«Երբ Փաշինյանը եկավ իշխանության, և երկրում սկսվեցին տրանսֆորմացիաներ, իշխանությունը թուլացած էր, այդ շրջանում Ալիևը կարող էր պատերազմ սկսել, և նա կարող էր 2-3 շրջան հեշտությամբ վերցնել, եթե ոչ՝ ողջ Ստեփանակերտը։ Ալիևը պաուզա վերցրեց և աջակցեց Փաշինյանին, մինչ սարգսյանական կառույցները փլուզվում էին, նա չփորձեց խանգարել Փաշինյանին։ Նրանք պայմանավորվել էին, այո՛, դա աչք է ծակում։ Փաշինյանը երբեք հակաալիևյան հայտարարություններ չի անում: Բաքուն կարծում է, որ կարող է պատերազմ սկսել միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ Ռուսաստանը չի աջակցի հայերին, իսկ Ռուսաստանը նման հիմքեր, իմ տպավորությամբ, չի տալիս Ադրբեջանին։ Ադրբեջանն այնուամենայնիվ սպասում է, որ Փաշինյանը շարունակի սխալներ անել Ռուսաստանի հետ հարաբերություններում, և Պուտինն արդեն ասի՝ ինչ ուզում է՝ թող լինի։ Այդ դեպքում Ադրբեջանը կսկսի ակտիվ քաղաքականություն»,- 168 am-ի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
«ՉԻ». Ոչ վաղ անցյալում հայերը սովորություն ունեին՝ վերցնում էին կոնյակը և բաստուրման ու մեկնում Ռուսաստան: Այնտեղ այդ բարիքներով նրանք լուծում էին ցանկացած դժվար խնդիր: Նույն կարգավիճակում են հայտնվել նախկինների մեդիաները: Երբ պետք է Արցախի վերաբերյալ քննադատություն հնչի, վերցնում են խոսափողը և զանգահարում այս կամ այն ռուս փորձագետին: Կոնկրետ չենք կարող ասել՝ նախկինի պես կոնյակ և բաստուրմա՞ են ուղարկում, թե՞ ռուսները հիմա միայն կանխիկ գումարով են աշխատում, բայց փաստ է, որ խնդիրը լուծվում է: Ռուս փորձագետները ասում են այն ամենը, ինչ պետք է միշիկ նյուզին:
Տարասովը երևի տեղյակ չէ, որ 2018 թվականին Հայաստանում աննախադեպ ոգևորություն էր տիրում և այդ ֆոնին Ալիևը ինքնասպան չէր, որ գնար արկածախնդրության: Նա դա արեց 2016 թվականին՝ մտածելով, որ հայ ժողովուրդը այնքան զզված է Սերժ Սարգսյանի վարչախմբից, որ կարող է դիմադրություն ցույց չտալ: Բայց անգամ այդ պայմաններում հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և համախմբվեց իշխանության ղեկավարի շուրջ: Ի տարբերություն Տարասովի՝ Ալիևը մի շիշ կոնյակով չի անում իր վերլուծությունները և հասկացավ, թե ինչ կլինի նոր փորձի դեպքում:
Տարասովը և մյուս փորձագետները չեն կարող հիշել Քոչարյանի կամ Սարգսյանի գեթ մեկ հայտարարություն, որտեղ նրանք անձնապես վիրավորեն Հեյդար և Իլհամ Ալիևներին: Հակառակ դրան, Քոչարյանը ամեն անգամ Հեյդար Ալիևին տեսնելիս շողշողում էր, կարծես հարազատ հոգի հանդիպած լիներ: Իսկ Սարգսյանը հայտարարում էր, որ Աղդամը իր հայրենիքը չէ:
Փաշինյանի հայտարարությունը, թե կսկսեմ ուղիղ խոսել Ադրբեջանի հասարակության հետ, ամենացավոտ հարվածներից է Ալիևին: Ցանկացած մեկը գիտի, որ Ալիևը բռնազավթել է իշխանությունը, և Փաշինյանի հայտարարությունը ամեն անգամ մի փոքր թաքնված կերպով հիշեցում է դրա մասին:
Ինչ վերաբերում է պատերազմ սկսելու Ռուսաստանի դաբրոյին: Ռուս փորձագետը կարծես հարցազրույց տալուց առաջ չարաշահել է կոնյակը: Քանի որ այսպիսի խոստովանությունից հետո դժվար է հերքել, որ 2016 թվականի պատերազմը սկսվել է Պուտինի դաբրոյով: