...

Աստված տա, շուտ բացվի այդ առավոտը

Աստված տա, շուտ բացվի այդ առավոտը

ԱԶԳԱԿԵՐՏԻՉ

Իշխանությունների` ամեն գնով ժողովրդի հերն անիծելու ու պետությունը դարասկզբից էլ սարսափելի հանգրվանի հասցնելու վարժանքներն իրենց գործն արին: Ու հիմա միայն Երկնավորը գիտի, թե սրանք քանի անգամ են միայնակ կամ խմբակային, հրապարակավ կամ ընդհատակում սույն տեսլականի մտահոլովակն իրենց «պետության գործերից բեզարած ուղեղներում» պտտել ու պտտում... 

Ծա~նր է, այո, կայունություն պահպանողի ականջավոր գլխարկն ու զարմանալի է, որ անգամ համընդհանուր ուղեղային լվացումներից ու գարշելի մուտացիաներից հետո էս երկրում դեռ կան ու ապրում են ազգանուն ունեցող - մարդուց ծնված չկլոնավորվածներ, որ համառորեն ինձ պես չեն ուզում գլուխ կռացնել այլընտրանքային կացինների ներքո` «այլընտրանքային զարգացման» ճամփաներին: Ու բնական է հիմա, որ ամենամեղմ ձևակերպմամբ` կարմրադարչնագույն այս զանգվածի առաջին իսկ քավորը սոցիալիստական ինտերնացիոնալը պիտի լիներ ու բնական է, որ Լուիս Այալա կոչվածը պիտի բարբառեր թե. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն այն ձևերով, որ դուք հարմար կգտնեք...»: Կերա՞ք: Իմացա՞ք: Լավ է՞ր: Ու այսքանից հետո հիմա միայն անհույս ու վերջացած տխմարը չի՞ սրա մեջ պատահականություն տեսնի և սրա անունն ի՞նչ է, եթե ոչ համընդհանուր պաթոլոգիա... 

Ուրեմն քիչ էր՝ մի օր քնից զարթնեցինք ու հազիվհազ գլխի ընկանք, որ հայ ժողովրդի պատմությունը չէ թե ասենք հինգ հազար (որոշ հաշվարկներով` յոթ և անգամ` տասներկու հազար) տարի առաջ, հապա հենց ու հատկապես 98-ից է սկիզբ առել, քիչ է հինգ տարի շարունակ ենթարկվեցինք զանազան ու զարմանազան ստորացումների, քիչ է 5 տարի շարունակ մեր գրպաններում փնտրեցինք ու այդպես էլ չգտանք տնտեսական աճի հետաքրքիր ցուցանիշներից և ոչ մի լումա, քիչ է ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման փոխարեն պետությունների տարածքային վեճ ու այս սկզբունքից ելնող վտանգավոր զարգացումներ ունեցանք, քիչ է դեգրադացրին ողջ տնտեսությունն ու պալատական նոքար սարքեցին ողջ գործարար աշխարհին, հիմա էլ փորձում են մեզ համոզել, թե չգիտենք անգամ ով ենք, ինչ մենթալիտետ ունենք, ինչպիսի ձգտումներ և ինչ պատկերացում այն պետության մասին, որում մենք ու մեր զավակները պիտի ապրեն վաղը... 

Բայց սա արդեն վերջն էր ու նույնիսկ ամեն Աստծո օր աղբամաններում հետաքրքիր ցուցանիշ փնտրող երեխան հասկացավ, որ այս խայտառակությանը պիտի վերջ տալ, այս արյունոտ մսաղացը պիտի դադար առնի, այս այլընտրանք չթողնող «սապոգի» այլընտրանքային ճանապարհը պիտի բացառվի ու բացասվի մեր կյանքից առհասարակ, քանի դեռ մեր արյան ու քրտինքի գնով ստեղծված պետությունը սրանց տեսլականի ձեռից վերջնականապես չի կործանվել, քանի դեռ քաղցկեղի բացիլն անհուսորեն ողջ օրգանիզմը չի ճարակել... 

Եվ իսկապես - ո՞վ է սրանց իրավունք տվել խոսել Սարյանի, Կոմիտասի, Հրանտ Մաթևոսյանի, Չարենցի, վերջապես իմ` ամենասովորական հայ մարդուս անունից, ո՞վ է իրավունք տվել դատողություններ անել իմ ազգային կերպի ու նկարագրի մասին և ինչու՞ պիտի ես այսօր ամոթից գետինը մտնեմ, որ ապրում եմ մի երկրում, որի պատգամավորը գույք պարտքի դիմաց համաձայնագիրը ստորագրում է ափլփելով ու վախից դողդողալով, թե` «Բա չե՞ս ասի, թե չտանք, քյոխվա Պուտինը կգա-կծեծի...»: Ո՞վ եք դուք, վերջապես, հը՞: Ո՞վ է ձեզ արտոնել բացել ձեր գարշահոտ երախն ու քրքջալ մի ամբողջ ժողովրդի վրա, թե իբր` հոկտեմբերի 27 ոչ եղել է, ոչ կա, իսկ Ուզունյան կոչվածն էլ ցայսօր նշիկները բուժի անհասցե բուժարաններում: Ո՞վ է ձեզ իրավունք տվել մեր ժողովրդի թող որ ոստիկան զավակին իր մոր, քրոջ, իր եղբոր դեմ հանել և ո՞ր գալստյանները պիտի պատասխան տան այն բանի համար, որ 12-ամյա զարմուհիս դեռ պետականություն բառի իմաստը չհասկացած, զզվում է արդեն պետությունից էլ, դպրոցից էլ, իրեն զոռով հրապարակ քշած, Քոչարյանի օգտին ուռա գոռացող կեղծարար տնօրենից էլ... 

Եվ այսքանից հետո փարիսեցիությունը, կեղծավորությունն ու ստորությունն ինչ մակարդակի պիտի հասնեն, որ երես ունենան դեռ միաբանության կոչեր հնչեցնել, թե իբր երկիրն է վտանգվում ու վարկաբեկվում ընդդիմության գործողությունների արդյունքում... Բայց ինչու՞ է, ախր, վտանգվում, որտեղի՞ց եկավ վտանգը, ու՞մ գործողությունների ու քաղաքականության արդյունքում և կամ ես հիմա անունն ի՞նչ դնեմ-գնամ միաբանվեմ ոչ լեգիտիմ ու արդեն այդքանով ամենամեծ վտանգը ներկայացնող իշխանության հետ - որ իմ ձեռքով իմ մահկանացուն կնքե՞մ... Բայց չէ՞ որ կենդանիներն անգամ տարրական ինքնապաշտպանական բնազդ ունեն և ուրեմն ու՞մ շնորհիվ է, որ քաղաքական գործիչ կոչվածը անգամ կենդանուն հատուկ այդ բնազդից զրկվեց, իսկ ես էլ կամովին պիտի ինձ զոմբիացնեմ, որ մի քանիսը հանկարծ չհայտնվեն այնտեղ, որտեղ ճիշտ իրենց տեղն է: Ինչպե՞ս եղավ, որ ժամանակին մեր պետության օրենքներին որևէ կերպ չհամապատասխանող գործունեություն ծավալած դաշնակցությունն իրավունք ուներ լեզուն յոթ մղոն երկարացնել ու Տեր-Պետրոսյանի նախնիների ոսկորներն անգամ շոշափել (ի դեպ, այժմ էլ օրենքով չարդարացված գործել), ԱԺ դարպասներ ջարդել ու սփյուռքի ցանկացած կետում թե երկիրը վարկաբեկել, թե երկրի պաշտոնյային, իսկ հիմա ահա արգելվում է ընդդիմությանը խաղաղ ցույցեր ու հանրահավաքներ անել... Էդ տեսլականում ի՞նչն էդպես փոխվեց, որ հիմա Աղվան Վարդանյանը եվրոպաներից մահախոսականի շրջաբերական է կարդում, թե` «Եթե անօրինական գործողություններ են կատարվում, դրանք պիտի ենթարկվեն վարչական պատասխանատվության»: Ո՞ր երկրի օրենքներով - ԽՍՀՄ-ի՞, որով Ղարաբաղի Մավրիկը սովորական դատական պրոցեսի ժամանակ էլ է առաջնորդվում, թե՞ բյուրոյի: Սա արդեն, ազնիվ խոսք, անգամ ծիծաղելի չէ - նողկալի է ու սրտխառնուքից բացի այլ բան չի մնում սրանց համար: Բայց նաև հասկանալի է, անշուշտ - քամելեոնից, այն էլ կրկին բռնվելու վախից դողդողացող տեռորիստ քամելեոնից ուրիշ ի՞նչ սպասես... 

Ու բոլորովին էլ պետք չի զարմանալ, երբ տարիներ շարունակ Տեր-Պետրոսյանին հանիրավի ամբաստանած դաշնակցականը կամ «նոր խելքի եկած» ռամկավարը «Պրոմեթևսի» եթերից հանկարծ հայտարարում է, թե սարսափելի վիճակ է սփյուռքում, թե ունենք ջլատված, անմիաբան, երկու բանակների բաժանված սփյուռք, թե երկքաղաքացիության մասին այնուամենայնիվ պիտի լավ մտածել, թե քանի որ կոնկրետ դաշնակցությունը սերունդներին այնպես է դաստիարակել, որ լինեն տվյալ պետության խոնարհ քաղաքացին, վտանգ կա, որ ազդեցությունների տակ կարող են ընկնել և անգամ թե - սփյուռքը պիտի զգուշորեն միջամտի մեր ներքաղաքական խնդիրներին... Պատկերացրի՞ք ստորության աստիճանը... Լոս Անջելեսում, պարզվում է, միջամտում են մեր պետության ներքին խնդիրներին և իմ կողմից շատ հարգված որոշ մարդիկ էլ այս կուտը հեշտուհանգիստ ուտում են` թող որ շատ հասկանալի ու ընդունելի փաստարկներով... 

Շատ հետաքրքիր է - իսկ ինչու՞ դաշնակցությունը կամ նույն ռամկավարները ոչ միայն չեն ընդվզում, երբ ասենք Արա Աբրահամյանն է ոչ միայն մեր պետության ներքին գործերին խառնվում, այլև համարձակություն է ունենում այն աստիճան անհամեստանալ, որ այլևս ինքն իրեն «ալամ աշխարհի հայերի կրյոստնի է ձեռնադրում»: Թե՞ այս դեպքում գործ ունենք կազմակերպված սփյուռքի հետ, որովհետև Արա Աբրահամյանը ոչ միայն «թույլ չտվեց», որ Ռուսաստանում ապրող հայը Դեմիրճյան ընտրի, այլև «անբարոյականություն է համարում ու թույլ չի տա, որ նույն հայը ընդդեմ Քոչարյանի ցույց անի»... 

Իսկ թե կուզեք, իրականությունն այն է, որ հենց նույն ավանդական կուսակցությունների ջանքերով սփյուռքը երբեք էլ միաբան չի եղել ու չի էլ լինի, քանի դեռ սրանք կշարունակեն իրենց անդրօվկիանոսյան (և այլն) «մուտիլովկեքը»: Ճշմարտությունն այն է, որ արդեն ցրված է ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի` սփյուռքին «կթու կովի տեղ դնող» (մի հաշվող լինի, թե քանի սփյուռքահայ նախարար, խորհրդական, վարչության պետ է եղել Առաջին նախագահի ժամանակ և քանիսն այժմ, ինչքան հստակ էր Առաջին Նախագահի կողմից ձևակերպված երկքաղաքացիության հարցը` «Խնդրեմ, բայց միայն հարկերն այստեղ մուծելու և ձեր զավակներին այստեղ զինծառայության ուղարկելու պայմանով» ու ինչքան բազարչի, երկակի ստանդարտներով անհասկանալի աջաբսանդալ են դարձրել հարցն այժմ...), այլև Քոչարյանի` համայն հայության նախագահ ու կայունության երաշխավոր լինելու միֆը... 

Ժահրահոտն այն աստիճան է ուժգնացել, որ այլևս սահմաններ չի ճանաչում ու եթե չեք ամաչում, անկախ երկիր լինելու և ամեն ամիս այս երկրի սովյալներին փող հասցնող դրսի հային ձեր ներքին քաղաքականությանը չմիջամտելու կոչեր եք անում (ինչն առնվազն մեր թարգմանիչ-արտգործնախարարը ասենք անձամբ Դրյուկովին պիտի փոխանցեր...), բարի եղեք առհասարակ դադարեցնել դրսում քվեարկելու այս կեղծ արարողակարգը: Թե՞ ձեզ «վիզ ձայներ» էին պետք ու դաշնակցությանն էլ հաջողվել էր մի անգամ էլ փոփոլանալ, թե գոնե դրսում դեռ «ավտարիտետ ունեն»... 

Ինչպես ասում են, Աստված տա տեսնենք էն լուսավոր առավոտը, որում կպարզվի, որ սրանք ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում անելիք չունեն: Ու որքան շուտ` այնքան լավ: 

Սաթենիկ Գրիգորյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 283, ապրիլի 4, 2003 թ

ՎԱՐԿԱՆԻՇ

   400 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ