...

Կարողանում ենք նաև ԱՄՆ-ին խաբել

Կարողանում ենք նաև ԱՄՆ-ին խաբել

ՇՈՒՍՏՐԻ ՀԱՅ

ԱՄՆ-ը համարվում է պրոտեկցիոնիզմի դասական երկրներից մեկը: Ասել կուզե, այս երկրի իշխանությունները իրենց առաջնային պարտականություններից մեկն են համարում սեփական արտադրողների շահերի պաշտպանությունը, ըստ այդմ, օրենքների միջոցով և այլ մեխանիզմներով (օրինակ, դեմպինգային քաղաքականությամբ) օտարերկրյա արտադրատեսակների ներմուծման ծավալների և տեսականու խիստ սահմանափակումը կամ որոշ ապրանքների գծով նույնիսկ դրանց ներմուծման բացառումը: 

Այսպես, օրինակ, մեր մամուլում էլ տեղեկատվություն տպագրվեց այն մասին, որ 20-րդ դարի սկզբին մի մրգատեսակի ներմուծման վրա արգելանքը ԱՄՆ-ում վերացավ միայն 20-րդ դարի վերջին: Պատճառն այն է, որ Մեքսիկայից ներմուծվող այդ մրգատեսակը աճում է նաև ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում և վաճառվում շատ ավելի բարձր գներով: Նկատի ունենալով մեքսիկական սորտի բարձր որակը, ներկայումս թույլատրված է դրա ներմուծումը, այն էլ փոքր ծավալներով: 

ԱՄՆ-ի կառավարությունն անզիջում պայքար է մղում առանձնապես իրենց երկիր էժանագին ապրանքների ներմուծման դեմ: Դա վերաբերում է նաև տեքստիլ արդյունաբերության արտադրատեսակներին: 

Եվ ահա պարզվում է, որ աշխարհի միակ գերհզոր երկիրը 80 մլն դոլարի հասնող տեքստիլ արտադրանք ներմուծելու քվոտա է տրամադրել Հայաստանին: Հասկանալի է, որ նշված գումարի շրջանակներում տեքստիլ արտադրատեսակների ծավալները համաձայնեցվել են Հայաստանի կառավարության հետ: Վերջինս էլ տնտեսական շռնդալից հաջողությունների տարփողման շրջանակներում ամերիկյան կողմին հավաստիացրել է, որ մեր երկրի վերականգնված տեքստիլ արդյունաբերությունն ի վիճակի է 80 մլն դոլարի տեքստիլ արտադրանք արտահանել Միացյալ Նահանգներ: Սակայն, պարզվում է, որ արտաքին տնտեսական կապերի բավական լուրջ բնագավառում էլ գործող իշխանությունների կողմից կիրառվում է թվերի նկարման մարտավարությունը: Եվ ներկա դրությամբ Հայաստանը Միացյալ Նահանգներ է արտահանում ընդամենը 7 մլն դոլարի տեքստիլ արտադրանք` ոչ մի կերպ չկարողանալով օգտվել 80 մլն դոլար քվոտայի ընձեռած հնարավորությունից: Իսկ ո՞ւր մնացին թեթև արդյունաբերության բնագավառում տնտեսության շեշտակի աճի մասին հավաստիացումները: Եվ ընդհանրապես այս տարվա առաջին եռամսյակում ինչի հաշվին է գրանցվել 11 տոկոս արդյունաբերական աճը: Չէ՞ որ բացի թանկարժեք քարերից, ալկոհոլային խմիչքներից ու ծխախոտից, ներկայումս արդյունաբերության մյուս հիմնարար ճյուղը համարվում է թեթև արդյունաբերությունը: 

Վաղինակ Տերտերյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 460, հունիսի 3, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   586 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ