«Ալիևը վերելակ է մտել մենակ՝ երկու հայի հե՞տ։ Բա որ թիկնազորի պետը բռներ ու էդ պահին մի հատ «զխկցներ», կամ թեկուզ Փաշինյանը, առաջին անգամ տեսնելով՝ ասեր՝ Արցախի առաջին պատերազմում քո պատճառով 6000 տղա ենք կորցրել, ու մի հատ չափալախեր։ Ալիևը առանց թիկնազոր, առանց ոչ մի բան հանգիստ մտել էր այդ վերելա՞կ»,- խոսելով Դուշանբեի հայտնի Փաշինյան-Ալիև «վերելակային» հանդիպման մասին՝ «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։
«ՉԻ». Բան չունենք ասելու. մարդը վարկած է առաջ քաշում: Չի ասում՝ դավաճան, հողատու և կապիտուլյանտ:
Պարզապես ճիշտ կլինի փոխի սեփական կազմակերպության անվանումը: Օրինակ՝ ավելի տեղին կլինի, եթե Թևան Պողոսյանը ղեկավարի «Կոնսպիրոլոգիայի և ահաբեկչության զարգացման միջազգային կենտրոնը»: Աշխատանքի մեծ ֆրոնտ կունենա: Նախ կպատմի, թե քանի անգամ են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը փորձել անձամբ սպանել հայր և որդի Ալիևներին: Օրինակ՝ Քոչարյանը բազմաթիվ անգամ հանդիպել է Հեյդար Ալիևին. հաշվի առնելով նրանց տարիքային տարբերությունը և Քոչարյանի մարզավիճակը՝ ընդամենը մեկ հարված էր պետք, որ Ադրբեջանը մատնվեր քաոսի և նոր քաղաքացիական պատերազմ սկսվեր: Քոչարյանը հանգիստ դա կարող էր անել. կլուծվեր թե՛ առաջին պատերազմում նահատակված մեր 6000 զոհերի վրեժը, թե՛ օրեր անց կազատագրվեին Եվլախը և Գանձակը: Պողոսյանի գործը պետք է լինի բացատրելը, թե ինչու դա տեղի չի ունեցել: Հաշվի առնելով նրա մտքի թռիչքը՝ մի բան կմոգոնի:
Նույնը Սերժ Սարգսյանի մասով: Նա երկար տարիներ զբաղեցրել է ԱԱԾ պետի պաշտոնը: Ինչո՞ւ Ալիևի՝ արտասահմաններում թրև եկող ընտանիքի անդամներին չենք գողացել և Արցախի ճանաչում պահանջել: Մի քիչ դժվար կլինի, բայց տաղանդավոր Պողոսյանը մի ելք կգտնի:
Իսկ ընդհանրապես, եթե ասելիք չկա, ավելի լավ է հարցազրույց տալու փոխարեն ղափամա ուտել: