...

Երեք ինտրիգանները

Երեք ինտրիգանները

Անցնող շաբաթվա թերևս սպասված, սակայն միաժամանակ անսպասելի իրադարձությունները ուժային կառույցներից երկուսի՝ ԱԱԾ և ոստիկանության առաջին դեմքերի պաշտոնանկությունն էր: Ինչու սպասված, քանի որ հեղափոխությանը մասնակցած շարքային քաղաքացիներից շատերի պատկերացմամբ այս երկու ինստիտուտները պետք է գործուն քայլեր ձեռնարկեն՝ կանխարգելելու նախկին իշխանության սանձազերծած ռևանշի օպերացիան, այսինքն՝ թույլ չտան, որ տեղի ունենա հակահեղափոխություն՝ անշուշտ դուրս չգալով ազգային անվտանգության ու հասարակական կարգի ապահովման իրենց լիազորությունների շրջանակից: (Թե ինչ են իրենցից ներկայացնում այս երկու հասկացությունները, մենք չէ, որ պետք է ետին թվով բացատրենք պարոն Վանեցյանին ու Օսիպյանին և նրանց պաշտոններում առաջիկայում նշանակվելիք թեկնածուներին): Իսկ քանի որ այն կանխելու քայլերն առարկայական տեսք չէին ստանում, ուստի անվստահությունն այդ մարմինների նկատմամբ օրըստօրե խորանում էր՝ հասունացնելով նրանց ղեկավարներին փոխելու սպասումը:

Համոզվելու համար, որ հակահեղափոխությունն օր օրի թափ է հավաքում ու մոլեգնում, բավական է ընդամենը 5 րոպեով սոցալական որևէ կայք այցելել, աչքի անցկացնել օրվա լրահոսն ու հատկապես ծանոթանալ նախկին իշխանության կարկառուն դեմքերի գրառումներին ու դրանց տիրաժավորումներին «հիբրիդ» կայքերում: Եվ պատահական չէ, որ մասնավորապես ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը, որն, ի դեպ, վերջինս ներկայացրեց որպես հրաժարական, մեծ ցնծությամբ ընդունվեց նախկինների ու նրանց սատարողների կողմից:

Մասնավորապես Սերժ Սարգսյանի հանրահայտ փեսան Վանեցյանի պաշտոնանկությանն արձագանքեց որպես «բարի գալուստ բանական աշխարհ»: Թե ինչ աշխարհ է այն, քանի բնակիչ ու ինչ «կլիմայական պայմաններ» ունի, թերևս հայտնի է միայն իրեն՝ պարոն Մինասյանին:  

Ինչևէ, գանք ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Ա. Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկության պատճառներին: Մամուլում առ այսօր տարբեր վարկածներ են շրջանառվում՝ ամենախելամիտից մինչև ամենաֆանտաստիկը, մինչդեռ այդ վարկածները ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են պաշտոնից հեռացած վերոհիշյալ երկու անձինք՝ մոռանալով, որ իրենք որևէ ԾԻԳ-ի կամ ՊՈԱԿ-ի պետի պաշտոնակատար չէին, որ իրենց հեռացումը աննշան, ոչ սենսացիոն իրադարձություն համարվեր ու չարժանանար պատշաճ բացատրության: Նախօրեին Վանեցյանը կայքերից մեկի հետ զրույցում՝ հարցին, թե ե՞րբ կխոսեք ձեր հրաժարականի պատճառների մասին, իր հրաժարականի տեքստի պես հախուռն պատասխան էր տվել. «Պատճառների մասին կխոսեմ ըստ անհրաժեշտության, եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է ավելի շուտ խոսեմ, իսկ եթե հանգիստ թողնեն ինձ, ուրեմն հանգիստ կշարունակեմ իմ կյանքը»:  Հետաքրքիր է՝ արդեն իսկ շրջանառվող միֆերից ու ճշարտանման առասպելներից բացի է՞լ ինչ միֆեր պետք է դրվեն շրջանառության մեջ, որ պարոն Վանեցյանի համբերությունը հատնի, ու նա սկսի շարադրել «ինքնախոստովանական ցուցմունքը»: (Որ Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում նրա անձի շուրջ սկանդալային ու հանրային հնչեղության իրադարձությունների պակաս չի եղել՝ փաստ է.  զորօրինակ իր և ՀՔԾ պետի զրույցի հայտնի գաղտնալսումը «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ,  կասեցված լիազորություններով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին պաշտոնեական դիրքի  չարաշահման մեջ մեղադրանքը (հոմոդիալիզի գործ), որը շատերը բնորոշում են որպես վերջինիս «գլխին սարքված գործ», «Կոնգրես» հյուրանոցը Քոչարյանի ընտանիքի կողմից 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում սեփականաշնորհելու մասին հայտարարությունը, որից հետո Քոչարյան ընտանիքը դատի տվեց նրան, իսկ Վանեցյանն էլ խոստովանեց, որ առաջին անգամ, որպես ԱԱԾ պետ, խոսել է ոչ թե փաստերով, այլ «էմոցիոնալ» և այլն):

Ու մինչ կհասունանա «սիրտը բանալու» պահը՝ ուշադրություն դարձնենք մեկ կարևոր հանգամանքի վրա. խոսքը այս երկու գործիչների պաշտոնանկությանը հաջորդած իրողության մասին է. եթե Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնին հրաժեշտ տալով հանգրվանեց կառավարությունում՝ որպես վարչապետի գլխավոր խորհրդական, այսինքն նրա գործունեության, ծառայության համար տեղ գտնվեց վարչապետի ապարատում, ապա Վանեցյանը, որպես «պրոֆնեգոդնի», փաստորեն, դուրս դրվեց կոպիտ ասած՝ «ռասխոդ արվեց» պետական համակարգից: Այս մասին է փաստում Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի խոսքը: Նա, ըստ էության, ազդարարեց ԱԱԾ նախկին տնօրենի՝ այդպիսին լինելու մասին՝ մասնավորապես նշելով. «Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և՛ ազգային, և՛ պետական նշանակության խնդրի լուծման վրա»:

Սա կարող է նշանակել մեկ բան. Վանեցյանի ձեռնահասությունն ու տաղանդն այս պահին  բավականացնում են ոչ թե երկրի ազգային անվտանգության հետ կապված  խնդիրները հոգալուն,  այլ հասարակական կառույցի նախագահ լինելուն, այն է՝ ֆուտբոլի ազգային հավաքականով զբաղվելուն: Արդյո՞ք  հետագայում նրա ծառայութունները պետք կգան իշխանությանը, կվերադարձվի՞ պետական համակարգ, և ինչ տեսքով կլինի այդ վերադարձը՝ դժվար է ասելը:  Բայց մի հանգամանք, այնուամենայնիվ, շարունակում է մտահոգիչ մնալ՝ սպայի՝ ուսադիրներով ինտրիգանի կեցվածքը, որը որդեգրել են ուժայինների այս երկու նախկին ղեկավարներն ու ինտրիգան լինելու հարցում նրանց չզիջող իշխանությունները, որոնք այս երկու ազատումների հիմնական պատճառները ապակոդավորելու ու հանրությանը հասկանալի լեզվով բացատրելու հարցում առանձնապես ջանասիրություն չեն ցուցաբերում: 

Մեզ մնում է միայն հուսալ, որ Օսիպյանին ու Վանեցյանին իրենց զբաղեցրած նախկին պաշտոններում կփոխարինեն ոչ հապճեպ ընտրված, պրոֆեսիոնալ որակներով ու հեղինակությամբ շատ ավելի բարձր նշաձողի հավակնող թեկնածուներ, և  իշխանությունները չեն բախվի կադրերի սուղ լինելու հանգամանքին: 

Հեղինե Մանուկյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ