...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Բանի տեղ դնող չեղավ

Այս շաբաթ մի ամբողջ օր բոլորիս ուշադրությունը սևեռվեց Մոսկվայի վրա, որտեղ կայացավ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը: Որևէ սպասելիք այս հանդիպումից չկար. նկատի ունենք ինչ-որ տարածքների վերադարձ, կարգավիճակի ճշգրտում, վերջնական զինադադար և այլն: Հայաստանն այսօր այն վիճակում չէ, որ նման հարցեր քննարկի: Միակ ակնկալիքը Ադրբեջանում գտնվող գերիների հարցն էր, որն էլ չլուծվեց: Այսինքն, Ալիևը մերժեց նրանց վերադարձնել: Նույնիսկ այստեղ կատարյալ անզորություն էր: 

Շարունակում ենք խայտառակ լինել

Մի խոսքով, ով հասնում է, մեզ չռփում է: Բանը հասավ նրան, որ Մոսկվան արդեն պաշտոնապես մեզ խայտառակ արեց: Նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի հոդված գրեց, որտեղ աղետալի պատերազմի հետևանքների համար պատասխանատվությունը բարդում էր նախկին բոլոր իշխանությունների վրա: Անիմաստ է հիմա այդ մանիպուլյացիաներին, կամ, մեր լեզվով ասած՝ «կռուտիտներին» նորից անդրադառնալ: Այդ հոդվածներին Քոչարյանն էլ արձագանքեց, Սերժ Սարգսյանն էլ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես ձեռքը թափ տվեց, ասաց, անիմաստ է, ինչ ուզում է, թող խոսի:

Հիմա Նիկոլ Փաշինյանի այդ բազմաթիվ կեղծ պնդումներից մեկին ստիպված եղավ արձագանքել Ռուսաստանը: Իր վերջին հոդվածում Փաշինյանը գրել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և հանգել են միայն Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձի թեմային։

Ռուսաստանի արտգործնախարարությունն արդեն չդիմանալով, իր պաշտոնական կայքում տեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի մեկնաբանությունը:

Պոպովն ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից փուլային կարգավորման վերջին ծրագիրը կողմերին է փոխանցվել 2019թ. հունիսին:

Այդ ծրագրով նախատեսվում էր առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, իսկ երկրորդում՝ երկուսի վերադարձը, որն անմիջականորեն պետք է կապվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ:

«Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,- ասել էր Պոպովը:

Չգիտենք, ով ոնց, բայց սա խայտառակություն է: Խայտառակություն է, որ աշխարհի գերտերություններից մեկը օրը ցերեկով քո երկրի ղեկավարին «ստախոս» է համարում: Սա դեռ՝ մեղմ ասած: Մարդու սիրտ է ճմլվում, երբ Պոպովը ներկայացնում է, թե ինչ պայմաններով պետք է հարցը լուծվեր: Այն ընդունելու դեպքում ո՛չ Հադրութի շրջանը կկորցնեինք, ո՛չ Շուշին, ո՛չ հազարավոր զոհեր կունենայինք, ո՛չ բանակը կվերանար, ոչ էլ այդքան փախստականներ կունենայինք: Ու բնականաբար, Սյունիք, միջանցք դեպի Նախիջևան, ու նմանատիպ այլ մշուշոտ հեռանկարներ չէինք ստանա: 

Իսկ Գագիկ Հարությունյանը 70 տարեկան էր

Ներքաղաքական կյանքում վերջապես հետաքրքիր բաներ տեղի ունեցան: Իհարկե, խոսքը ընդդիմության մասին չէ, որն իշխանության հետ անճարակության մրցավազքում առայժմ պարտվողի դերում է: 

Նախ, Արգիշտի Քյարամյանը հերթական պաշտոնին նշանակվեց: Չենք նշում, թե ինչ պաշտոնի, որովհետև մինչև այս նյութը հրապարակվի, կարող է ավելի նոր պաշտոն ստանա: Մանրից վերջանում են այն պաշտոնները, որոնք դեռ չի ստանձնել սույն երիտասարդ և առեղծվածային անձնավորությունը:

Մյուս հետաքրքիր պահը Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ առաջադրելու՝ «Իմ քայլը» խմբակցության քայլն էր: Մի քիչ անսպասելի առաջարկ էր, մի քիչ էլ անսպասելի էր, որ պրն Ջհանգիրյանը համաձայնեց, քանի որ, բնականաբար, շանթ ու որոտի տակ պիտի ընկներ: Նախկին իշխանությունների լրատվամիջոցները, նրանց սպասարկող վերլուծաբան-բլոգերներն անմիջապես վրա տվին Գագիկ Ջհանգիրյանին: Վերջինիս առաջադրումը հատկապես ծանր է տանում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Վերջինս հայտարարեց, որ Գ. Ջհանգիրյանը չի կարող ԲԴԽ անդամ լինել, քանի որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք, իսկ Գագիկ Ջհանգիրյանը 66 տարեկան է: Այսինքն, տարիքային սահմանափակում կա: 60-ից բարձր մարդիկ չեն կարող ԲԴԽ անդամ դառնալ: 

Մենք իրավական այս նրբությունների մեջ չենք ցանկանում խորանալ, ամեն մեկը յուրովի է մեկնաբանում Ջհանգիրյանի առաջադրման իրավական հիմքերը: Սակայն մի բան մեր ուշադրությունից չվրիպեց: Եթե 60-ն անց անձը չի կարող ԲԴԽ անդամ առաջադրվել, այդ դեպքում ինչպե՞ս է Գագիկ Հարությունյանը 2018 թվականի փետրվարին խորհրդարանի կողմից ընտրվել ԲԴԽ անդամ, իսկ մի շաբաթ հետո էլ ընտրվել ԲԴԽ նախագահ, եթե այդ ժամանակ 70 տարեկան էր: Որևէ բացատրություն կա՞ սրան: Այն ժամանակ որևէ մեկին Գագիկ Հարությունյանի տարիքը չէր հետաքրքրել: Կցանկանայինք այս հարցի պատասխանը ստանալ: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 2, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ