...

Բարակ ձայնով մարդկանց ժամանակը

Բարակ ձայնով մարդկանց ժամանակը

ԿԱՐՃԻԿՅԱՆՆԵՐՆ ԱՆՑԱԾ ԼԻՆԵՆ

Ամբոխը իրենից բարձրին չի հանդուրժում: Դրա համար էլ ամբոխ է: Հայտնի ճշմարտություն է՝ գոյատևում է ոչ թե փիլիսոփա Սոկրատեսի սերունդը, այլ նրան մահվան դատապարտածների սերունդը: Միջակների այս սերունդը հետո կարող է մինչև անգամ աստվածացնել նույն Սոկրատեսին, բայց եթե նրա սերունդներից մեկնումեկը պատահաբար ճեղքի-անցնի գլխատումների ու մահապատիժների շղթան, կենդանի մնա ու մի կտոր էլ տաղանդ ժառանգած լինի, ամբոխը նրան էլ ոտնատակ կտա: Մարդկային տեսակի խնդիր է: 

Մարդու այդ տեսակն այսօր հաղթանակ է տոնում: Այսինքն՝ Հայաստանում այսօր մարդու միայն այդ տեսակն է մնացել: Ու հաղթանակ է տոնում բոլոր ոլորտներում: Մարդու այդ տեսակն է, որ չէր կարող հանդուժել Վանո Սիրադեղյանին, որովհետև գորշությունը գեներով և՛ վախ ու ստորաքարշություն էր ժառանգել, և՛ գողանալու-փախցնելու-կլպելու մոլուցք: Ու գողանում էին՝ Վանոյի վրա կատաղած, որ գողանում են ու գիշերները հանգիստ չեն քնում, որովհետև վստահ չեն՝ գողացածից իրենց տված փայ-նալոգը մինչև վերջ հասնու՞մ է, թե՞ ոչ: Հիմա հանգիստ են քնում: Մարդու այդ տեսակն է, որ չէր կարող հանդուրժել Վազգեն Սարգսյանին, որովհետև ոչ միայն տանկի սալյարկան հանգիստ չէր գողանում, այլև չէր համարձակվի մի կուշտ հռհռալ մեր միամիտ հայրենասիրության ու ռազմական ինքնաթիռի վրա Հայոց եռագույնի տեսքից հուզվողներիս վրա: Մարդու այդ տեսակը հիմա էլ գրողների միությունում է ակտիվացել: Էլ չեն ուզում հանդուրժել Հրանտ Մաթևոսյանին: Ոչ միայն չեն ուզում, այլև գենետիկորեն չեն կարող: Ինչպե՞ս կարող են Չարենցին ու Բակունցին մահվան դատապարտածների սերունդներն ու նույնիսկ հատուկենտ ժամանակակիցները Հրանտ Մաթևոսյան հանդուրժել: Նրանք հազիվ հետին թվով Չարենց ու Բակունց են հանդուրժում: Վաղն էլ նրանց սերունդները հետին թվով Հրանտ Մաթևոսյան են փառաբանելու, ու չեն հանդուրժելու որևէ նոր մեծության, եթե մեր հասարակությունը դեռ այդպիսիք ծնելու հատկությունը վերջնականապես չի կորցրել: 

Չեն հանդուրժում, որովհետև Հրանտ Մաթևոսյանի ներկայությունը թույլ չի տալու գրականությունն իջեցնել իշխանահաճո փեշակի մակարդակի, թույլ չի տալու հանգավոր կլյաուզաներով «անարգանքի սյունին գամել» իշխանություններին անհաճո գործիչներին, թույլ չի տալու մեկ-երկու շիշ էժան արաղի դիմաց պոեմներ ձոնել ամեն կիսագրագետ պահեստապետի... Ոչ թե արգելելու է, այլ նրա ներկայությամբ խայտառակությունն ակնհայտ կլինի, ու արաղը կուլ չի գնա: Իսկ գրողներն ուզում են... 

Հրանտ Մաթևոսյանի խնդիրը չէ, գրողների խնդիրն է: Եթե մարդու այս տեսակը գրողների միությունում էլ հաղթի, ուրեմն վարակը համատարած է, գորշացումը՝ վերջնական: 

Հրայր Ավետիսյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 201, մայիսի 17, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1080 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ