Նոր է քնից արթնացել: Մինչև բաղնիք գնալը կոմպը միացնում է ու բացում կառավարության պաշտոնական կայքը: Ըհը, տենց էլ կա. վարչապետի առաջարկությամբ իրեն առաջադրել են ԲԴԽ անդամ: Ինքը գլուխը քորում է. «Տենաս, էս որտե՞ղ են ուզում ինձ քցեն»,- ու մտորումների մեջ ընկած, գնում լվացվելու:
Վերադառնում է, բացում օրվա լրահոսը: Պահ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն արդեն ուղիղ եթերով ճեպազրույց է տալիս. «Սա իշխանությունների հերթական նենգ քայլն է: Հեսա, նայեք, դատավորների մասին օրենքի 47-1 ու 156-3 հոդվածների համաձայն, Արգիշտի Քյարամյանը չի կարող ԲԴԽ անդամ լինել, քանի որ նրա 27 տարին դեռ չի լրացել: Մենք թույլ չենք տա, որ նա մեզ իր բռի մեջ հավաքի»,- գոռում է Ռ. Վարդազարյանը:
«Գիժ ա, արա»,- զարմանում է ինքը ու անձնագիրը վերցնում, նայում: Չէ, սաղ ճիշտ է, իր 27 տարին լրացել է հենց այսօր՝ առավոտյան ժամը 08:30-ին:
Միացնում է հեռուստացույցը: 5-րդ ալիքով Գագիկ Հարությունյանն է խոսում: Լրագրողը հարցնում է. «Պրն Հարությունյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Արգիշտի Քյարամյանի առաջադրումը, եթե Ռուսաստանը հայտարարել է, որ 3 օրով դադարեցնելու է գազամատակարարումը, իսկ Արցախի կարգավիճակը այդպես էլ մնում է օդում կախված: Բա սա դավաճանություն չէ՞»:
Գագիկ Հարությունյանը պատասխանում է. «Գիտեք ի՞նչ, եթե Քյարամյանը լիներ 70 տարեկան, էլի կարելի էր աչք փակել օրենքի սահմանափակումների վրա...»,- ինքը չի դիմանում, ալիքը փոխում է:
«Կենտրոն TV»-ում Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը պատմում են, թե ինչպես էին «Հայրենիք» և «Բարգավաճ» կամավորական ջոկատները անառիկ պահում Շուշին, արդեն պատրաստվում էին մինչև Հադրութ գնալ, էն էլ Արգիշտի Քյարամյանը եկավ, զինապահեստի դռները փակեց, բանալիները վերցրեց ու հեռացավ, իրենք էլ մնացին անզեն ու հետ եկան Երևան:
Նորից փոխում է ալիքը. News Live-ով Գառնիկ Իսագուլյանը հայտարարում է. «Ով որ էս Արգիշտիին գյուլլի, 100 հազար դոլար կտամ, սրա ձեռից տղես դուրս եկավ ԱԱԾ-ից ու էլ ինձ ինֆոներ սլիվ չի անում: Հայ ազգի արգանդը դեռ չի չորացել, որպեսզի սրա նմանները...»,- ինքը գժված, անջատում է հեռուստացույցը ու ֆեյսբուք մտնում:
Թարսի պես, Միքայել Մինասյանն է լայվ մտել. «... ու այդ ամբողջ ոսկին Արգիշտի Քյարամյանը Նիկոլ Փաշինյանի հետ միասին ախպերավարի կիսել են Դուբայում, հետո ծախել են ադրբեջանցիների վրա, ու էդ փողով անձնական օգտագործման ՍՈՒ-34 են առել, շաբաթ-կիրակի օրերին թռնում են Աֆրիկա՝ առյուծներ որսալու, սաֆարի անելու: Բայց ուզում ա, տիեզերանավ առնեն, մեկ է, դաժան հատուցումից չեն փախնելու»:
«Էս ԲԴԽ-ն գլխիս ԲԴՍՄ սարքին»,- հոգոց է հանում ինքը ու տնից դուրս գալուց առաջ նորից մտնում կառավարության պաշտոնական կայք: Բացում է ու աչքերը մթնում են. «Վարչապետի հրամանագրով Արգիշտի Քյարամյանին նշանակել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- գրված է կայքում:
Կատաղած դուրս է գալիս, տեսնում է՝ Վազգեն Մանուկյանը տան առաջ կանգնած, վանկարկում է. «Ազգադավ Արգիշտին պետք է հրաժարական տա, որ ես կարողանամ հայրենիքը փրկել»:
Արթնանում է կառավարական դաչաներում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 2, 2021