Անցնող շաբաթը ձանձրանալու առիթ չտվեց և ոչ մի րոպե: Ներքաղաքական «բոլոլային» հետևելը բարդ գործ է, ուր մնաց` դրանց անդրադառնալը:
Իրադարձություններն այնպիսի գլխապտույտ արագությամբ էին զարգանում, որ նույնիսկ մի տեսակ ստվերում մնաց Վճռաբեկ դատարանի որոշումը, որը մերժեց Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը վարույթ ընդունել:
Փաստաբանները Վճռաբեկ ատյան էին դիմել` պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումը, որն առնչվում է Քոչարյանի կալանքին: Դա նշանակում է, որ Ռ. Քոչարյանը կալանքի տակ կմնա այնքան ժամանակ, մինչև փաստաբանները հերթական միջնորդությունը չներկայացնեն` կալանքի ազատման հարցով: Նույնիսկ հաշիվն ենք կորցրել, թե ազատման հարցով փաստաբանները քանի միջնորդություն են ներկայացրել: Եթե նրանք միջնորդությունների համար առանձին գումար են ստանում, ապա միայն դրանով արդեն պետք է որ միլիոնատեր դարձած լինեն:
Բոլոր դեպքերում, փաստաբանները ևս մեկ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան. օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, իսկ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանել էր այն` գործն ուղարկելով Վերաքննիչ դատարան` նոր քննության: Առայժմ հաշիվը 5:1 է` հօգուտ «Քոչարյանը փախչող տղա չէ» թեզին չհավատացող դատավորների:
Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում ԱՄՆ-ում էր, որտեղ կայացած ասուլիսում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ուսադիրները աղբամանը նետեց: Վանեցյանը «տակ չմնաց»` նշելով, որ ԱԱԾ պետ եղած ժամանակ ահագին ինֆորմացիա է կուտակել, շատ բարկանա, կարող է ու լիքը բան պատմել: Ու մինչ հասարակությունը Վանեցյանին «օստրակիզմի» էր ենթարկում, վերջինս` մոռանալով, որ օրեր առաջ ԱԱԾ պետ է եղել, լքեց Հայաստանը, ինչը այնքան էլ լավ բան չէ հատուկ ծառայություններ ղեկավարած անձի դեպքում: Հետո նրան կարծես թե Մոսկվայում են տեսել, կարծես թե շատ ուշագրավ մարդկանց շրջապատում: Տեսնենք, թե իշխանություններ-Վանեցյան հարաբերությունների պարզման հերթական ռաունդում ինչ է մեզ սպասվում:
ՀՔԾ-ն խիստ աղմկոտ կերպով հիշեցրեց իր մասին. մեղադրանքներ նեկայացնելով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին և պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին:
Ալիկ Սարգսյանին ներկայացված մեղադրանքը Մարտի 1-ի գործով է: Նրան մեղադրում են 2008 թվականին գործի նախաքննության ընթացքում փաստաթղթեր կեղծելու, հետին թվով փաստաթղթեր սարքելու, ոստիկանության աշխատակիցներին կեղծիքների դրդելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, սպանդի օրը կրակված պարկուճները թաքցնելու և դրանք այլ պարկուճներով փոխարինելու մեջ: Մեղադրանքը այնքան ծավալուն է, որ կարելի է հիանալ Ալիկ Սարգսյանի աշխատունակությամբ, որ կարճ ժամանակահատվածում հաջողացրել է այդքան կեղծիքներ կատարել:
Ալիկ Սարգսյանին ներկայացվող մեղադրականում բավական հաճախ շոշափվում է նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի անունը, որն այն ժամանակ ՀՀ նախագահի օգնական էր:
Կոստանյանը հեղափոխությունից հետո որոշ ժամանակ հիացած էր Նիկոլ Փաշինյանով, մի երկու անգամ պաշտոն ստանալու անթաքույց ակնարկներ արեց, աչքով-հոնքով հասկացրեց, որ պատրաստ է ծառայել հանուն նոր Հայաստանի, բայց` ապարդյուն, մանավանդ մեղադրականից երևում է, թե ինչպես է ծառայել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին:
Վիգեն Սարգսյանին ներկայացվել է պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանք: Զինծառայողների համար նախատեսված նոր բնակարանները նա չի տրամադրել ըստ հերթագրվածների: Այսինքն` հերթը խախտել է: Սա նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կատարած ապօրինությունների կողքին պարզապես մանկական չարաճճիություն կարելի է համարել: Եվ եթե Վիգեն Սարգսյանը իր պաշտոնավարման ընթացքում բավարարվել է ընդամենը նման զանցանքով, ուրեմն իսկապես կարգին մարդ է:
Բայց այս ամենը ստվերեց ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքը: Ընդ որում, այս դեպքն էլ մի պահ ստվերում մնաց որոշ լրատվամիջոցների անբարո վարքագծի պատճառով: Դեռ ողբերգության վայրում արյունը չչորացած, մի շարք լրատվամիջոցներ` ուս-ուսի տված, մի ամբողջ ռեպորտաժ էին տվել, թե ինքնասպանությունից առաջ Հայկ Հարությունյանը ինչ է ասել: Հաշվի առնելով այդ լրատվամիջոցների առնչությունը քոչարյանական շրջանակներին, պարզ էր, որ ասել էր, թե իրեն ճնշում են, որ Քոչարյանի դեմ Մարտի 1-ի գործով ցուցմունք տա, որ Քոչարյանը Մարտի 1-ի հետ կապ չունի ու ինքը` չդիմանալով այդ ճնշումներին, կյանքին վերջ է տվել: Մյուս կողմից, զարմանալու կարիք չկա. Քոչարյանին պատկանող հեռուստաընկերություններից մեկը Մարտի 1-ի զոհերի հարազատներին խոսեցրել էր, հետո խաբել էր, նրանց խոսքերը մոնտաժելով, Քոչարյանին հերոսացնող, արդարացնող ֆիլմ էր պատրաստել: Այնպես որ` քոչարյանականներից պիտի սպասենք ցանկացած պիղծ բան:
Մհեր Ղալեչյան
«Չորրորդ իշխանություն», 2, 2019