկել, թե ինչպես կանգնեցնել վերադարձը դեպի հին կարգեր:

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   1041 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ